Սպիտակ Կինոնկար


Ռուբէն Յովսէփեան


Կաթնաւուն մշուշի միջից, որպէս հեռաւոր ու ցնորական տեսիլք, ուրուագծւում են Արարատի մեծ ու փոքր գագաթները, յաւերժական ձիւները, Վիհ Մասեացը, հսկայ սարի լայն փռուած, կանաչ ստորոտները, որ ձգւում են մինչեւ Արաքս: Ուր որ է` դուրս կը գայ արեւը, կցրի մշուշը եւ տեսիլքը կը վերածուի ամենօրեայ, բայց եւ ամէն պահ անկրկնելի բնանկարի: Իսկ մինչ այդ նորելուկ լոյսը շղարշ է դարձնում մշուշը եւ այս նրբացող շղարշն այլեւս անզօր է թաքցնել չգիտես մեծ սարի՛ց իջած, մայր գետի՛ց ելած, թէ հէնց խորհրդաւոր մշուշի ծնունդ մարդուն: Հնամաշ փափախը գլխին, հանդապահի թրջուած հագուստով, տրեխ հագած ու մահակը ձեռքին մարդը, կարծես պահ առաջ, ջանում է դուրս պրծնել շղարշ դարձող մշուշի ճանկից…

Այսպէս էր սկսուելու նրա հերթական կինոնկարը` «Կարօտը», ըստ Հր. Քոչարի համանուն վիպակի: Յետոյ կարօտի մրմուռից օրէնք ու սահման խախտած Առաքէլի հետ նա պիտի ընկնէր 30ական թուականների անհեթեթ ու դաժան հարցաքննութիւնների ոլորտը, դրուագ առ դրուագ վերապրէր Էրգրում տեսածն ու լսածը, անպաշտպան սիրտը բաց անէր անհաւատների առաջ, զարմանար, զայրանար, պոռթկար ցաւից, վիրաւորանքից, անարդարութիւնից բայց եւ չկոտրուէր, մնար համոզուած, որ «կարօտը թոնրի տակ մնացած անթեղ կրակ է: Կարծես մարել է, չկայ, բայց որ մոխիրը փորփրես` անթեղ կրակը կ’երեւայ, կը կայծկլտայ…Կարօտն էլ կրակ է»:
Թուլացած, անուժ մատներով նա կինոսցենարի վրայ վերջին շտկումներն էր անում ` ականջը դրսի ձայներին: Եւ տառապում էր եւ բզկտում հոգին, որ պատուհանից է միայն կարողանում հետեւել իրադարձութիւնների ընթացքին: «Մէջս ուժ չկայ», ամաչելով խոստովանեց նա մեր վերջին հանդիպման ժամանակ, մահից երկու օր առաջ եւ ես ինձ չեմ ներում, որ չկարողացայ ասել նրան այդ պահին գուցէ թէ ամենակարեւորը. ամաչելու հարկ չկայ, որովհետեւ իրադարձութիւնների աննախադէպ այս որակի մէջ աննշան չէ քո մասնակցութիւնը` արդէն կայացած կինոնկարներով: Մեր կեանքի վերափոխման պահանջը, արդարութիւն հաստատելու մարդկային ցանկութիւնը հասունացաւ նաեւ Հենրիկ Մալեանի արուեստով: Մենք մի փոքր էլ բարիացանք, մի փոքր էլ հայեացանք, մի փոքր էլ խելօքացանք Հենրիկ Մալեանի գոյութեամբ: Լճացման տարիների կեղեքիչ աղաւաղումների մթնոլորտում մենք կարծում էինք` կորցրել ենք ընթերցող, հանդիսատես, մեր ինքնութիւնը, հաւատ ու նպատակ եւ ինչ հրաշալի է, որ սխալուել էինք չարեչար: Մենք կարծում էինք` առաջուայ պէս ուժեղ ենք միայն անհատականութիւններով, իսկ հաւաքականութիւն չունենք: Ինչ հրաշալի դաս տուեց մեզ ժողովուրդը եւ ստեղծագործելու ինչպիսի ոգեւորութիւն… Ոչ, իզուր չեն գրուել մեր լաւ բանաստեղծութիւնները, պատմուածքներն ու վէպերը, իզուր չեն նկարուել մեր լաւ կտաւները, իզուր չեն հնչել մեր լաւ երգերը, իզուր չեն ստեղծուել մեր լաւ կինոնկարները: Իզուր չեն նկարահանուել Հենրիկ Մալեանի ֆիլմերը: Սփոփա՛նք է: Մխիթարա՛նք է նրա թարմ շիրիմի առաջ: Անշուշտ, բայց եւ ցաւն է մեծ, որ այսքան դաժան եղաւ ճակատագիրը, այսքան ժլատ եղաւ կեանքը` խնայեց այն մի քանի կաթիլ աւիշը, որ անհաժեշտ էր «Կարօտը»մեզ յանձնելու համար: Սպիտակ կինոնկար մնաց նրա «Կարօտը»: Նաեւ` «Կոմիտասը»: Եւ էլի շատ գործեր: Հազար ափսոս…