Հարցազրոյց՝ Համազգայինի Թորոնթոյի «Էրեբունի» Պարախումբի Պարուսոյց Նելլի Կարապետեանի Հետ


Պարուսոյց Նելլի Կարապետեան

“«Էրեբունի» պարախումբի երեխէքի մէջ շատ լաւ կորիզ կայ, նրանցից կարելի է ստանալ որակ, կարելի է լաւագոյնը ստանալ։ Իմ ցանկութիւնը այն է, որ նրանք լինեն առաջատար, աշխարhով մէկ ցոյց տան իրենց արուեստը եւ ճաշակ թելադրեն”։

Հարցազրոյցը վարեց՝ Տիրուկ Մարգարեան –Կարապետեան

Ինքնութեանդ խորքը թաքնուած հայու հոգիդ միշտ պատրաստ է արձագանգելու. փոքրիկ առիթ մը, եւ ահա այդ անզուսպ հոգին թռիչք կ’առնէ եւ նոր գոյն կու տայ ներաշխարհիդ։ «Էրեբունի» պարախումբի գեղարուեստական ղեկավար եւ պարուսոյց Նելլի Կարապետեանի հետ հարցազրոյց վարելու համար Համազգայինի թատերասրահէն ներս մտած պահուս «Էրեբունի, Երեւան» երգին բառերն ու երաժշտութիւնը, պարման-պարմանուհիներուն ինքնավստահ քայլերով բեմ բարձրանալը եւ հմուտ մանկավարժ-պարուսոյցին տեղին հնչած թելադրանքն ու բծախնդրութիւնը նորերանգ թեւեր կու տան հոգիիս։

Փորձերը  կը շարունակուին. հոգիիս թռիչքները հազարերանգ գոյներով կը զարդարուին, ապա՝ Տիկին Կարապետեանի հետ ունեցած մտերմիկ հարցազրոյցիս ընթացքին բառը կը գտնէ տիրոջը ու կը դառնայ խօսք, իսկ խօսքը կ՛արժեւորուի բազմավաստակ հայ արուեստագէտի մարդկային տիպարին ներկայութեամբ եւ հարցումներս կը գտնեն իրենց արժանավայել պատասխանները։

-Փոքր հասակէն, Ազատ Ղարիպեանի կանչով սկսած էք կերտել մասնագիտական ճանապարհ։ Հակիրճ տեղեկութիւն կու տա՞ք այդ մասին։

-Փոքրուց սիրահարուած եմ եղել պարարուեստին։ Երբ Սայաթ Նովայի Երաժշտական Դպրոցի դաշնամուրի բաժնում էի սովորում, դաշնամուրի դասերը թողնելով դուրս էի գալիս եւ բարձրանում միեւնոյն շէնքում գտնուող Երեւանի Պարարուեստի Ուսումնարանը եւ հիացմուքով դիտում Ազատ Ղարիպեանի պարախումբի փորձերը։ Ես սիրահարուած էի այդ պարարուեստին։ 1981 թուականին քննութիւն յանձնեցի եւ ընդունուեցի Երեւանի Պարարուեստի Ուսումնարանի Ժողովրդական Պարի Բաժին։ Չեմ մոռանում այդ պահը, երբ Ազատ Ղարիպեանը մօրս ասաց՝ «Աչքերի մէջ շող եմ տեսնում եւ հենց աչքերի համար պիտի ընդունեմ»։ Եւ սկսուեց պարարուեստի այդ եռուն կեանքը եւ հրաշք տարիները։ Առաջին օրից իսկ պարզ էր ինձ համար ու գիտէի, որ ես միսիա (առաքելութիւն-ԹՀ․) ունեմ։ 1986 թուին՝ աւարտելուց, երբ Ազատ Ղարիպեանը կարծես իր վերջին թռիչքն էր կատարում եւ ստեղծում էր «Կռունկ» պարային անսամպլը, ես եղայ անսամպլի հիմնադիրն ու մենապարուհին։ Աւարտական քննութիւնը վերջացնելուց, Ղարիպեանը եւ իր հիասքանչ տիկինը, ժողովրդական արտիստուհի, տնօրէն՝ Թերէզա Գրիգորեանը որոշեցին, որ ես պէտք է մնամ ուսումնարանում։ Եւ ահա սկսուեց իմ մանկավարժական ուղին, սկսուեցին այն օրերը, երբ ես մտնում էի պարասրահ եւ մոռանամ էի, թէ ե՞րբ էր արեւը ծագում եւ ե՞րբ էր մութը ընկնում։ Կարելի է ասել ու իմ երիտասարդութիւնը անցաւ այդ պատերի ներսում… եւ այսպիսով իմ կեանքի մէջ կայանալիք բարձրութիւները իրար յաջորդեցին Հայաստանում եւ արտերկրում։ 1996 թուականին նշանակուեցի Երեւանի Պարարուեստի Ուսումնարանի Ժողովրդական Պարի Խմբի ղեկավար, 1999-ին վերստեղծեցի «Կռունկ» անսամպլը, աշխարհով մէկ շրջեցի, երկիրս ինձ պարգեւատրեց, Եւրոպայում եւ աշխարհի տարբեր երկրներում իմ պատուաւոր հետքը թողեցի, մի խօսքով՝ մասնագիտական ծաղկունքի տարիներս իրար յաջորդեցին։

Ընդմիշտ յարգանքով եմ յիշում Ազատ Ղարիպեանն ու Թերէզա Գրիգորեանը։ Ես երախտապարտ եւ շնորհակալ եմ իրենց կատարած այդ  հրաշք քայլին համար։

-Այսօր կը գտնուիք Թորոնթօ եւ երկար տարիներու ձեր մանկավարժական փորձառութեամբ արուեստ կը պատուաստէք Համազգայինի պարախումբի պատանիներուն։ Ինչպէ՞ս կ’ընթանան ձեր փորձերը։

-«Էրեբունի» պարախումբի երեխէքի մէջ շատ լաւ կորիզ կայ, նրանցից կարելի է ստանալ որակ, կարելի է լաւագոյնը ստանալ այս երեխաներից։ Իմ ցանկութիւնը այն է, որ նրանք լինեն առաջատար, աշխարhով մէկ ցոյց տան իրենց արուեստը եւ ճաշակ թելադրեն։ Եօթը ամիսներ է, որ աշխատում ենք եւ փորձեր ենք անում։ Շաբաթը երկու անգամը շատ քիչ էր, իսկ հիմա` երեք, երբեմն չորս կամ հինգ անգամ ենք փորձ անում՝ ըստ պահանջի։ Ես տակաւին չեմ ստացել իմ ուզած արդիւնքը, որովհետեւ շատ բծախնդիր եմ։ Մի սկզբունք ունեմ՝ «Կամ անել շատ լաւ, կամ էլ չանել»։ Արուեստը նուիրուծութիւն է պահանջում։ Երեխէքը պէտք է իմանան, որ պարը կեանք է ու կեանքը այն շղթան է, որի օղակները պէտք է փակ լինեն. մի օղակը որ բացուեց, էլ շղթան չի ամրանայ։ Պարը սիրտ, զգացողութիւն եւ հոգի ունենալու խնդիր է։ Ես միշտ մեր երեխէքին կողքին եմ, տքնաջան աշխատանքով աշխատում եմ, որ ամէն ինչ լաւ ստացուի եւ յոյսով եմ որ կը ստացուի։

-Տարիներու ընթացքին բազմաթիւ ուսանող եւ շրջանաւարտ ունեցած էք։ Ի՞նչ խորհուրդ կու տաք  ձեր հին ու նոր ուսանողներուն, արդեօք ո՞րն է յաջողութեան բանալին։

-Աշխարհի տարբեր կողմերում ուսանողներ եմ ունեցել եւ նրանց յաճախ ասել եմ եւ կ’ասեմ՝ «Իւրաքանչիւր իրավիճակում, առաջին հերթին մարդ եղէ՛ք։ Մինչեւ ձեր վերջին շունչը մարդ եղէ՛ք։ Երկրորդ հերթին՝ իւրաքանչիւր մասնագիտութեան մէջ պէտք է լինել նուիրուած մասնագէտ»։ Բաւական խիստ եմ եւ պահանջկոտ, բայց ես ինձանից էլ եմ նոյնը պահանջում։ Արուեստը խնայել չի՛ սիրում, պէտք է լինես մի քիչ խենթ, որովհետեւ արուեստը սիրում է խենթերին եւ նուիրեալներին։ Պէտք է լինես կրակ ու կրակովդ բոլորին ջերմացնես։ Մի սկզբունք ունեմ՝ ամէն օր ապրում եմ այնպէս, որ կարծես կեանքիս վերջն օրն է եւ « Էրեբունի» պարախումբի անդամները գիտեն այդ մասին։ Ինչ որ ունեմ տալու՝ տալիս եմ, մարդկային ինչ ասելիք ունեմ ասում եմ, ինչ որ կ’ուզէնայի իրանց մէջ տեսնել՝ ես տա ասում եմ։ Սիրելուց է ծնւում ամէն գեղեցիկ բան, պիտի սիրես ու հարիւր հազար տոկոս տրուես ու նուիրուես, որ հարիւր տոկոսով ստանաս։

-Ես կը հաւատամ, որ մեր հայ երիտասարդներն ու պատանիները լաւ հունտեր են ու խնամքով զետեղուած են Համազգայինի բարեբեր հողին մէջ։ Անոնք կամաց-կամաց պիտի շնչեն, ծլարձակեն, ծաղկին եւ ծառուկներ դառնան։ Դուք ալ կը հաւատա՞ք…

-Այո՛, շատ անուշ բալիկներ կան։ Այնպէս է, որ ես ապրում եմ նրանց հետ այդ քաղցր պահերը։ Շատ տաղանդաւորները ցաւօք սրտի քիչ են լինում, մանաւանդ որ, ցաւ ի սիրտ, «Էրեբունի» պարախմբում պարողները սակաւաթիւ են, իսկ տարուող աշխատանքը բաւական հսկայ եւ մեծ բեմերի արժանի։ Երբ երեխաներից մէկի մէջ մի կայծ եմ տեսնում եւ ուրիշի մէջ այդ մէկը չեմ տեսնում, փորձում եմ նրան էլ այդ կայծը տալ, ասում եմ՝ «Գիտե՛ս, դու կարող ես։ Գիտե՛ս, դու պիտի անես»։ Եթէ կայ մի երեխայ, որ թոյլ է կամ շատ աշխատել չի ուզում ու յաճախ ինձանից լսում է այդ քաջալերական խօսքերը, իմ տիսիփլինի (կարգապահութեան-ԹՀ) հիման վրայ է քայլում ու ամէն ինչ փոխւում է. ուղղակի ժամանակ է պէտք այդ ամէնի համար։ Ահաւասի՛կ, այսօր ես այդ փոփոխութիւնը տեսել եմ այս բեմի վրայ`աշակերտները մեծ ճիգ են թափում լաւը տալու, ու գիտէք ի՞նչ՝  ինձ համար այդ երջանիկ պահը հրաշք է դառնում։

-Պարարուեստը ինչպիսի՞ դեր ունի սփիւռքահայ պատանին եւ երիտասարդը հայրենիքին մօտեցնելու կամ անոր հաղորդակից դարձելու։

-Գիտէ՞ք, ո՛չ միայն պարարուեստը, այլ նաե՛ւ պարարուեստը։ Երբ որ հայ պատանին տուտուկի հնչիւնն է լսում, մի ուրիշ կերպ է զգում, երբ որ տհոլի կամ զուռնայի ձայնն է զգում իր մարմնի մէջ, մի ուրիշ կայծ է առաջանում, այսինքն՝ երբ որ երեխան գիտի իր պարարուեստը, մշակոյթը, ակունքը եւ իր շարժուձեւը, ուրեմն ինքը անկախ իրանից այդ հնչիւններին ազդեցութեամբ սնւում է հայու հոգիով եւ հայկական երանգներով։ Այդ երանգների գունային կամայի փոփոխութեամբ ինքը կերտւում է։ Այդ մէկը լինում է եթէ ինքը ունի այդ զգացողութիւնը, որը նրան տալիս է մի հզօրութիւն։ Օրինակ, երբ մենք քոչարի ենք պարում եւ ձեռք-ձեռքի ենք բռնում, անկախ մեզանից ներշնչւում ենք հայու զգացողութեամբ եւ հայու ոգով։ Պարեր կան որոնց ընթացքում մենք ուսերով կպած այնպէս պիտի պարենք, որ թշնամին անգամ եթէ գայ պիտի չկարողանայ մեզ բաժանել, որովհետեւ հոն պիտի գոյանայ մեր միասնական ուժը եւ ներուժը։

-Ինչպէ՞ս կրնայ բարձրունքներ նուաճել այն երիտսարդը, որը ունի պարելու տաղանդ եւ Աստուածատուր շնորհք։

-Վերջերս, երբ Քիեւի մէջ բազմաթիւ յաջողութիւններու արժանացած պալէտիս՝ «Քիեւ-Երեւան Տրանզիտ»-ի, ուգրանացի պարուհիները Հայաստանում տուտուկի հնչիւնները զգալով, հրաշալի զգացողութեամբ պարում էին, հանդիստեսը ապշած նայում էր նրանց պարերին ու ասում՝ «Ո՞նց կարող է օտարը հայկական պարը պարել այսքան նուրբ զգացողութեամբ»։ Գիտէ՛ք, մարդը կամ պարող է ծնւում կամ չի՛ ծնւում… մարդը կամ արտիստ (արուեստագէտ-ԹՀ․) է ծնւում, կամ չի՛ ծնւում։ Վերջերս, աշխարհով մէկ սփռուած՝ պարարուեստի աշխարհի բեմադրիչների եւ գորիոկրաֆների (պարագիրներու-ԹՀ․) մասին, երրորդ անգամ լինելով, մի գիրք տպուեց, որտեղ նաեւ ես իմ փոքրիկ տեղն եմ զբաղեցնում։ Անցեալները կարդացի այնտեղ գրուած վերջին տողի «Այո՛, եւ չգիտենք ճանապարհները մեզ ուր են տանելու», նախադասութիւնը, որը ես ասել եմ շա՜տ տարներ առաջ։ Երեք տարի ուսանած եւ վերջերս աւարտած սաներս այսօր պարում են աշխարհի տարբեր եւ ամենակարեւոր բեմերում։ Երեսուն տարուայ չափ աշխատանք տարեցի նրանց հետ ու մեկնեցի։  Այդ ճանապարհները ինձ ո՞ւր պիտի տանէին ես չգիտէի, ու ահա ինձ բերեցին Թորոթնթօ։ Նախապէս էլ եղել եմ Գանատայում ու հիանալի պարախումբ եմ ունեցել։ Հիմա էլ «Էրեբունի» պարախմբի երեխէքի մէջ այդ նշոյլը տեսնում եմ եւ նրանց խորհուրդ եմ տալիս ու ասում, որ արուեստը նուիրուածութիւն, հոգի եւ զգացողութիւն է պահանջում։

-Իւրաքանչիւր արուեստագէտ իրեն յատուկ ոճն ու դրոշմը ունի։ Յաջորդ շաբաթ կայանալիք ելոյթին ձեր իւրայատուկ դրոշմը ինչպէ՞ս պիտի արտացոլայ բեմէն ու ներթափանցէ հանդիսատեսին հոգիին։

-Հոգու ձեռագրի ու դրոշմի մասին է ձեր խօսքը։ Կայ անբացատրելի մի գոյն, որը պարարուեստն է, որը անխօս զգացմունքի աշխարհ է, լռութեան մէջ լեցուն խօսքի աշխարհ է եւ այդ լեցուն աշխարհը պիտի փորձենք ներկայացնել հանդիսատեսին։  Այո՛, ես ուզում եմ միասին քայլենք։ Այո՛, ես ուզում եմ, որ այս ձեռագիրը ամէն տեղ տարբերուի։ Այո՛, ես ուզում եմ, որ անցեալ օրուան նման լինի, երբ երեխէքը ֆէսթիվալի (փառատօն-ԹՀ․) մասնակցեցին եւ հակառակ անոր, որ միայն երկու տղայ ունեցող մեր փոքր խմբով բեմ բարձրացան եւ հիացրեցին ներկաներին։ Մենք տակաւին շատ անելիքներ ունենք միասին ու այդ հոգու ձեռագիրը պիտի փորձենք դրոշմել միասնութեան ուժով։

-Պարային ի՞նչ երանգներ պիտի ներկայացնէ՞ք թորոնթոհայ հանդիսատեսին։ Ինչպիսի՞ պարեր ներառած էք ձեր յայտագիրին։

-Սփիւռքում շատ աւելի կարեւոր են ժողովրդական պարերը, ազգային պարերը եւ դասականացուած ազգային պարերը։ Դեռ շա՜տ անելիքներ կան. մեր երեխաները նոր են սկսել ծիլեր տալ։ Երբ մեր մօտ ժողովրդականը յաջող է ընթանում, թանկոյի գոյնն է աւելանում, ապա` գնչուական պար, եւ այսպիսով այլ ժանրեր, բայց ամենակարեւոր շեշտը ժողովրդական պարի վրայ է դրւում, որովհետեւ մենք ունենք հիասքանչ եւ հարուստ պարարուեստ։ Ես միջակութիւնը չեմ սիրում…այնպէս պէտք է պարել, որ օտարն անգամ հիանայ քո պարարուեստով, իսկ դու պէտք է իմանաս քո արմատները եւ շատ լաւ իմանաս քո ժողովրդական պարը, որ կարողանաս դրա վրայ կառուցել նոր աշխարհ։ Ինչպէ՞ս կրնաս կառուցել ժամանակակիցը երբ չգիտես քո արմատը, երբ չգիտես պարային այբուբենը։ Մենք այդ ամէնը գիտակցելով պատրաստւում ենք հանդէս գալու այս բեմից։

-Սփիւռքի մէջ ծնած ու մեծցած հայ մանուկն ու պատանին արուեստի եւ յատկապէս հայկական պարարուեստի միջոցով իր պատմութիւնն ու հայկական ինքնութիւնը ինչպէ՞ս կրնայ պահպանել։

-Ես ուսանողներիս պարի միջոցաւ ներարկում եմ արուեստ։ Պարը կրթում է մարմինը, նրան տալիս է կեցուածք եւ ճկունութիւն, իսկ ներաշխարհի կրթութեան մասին կարող եմ ասել հետեւեալը՝ հայ արուեստագէտը պիտի կարողանայ պատմութիւնը, արուեստը, մշակոյթը  եւ մարդկային յատկութիւնները ամէն կողմերից մատուցի ուսանողին եւ դրանով նոր սերունդը նրա միջից պիտի կարողանայ վերցնել հայկականին մարդագոյնը։ Ես շնորհակալ եմ, որ Հայաստանում եմ ծնուել, կոփուել եւ եկել եմ հոս ու ասում եմ իմ բալիկներին, որ հայը միայն երեք տառ չէ, հայը պէտք է լինի միասնական, մենք պարտաւոր ենք լինել միասնական՝ մեր խմբով։ Չկայ իմը, քոնը այլ բոլորս մի ուղղութեամբ պէտք է գնանք։ Սա մի ընդհանուր աշխատանք է, սա իմս կամ քոնը չի, այլ՝ բոլորիսը։ «Մէկը բոլորին, բոլորը մէկին» եմ ասում նրանց ու տալիս եմ միասնութեան ուժի աննահանջ լինելու դասը։

Հայկական պարը իր մէջ կը բովանդակէ առ Աստուած խոյանալու գաղտնիքը, ու ես լիարժէք համոզուած եմ, որ Յունիս 21-22 ին Համազգայինի բեմէն բարձրացած ծափողջիւնները թարգմանը պիտի ըլլան ձեր տարած նուիրեալ աշխատանքին։