Բոլոր Գործընթացները Պէտք է Տեղի Ունենան Իրաւական Հարթութեան Վրայ. ՀՅԴ Գերագոյն Մարմինի Յայտարարութիւնը


Երկրում ընթացող վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ յայտնում ենք, որ օրինականութեան հաստատման, օրէնքի առջև բոլորի հաւասարութեան, անպատժելիութեան մթնոլորտի վերացման ուղղութեամբ ձեռնարկուող քայլերը ողջունելի են։

Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրաւական հարթութեան վրայ՝ օրէնքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանութիւնների և քաղաքական շահարկումների համար։

Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիւ մարտահրաւէրները արդիւնաւէտ յաղթահարելու կարևորագոյն գրաւականն ամուր պետութիւնն է, ազգային միասնականութիւնը և ներհասարակական համերաշխութիւնը։

Արցախի և Հայաստանի շուրջ առկայ ռազմաքաղաքական լարուածութիւնը թելադրում են պետական բոլոր հաստատութիւնների և, առաջին հերթին, Հայոց բանակի հանդէպ հաւատը խաթարող որևէ դրսևորման բացառում։

Համոզուած ենք, որ իշխանութիւնները պէտք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառոյթ, և որևէ հարցի հետապնդման ձև չպէտք է վտանգի այդ համախմբուածութիւնը։

Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008 թ. Մարտի 1ի և նորանկախ պետականութեան նախընթաց ժամանակահատուածի այլ ողբերգական իրադարձութիւնների առարկայական, անաչառ ու համակողմանի քննութիւնը։ Այս առումով Մարտի 1ի դէպքերի կապակցութեամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին և օրուայ իշխանութիւնների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանուել որպէս քաղաքական հալածանք։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

27 Յուլիս 2018 թ.

Երևան

mm to inches