Նորմալա… 


Յասմիկ Վ. Գրիգորեան


Մտորումներ` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին

 «նորմալա», ասում է արցախցին անգամ ընտանիքի, կենցաղի հոգսերից, ֆինանսական դժուարութիւններից, աշխատանք լինել-չլինելուց խօսելիս: Քիչ-քիչ սովորում ես, ինչպէս որ սովորում ես արցախցու բերանից յաճախակի հնչող «շուշուայ ուգլը», «գասծինիցին ռաչին», «քինանք պլոշաձը», «քինամըմ պռադուկտովի մագազին», «կամանդիրը քեցալայ պոլկ», «պագորոդուէ» «քեամըմ շկոլը», կամ «ձիւեատի պառալելնին» արտայայտութիւններին: Եւ «նորմալա»ն ռուսածին այլ բառերի շարքում քիչ-քիչ նորմալ է դառնում քեզ համար: Երեւի Արցախում հաւատում են, որ բարձրաձայն ասուած մտքերը տիեզերական մի անբացատրելի օրէնքով կեանք են ստանում, իրականութիւն դառնում:

 Ղարաբաղում ամէն ինչ մի տեսակ ուրիշ է. խօսքը, կենցաղը, օրուայ ռիթմը, բանակում ծառայող զինուորի մայր լինելու զգացումը: Արցախ ոտք դնելուն պէս ամէն քայլափոխի զինուորի համազգեստ ես տեսնում, ու մի տեսակ ուզում ես նմանուել իրենց, գոնէ հագուստի գոյնով, ասես ուզում ես արդարանալ, որ թէեւ մի քանի օրով ես եկել, բայց կիսում ես իրենց հոգսն ու դու էլ ես ջանում մի բան անել, որ արցախցին դպրոց, հիւանդանոց ունենայ, մոռանայ վէրքերն ու խաղաղ երկնքի տակ քնի-արթնանայ: Անդադար գլխումդ պտտուող միտքը, թէ «չկարողացայ որդուս հեռացնել երկրից ու…», ինչը ծանօթ-բարեկամից խնամքով թաքցնում ես Հայաստանում, Արցախում մի տեսակ այլ որակ է ստանում, երբ ընտանիքից երկու-երեք տղամարդ ծառայութեան ուղարկած մօր կամ քրոջ բերանից լսում ես, «բայ ինչ, պիտի ծառայի, նորմալա»: Արցախցու «նորմալա»ն օգնում է քեզ ուղղել մէջքդ ու մտածել «…պիտի  ծառայի, բա տղամարդ չի՞, միայն թէ հեռու մնայ շառից-փորձանքից»: Ու այսպէս, մէկ իջեցնում, մէկ բարձրացնում ես գլուխդ: Ասես Արշակ թագաւորը լինես, որ մէկ խոնարհում էր գլուխը, մէկ` ուղղում մէջքը, ոտքը դնելով մերթ հարեւան երկրի, մերթ` հայոց աշխարհից բերուած հողի վրայ: «Նորմալա», ասում է որդիդ, ասում են ընկերներն ու Արցախում ամէնուր հանդիպող զինուոր-տղաները, ասես երկշաբաթեայ հանգիստն են անցկացնում Քոբուլետիի ծովափին: Ու սիրտդ փլւում է, որ դեռ տղամարդ չդարձած, արդէն տղամարդ են էս մատղաշ զինուոր-տղաները: «Բայ ինչ», մտածում ես «նորմալայ, տղամարդ-տղան նորմալա»:

Ու դու կրկին ու կրկին ձգւում ես դէպի Արցախ, որ հանգիստ ու վստահ ասուած «նորմալա»ից ուժ ստանաս, մինչեւ կը գան ծնողի համար իսկապէս նորմալ ու անհոգ օրեր եւ կը լցուի օջախդ ու հոգիդ:

Այսպէս էր, մինչեւ Ապրիլի 1ի լոյս 2ի գիշերը` յաջորդող օրերով: «Նորմալ չի», տնքում էր ներքին ձայնը: Դէպի իր երազանքները քայլող տղայի մահը նորմալ չի, զաւակին հողին յանձնող ծնողի կսկիծը նորմալ չի, որդուն համբուրելու փոխարէն նրա անկենդան լուսանկարն համբուրելը նորմալ չի, Երեւանի թանկ սրճարաններում սուրճ խմելն ու ֆեյսբուքեան newsերը  սառնասրտօրէն քննարկելն ու ոչինչ չանելը նորմալ չի, գլուխը խլուրդի նման աւազի տակ թաքցնելը մարդ-արարածի համար նորմալ չի, ինչպէս որ հայաստանեան շատ ծնունդ-կնունքներին հայ զինուորի կենացը չխմելը նորմալ չի:

 Չէ՞ որ Արցախում ամէն հաւաք` մեծ, թէ փոքր, սկսւում ու աւարտւում է խաղաղ օրերի, մեր զոհուած տղաների ու սահմանին կանգնած զինուորի կենացներով:

Ապրիլեան օրերի հնարաւոր վերադարձի միտքը հանգիստ չի տալիս: Վերջին  ամիսներին հնչող «յարաբերական հանգստի» միտքն անհանգիստ մտքեր է ծնում, բայց յանկարծ հասկանում ես, որ աշխարհը եղել ու մնում է մի եռացող կաթսայ, որը չի զատում սպիտակը սեւից, ունեւորին չքաւորից, ու լինի դա պատերազմ, երկրաշարժ, ջրհեղեղ, թէ հողի առուծախ, միեւնոյն է, փախուստի ճանապարհը կրկին կը բերի քեզ հայրենիք: Ուրեմն, ինչո՞ւ չմնանք մեր հողում, որ նեցուկ լինենք հայ զինուորին ու կառուցենք մեր օրն ու ապագան, որքան ուժներս պատի: