Համոզուած Ենք՝ Քաղաքական Ուժերու Համախոհութեամբ Կարելի է Գտնել Իրավիճակի Հանգուցալուծման Ճիշդ Ճանապարհը․ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի Յայտարարութիւնը


ՀՅԴ յայտարարութիւնը վերջին քաղաքական զարգացումների կապակցութեամբ

Վերջին քաղաքական զարգացումների կապակցութեամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապուած մեր մօտեցումների և դիրքորոշումների վերաբերեալ։

 

  1. Ազգային համաձայնութեան կառավարութեանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանաւորուած է եղել համաժողովրդական շարժումը արդիւնաւորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ մղումով։ Մենք հաւատարիմ ենք եղել մեր պայմանաւորուածութիւններին և փորձել ենք համախոհութեամբ կարգաւորել բոլոր առաջացող խնդիրները՝ անկախ անցնող ամիսների ընթացքում արտաքին և ներքին քաղաքական տարբեր հարցերի վերաբերեալ տարակարծիք մօտեցումներից և գործելաոճի

 

  1. Երևանի ավագանու արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւից մեկնարկած գործընթացը արհեստականօրէն լարուածութիւն հաղորդեց ներքաղաքական կեանքին։ Հասարակութեանը բարիկադներով տարանջատելու, քաղաքական ուժերին յանիրաւի կերպով «սև ու սպիտակի» բաժանելու փորձը, ըստ էութեան, հարցականի տակ դրեց գործընկերային յարաբերութիւնները, իսկ հետագայ զարգացումները փաստեցին, որ դրա համար վստահութեան պաշարը հասել է նուազագոյնի։ Ազգային համաձայնութեան կառավարութիւնից դուրս գալու որոշումը այդ պայմաններում ուղղակի անխուսափելի էր։

3. Շահարկումների տեղիք տուած «Ազգային ժողովի կանոնկարգ» օրէնքում փոփոխութիւնների նախագիծը˒ որին կողմ է քուէարկել Հ.Յ.Դ. պատգամաւորական խմբակցութիւնը˒ որևէ կերպ նպատակ չի ունեցել ձախողել արտահերթ ընտրութիւնների անցկացման շուրջ բանակցային գործընթացը, ընդհակառակը՝ այն միտուած է եղել երաշխաւորել սահմանադրական ճանապարհով և բացառապէս իրաւունքի ուժով Ազգային ժողովի արձակումը։ Մէկ տարուայ ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտութիւնների անցկացման անհրաժեշտութիւնը յստակ ամրագրուած է կառավարութեան գործունէութեան ծրագրում և որևէ կերպ չի վիճարկուել։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացումը ի սկզբանէ ենթադրում էր յստակ քայլեր և գործողութիւններ ընտրական օրէնսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոփումների իրականացման ուղղութեամբ՝ իրապէս ազատ˒ արդար˒ թափանցիկ և ժողովրդավարական ընտրութիւններ անցկացնելու նպատակով։ Այս առումով կարևոր է նաև˒ որ մինչև խորհրդարանական ընտրութիւնները անդրադարձ կատարվի ՀՀ ոստիկանութեան կարգավիճակի փոփոխութեան հարցին` նրա գործունէութիւնն աւելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողութեան տակ դնելու համար˒ ինչը նաև պայմանաւորուած է ընտրական գործընթացներում ոստիկանութեանը կառավարութեան գործունէութեան ծրագրով վերապահուած դերակատարութեամբ։

 

  1. Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների ժամկէտը ամենակարևոր հարցը չէ օրակարգում: Առաւել կարևոր է ընտրութիւնների անցկացման որակը և դրա համար քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի ձևաւորումը, իրաւական և կազմակերպական նախադրեալների ստեղծումը: Օր առաջ քուէակութիւն կազմակերպելու ցանկութիւնը վտանգում է մրցակցային ընտրութիւնների կազմակերպումը և նպաստաւոր պայմաններ է ստեղծում իշխող քաղաքական ուժի համար: Համախոհութեամբ˒ յստակ Ճանապարհային քարտէսով արտահերթ ընտրութիւնների անցկացման օրակարգը, հակայեղափոխութեան վտանգի պատրուակով վիժեցնելու և չհիմնաւորուած փաստարկներով հապշտապ անցկացնելու փորձը անընդունելի նկատելով՝ խորապէս համոզուած ենք, որ պարտադրանքով և սպառնալիքներով տեղի ունեցող քաղաքական գործընթացները երկիրը չեն կարող տանել ճիշդ ճանապարհով։

 

  1. Ազգային ժողովի և պատգամաւորի՝ սահմանադրութեամբ երաշխաւորուած անձեռնմխելիութեան փաստացի վերացմանն ուղղուած բռնութիւնը կամ բռնութիւն գործելու սպառնալիքը միտուած են խաթարելու ընտրութիւնների կազմակերպման բնական ընթացքը: Ուստի գործադիր իշխանութիւնը˒ այդ թւում՝ իրաւապահ մարմինները ոչ միայն պարտաւոր են բացայայտել և վերացնել նման երևոյթները, այլ նաև քրէական պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին:

 

  1. Համոզուած ենք, որ իրավիճակը սրելու˒ պայմանաւորուածութիւնները խախտելու և դաւադրութիւնների կեղծ մեղադրանքները հասարակութեան ուշադրութիւնը ընտրութիւնների համար ազատ և մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից շեղելու փորձեր են: Ստիպուած ենք արձանագրել˒ որ գործ ունենք ուղղակի ժողովրդավարութեան անուան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանութիւն հաստատելու նորօրեայ փորձի հետ։ Վերադարձն անցեալին բացառուած է˒ բայց որպէսզի ներկան և ապագան լինեն երաշխաւորուած՝ անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները։ Համոզուած ենք˒ երկխօսութեան հնարաւորութիւն դեռ կայ և քաղաքական ուժերի համախոհութեամբ կարելի է գտնել իրավիճակի հանգուցալուծման ճիշդ ճանապարհը։

 Հ.Յ.Դ Հայաստանի Գերագոյն մարմին