ՀՅԴն` կառավարութեան կառուցուածքին ու Ազգային ժողովի յանձնաժողովներու գործունէութեան հետեւելու նպատակով` ծրագրած է կազմել այլընտրանքային նախագծերու և մօտեցումներու մշակումներով զբաղող յանձնախումբեր: Փետրուար 12ին լրագրողներուն յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեան` աւելցնելով, որ այդ յանձնախումբերը, ըստ էութեան, պիտի դառնան իւրօրինակ այլընտրանքային կառավարութիւն:
Ներկայ դրութեամբ ձևաւորուած է 11 յանձնախումբ, որոնք են`
- Էկոնոմիկա, ներդրումներ, հարկային քաղաքականութիւն և հանրային ֆինանսներ
- Կրթութիւն, գիտութիւն
- Արտաքին քաղաքականութիւն, Սփիւռք և հայրենադարձութիւն
- Սոցիալական հարցեր
- Գիւղատնտեսական, բնական պաշարներ
- Ազգային անվտանգութիւն, պաշտպանութիւն, Արցախ
- Արդարադատութիւն, մարդու իրաւունքներ և Սահմանադրութիւն
- Մշակոյթ, երիտասարդութիւն և սպորտ
- Տարածքային կառավարում, ենթակառուցուածքներ և տեղական ինքնակառավարում
- Առողջապահութիւն
- Շրջակայ միջավայր
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչին խօսքով` յանձնախումբերու ստեղծման նպատակը պիտի ըլլայ կառավարութեան ծրագրի ուսումնասիրութիւնը, առաջարկներ կատարելը եւ կառավարութեան գործողութիւններուն վրայ ուշադրութեամբ հետեւիլը:
«Մեր առաջարկութիւնները և ուսումնասիրութիւնները մինչև շաբաթուայ վերջը կը հրապարակուեն: Մենք համարում ենք, որ կառավարութեան գործողութիւնների ծրագիրը պիտի մի շարք չափորոշիչների և պահանջների համապատասխանի: Պէտք է լինի օրէնք` այդ չափորոշիչները սահմանելու համար», ընդգծեց Սաղաթելեան: