«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Տնօրէն Կը Նշանակուի Հայկակ Արշամեան


Հայաստան Համահայկական հիմնադրամի տնօրէնի պաշտօնին նշանակուեցաւ Հայկակ Արշամեանը: Այս մասին՝ ըստ «Արմէնփրէս»ի, յայտնեց հիմնադրամի մամլոյ պատասխանատու Անոյշ Մարտիրոսեան:

Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնին դիմած էին 42 թեկնածուներ:

Հայկակ Արշամեանը ընտրեց հիմնադրամի Ֆրանսայի յանձնաժողովը՝ գլխաւորութեամբ ատենապետ Պետրոս Թերզեանի. յանձնաժողովի կազմի մէջ էին Հայաստանի նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետութեան նախագահի ներկայացուցիչները եւ զուիցերիահայ բարերար Ալպերթ Պօղոսեանը:

«42 հոգուց իրենց փաստաթղթերի հիման վրայ առանձնացուել էին 12 դիմորդներ: Արդէն 12ի հետ յանձնաժողովի անդամները հարցազրոյց են անցկացրել, եւ արդիւնքում ընտրուել է Հայկակ Արշամեանը: Նրա թեկնածութիւնը ներկայացուել է մեր հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ Հանրապետութեան նախագահին, այնուհետեւ հաստատման է ուղարկուել հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին:

Ձայների ճնշող մեծամասնութեամբ հաստատուել է Հայկակ Արշամեանի թեկնածութիւնը», յայտեց Անոյշ Մարտիրոսեան:

Հայկակ Արշամեան ծնած է 1971ին, Երեւան։ Ան մասնագիտութեամբ պատմաբան է եւ պատմական գիտութիւններու թեկնածու:

Ան որպէս ծրագիրներու համակարգող աշխատած է Երեւանի մամլոյ ակումբին եւ Տարածաշրջանային ուսումնասիրութիւններու կեդրոնին մէջ: Ան աշխատած է նաեւ «Թրենսփերընսի Ինթերնեշընլ Հայաստան» կազմակերպութեան մէջ, իսկ 2 Յուլիս 2018ին նշանակուած էր Հայաստանի վարչապետի խորհրդական:

1994-1996 եղած է Երեւանի պետական համալսարանի հայոց պատմութեան ամպիոնի դասախօս: 1999-2015 վերադարձած է Երեւանի պետական համալսարանի հայոց պատմութեան ամպիոնի դասախօսի պաշտօնին: 2004-2010 եղած է «Դէպի Հայք» հիմնադրամի ծրագիրներու համակարգող, փոխտնօրէն: 2011-2014 եղած է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ԵՈՒՆԵՍՔՕի կրթութեան կառավարման ամպիոնի դասախօս:

1996-1998 ծառայած է Հայաստանի զինուած ուժերուն. պահեստազօրի սպայ էր:

Կը տիրապետէ անգլերէնին եւ ռուսերէնին: Ունի երկու զաւակ: