Ուրիշ Ի՞նչ Տեղեր Կարելի է Տեսնել Հայաստանում


Քանաքեռ, Խաչատուր Աբովեանի Տուն Թանգարան

Անգլիայի Լոնտոն քաղաքի,  Baker street մեթրոյի կանգառում իջնելուց, մարդկանց դիմաւորում է բարձրահասակ ու ժպտադէմ մի տղամարդ Շերլոկ Հոլմզի տեսքով: Բոլորին բաժանում է իր այցետոմսը ու հրաւիրում այցելելու իր տուն թանգարանը:

Տուրիստներ ներգրաւելու համար հետաքրքիր միջոց է ու շատերն են գնում տեսնելու այդ հեքիաթային հերոսի տունը: Գուցէ այցելուները չեն էլ մտածում որ Շերլոկ Հոլմզը ոչ թէ իրական այլ  Արթուր Դոյլի մտքի ստեղծագործութիւնն է ու այդ տունը կառուցուել է  1996 թուականին 92 տարիներ Շերլոկ Հոլմզի ստեղծագործութեան աւարտից յետոյ: Տուն թանգարանները լինում են տները անցեալում ապրող յայտնի մարդկանց, որոնք իրենց կեանքը նուիրել են արուեստի, գիտութեան, գրկանութեան, քաղաքականութեան կամ այլ կարեւոր բնագաւառների զարգացման եւ ուսումնասիրութեան հարցում:

Ինչո՞ւ եմ սկսել նիւթը Շերլոկ Հոլմզի տուն թանգարանով: Առաջին անգամ Հայաստան այցելողները տուրիստական խմբերի ուղղութեամբ այցելում են հիանալի տեսարժան վայրեր, որոնք անկասկած  մեր երկրի գանձերի մի մասն են: Բայց Հայաստանը ունի նաեւ մանրամասն տեղեր, որոնք չեն արձանագրուած որեւէ տուրիստական կամ լրատուական կայքէջերում կամ գրքերում ու  Հայաստան այցելողները կարող են նաեւ վայելել չարձանագրուած տեսարժան վայրերը:

Քանաքեռը գտնւում է Երեւանի հիւսիս-արեւելեան հատուածում: Տաքսիով 15 րոպէում, իսկ հանրակարգով 20-25 րոպէում կարելի է հասնել Քանաքեռ: Բոլոր այն հանրակարգերը, որոնց վրայ գրուած է Քանաքեռ կարելի է օգտուել ու վարորդից խնդրելով նա ձեզ կ՛իջեցնի ճիշտ Խաչատուր Աբովեանի տուն թանգարանի դրան դիմաց:

Քանաքեռը շատ կոկիկ ու գեղեցիկ է: Մտերմիկ փողոցներով ու ցածրայարկ շէնքերով: Թանգարանի բակից արդէն երեւում է որ խնամք է տարւում թանգարանին: Բակում կանգնած է Խաչատուր Աբովեանի արձանը, որը հետաքրքիր պատմութիւնով է հասել Քանաքեռ:

Microsoft Word - ATT03011.docxԻնչպէս գիտէք Աբովեանը 1848 թուականին տնից դուրս է գալի ու այլեւս չի վերադառնում:  Աբովեանի անյետացման 60ամեակի կապակցութեամբ 1908 թուականին որոշւում է մի արձան կառուցել: Արձանը կառուցելու համար յայտարարաւում է մրցոյթ, որի յաղթողները ստանալու էին դրամական նուէրներ: Մրցոյթին մասնակցում են զանազան երկրներում ապրող հայ քանդակագործներ: Փարիզից Անդեաս Տէր Մարաքելեանի նախագիծը շահում է մրցոյթը: Երկու տարի աշխատելուց յետոյ աւարտւում է արձանը, բայց այդ օրերին չկար անհրաժեշտ գումարը արձանը Երեւան տեղափոխելու համար: Վերջապէս 1925ին հաւաքւում է գումարը եւ արձանը Փարիզից ուղղարկւում Երեւան, բայց սխալմամբ հասնում է Թիֆլիս: Չիմանալով թէ դա ինչ արձան է 8 տարիներ մնում է մի ինչ որ պահեստում, մինչեւ որ արձանը ճանաչողները նախաձեռնում են որ 1933 թուականին արձանը տեղափոխուի Երեւան ու տեղադրուի Աբովեանի անուամբ հրապարակում: 1950ին փողոցի վերակառուցման պատճառով արձանը կրկին տեղափոխւում է, սկզբում Երեւանի կրկեսի մօտ, յետոյ Ծիծեռնակաբերդի բլրի վրայ, իսկ 1957ին տեղադրւում է Մանկական երկաթուղու տարածքում Աբովեանի  զբօսայգու մոտ: 1964ին որպէս վերջին տուն, արձանը կանգնեցնում են Քանաքեռում Խաչատուր Աբովեանի տուն թանգարանի բակում:

Բակում երեւում են երկու շէնքեր՝ մէկը թանգարանը, իսկ միւսը Աբովեանի հօրենական  գիւղական տունը: Աստիճանները բարձրանալով մտնում ենք թանգարանի հիմնական սրահը, որտեղ թանգարանի աշխատողները մեզ ծանօթացնում են Աբովեանի կեանքի ու Քանաքեռի անցեալի հետ: Հետաքրքիր է Աբովեանի հանդիպումը Դորպատի Համալսարանի Փրոֆեսոր Ֆրեդրիկ Պարրոտի հետ, որը ցանկանում էր բարձրանալ Արարատի գագաթը: Նրան որպէս ուղեկից եւ թարգմանիչ ընկերակցում է երիտասարդ Աբովեանը: Նրանք անցնում են Արաքս Գետը ու փորձում են բարձրանալ հիւսիսային լանջով բայց փորձը ձախողւում է տաք հագուստ չունենալու պատճառով: 6 որ անց կրկին փորձում են հիւսիս արեւմտեան լանջով, հասնում են 4885մ․ բարձրութեան կրկին իջնում են քանի որ նախքան մայրամուտ չէին հասցնի գագաթ բարձրանալ: 1829, Սեպտեմբեր 27ին երրորդ փորձից  յետոյ յաջողում են նուաճել Արարատի գագաթը:

Թանգարանում նաեւ կան Աբովեանի ձեռագրերը եւ «Վէրք Հայաստան» վէպի առաջին տպագրութիւնները: Պատերին շրջանակուած են  հիանալի նկարչութիւններ, որոնք Գրիգոր Խանջեանի օրիգինալ նկարազարդումներն են «Վէրք Հայաստան» վէպի համար: Եթէ ձեզ հետաքրքրում է նկարչական ուժեղ եւ բնօրինակ գործեր, ապա նաեւ կ՛արժի այցելել Աբովեանի տուն-թանգարանը այդ նկարչութիւնները տեսնելու համար:

Թանգարանի բաժինը աւարտելուց յետոյ թանարանի աշխատողները այցելուներին ուղեկցում են դէպի բակ, այնտեղ դեռ կանգուն է Խաչատուր Աբովեանի հօր, Աւետիքի ձեռքով շինուած գիւղական տունը, որտեղ Աբովեանը ծնուել ու մեծացել է: Բոլոր հին տների նման դուռը փոքր է որպէսզի ներս մտնողը գլուխը խոնարհեցնելով մտնի տուն : Հիմնական սենեակում թոնիրն է դրուած, որ ընտանիքի ճաշելու եւ հաւաքուելու  տեղն է եղել: Այդտեղ են քնել նաեւ  տատիկներն ու պապաիկները, որպէս տան տաք սենեակ: Հիմնական սենեակից ձախ մտնում ենք մառանը, որտեղ պահում էին իրենց գինին, չորացրած մրգերն ու բանջարեղէնները:  Առաստաղից կախուած է խնոցին, պատերի տակ դեռ շարուած են Աբովեանների օգտագործած մանգաղները, մրգահաւագի զամբիւղները, մաղերը , բահերը եւ այլն:

Բոլոր պատերին փակցուած է իւղի լապտերներ, որոնց մէջ ժամանակին լցրել են կենդանական իւղ ու վառել, գիշերները լոյս ունենալու համար: Հիմնական սենեակից աջ մտնում ենք իրենց քնասենեակը: Պատի մէջ տեղադրուած է բուխարին (վառարանը), որ ունեւոր ընտանիքների նշանն է եղել: Սենեակում տեղադրուած են երեք անկողիններ ու փոքրիկ բարուր: Պատի մէջ կայ փոքրիկ պահարանի չափսով փորուածք, որը ծածկուած է վարագոյրով: Այդտեղ է տեղադրուել տան մնացած ներքնակներն, բարձերն ու սաւանները:  Ննջասենեակը ունի փոքր պատուհաններ, բայց քանի որ այն օրերին ապակիններ չկային, գիւղերում օգտագործւել են իւղած բարակ թղթեր, որը թէ ներս են թափանցել արեւի լոյսը եւ թէ պաշտպանել քամուց:

Տուն թանգարանի աշխատակիցները սիրով եւ համբերութեամբ են պատասխանում այցելուների հարցերին, ուրախանում են երբ այցելուներ են լինում: Քանաքեռում կարելի է քայլել ու վայելել գիւղաքաղաքի համեստ ու հանգիստ մթնոլորտը: Տուն-թանգարանից ոչ շատ հեռու երեւում է Սուրբ Յակոբ եկեղեցին որը վերակառուցուել է 1679 թուին երկրաշարժի ժամանակ կործանուած եկեղեցու տեղում: Եկեղեցու արեւմտեան պատին կան գեղաքանդակ խաչքարներ, իսկ եկեղեցու ներսի սիւներին տեսնում ենք իւղաներկ որմնանկարներ, որոնք դրուագներ են Սուրբ Յակոբ Հայրապետի կեանքից:

Նման տեղեր տուրիստական կենտրոնների ծրագրներին մաս չեն կազմում ուրեմն ձեր միւս այցին դէպի Հայաստան կարող էք նաեւ այցելել Քանաքեռ, որտեղ կը տեսնէք մի կոկիկ քաղաք, կը ծանօթանաք Աբովեանի ծննդավայրին, կ՛այցելէք իր տուն թանգարանը ու հանգիստ կ՛առնէք եկեղեցու խորհրդաւոր լռութեան կամ Պատարագ լինելու պարագային, Պատարագի հոգեւոր մտնոլորտին մեջ, ու կը վերադառնաք տուն, բաւարարուած: