Սումկայիթեան Ջարդեր, Պատմական Զուգահեռներ Եւ Դասեր


Արտաշէս Շահբազեան

1988 թուականի փետրուարի 12-ից Արցախում սկիզբ առած համաժողովրդական խաղաղ ցոյցերի եւ ինքնորոշման պահանջով Ղարաբաղի մարզային իշխանութիւնների իրաւական քայլերի պատասխանը եղաւ Սումկայիթ քաղաքում իրականացուած հայութեան ջարդը: Երեք օր շարունակուած նախճիրը վայրագութեամբ չէր տարբերւում այն եղեռնագործութիւններից, որ դարասկզբին իրականացրել էին թուրքերը եւ նոյն ազերիները: Խորհրդային շինծու ինտերնացիոնալիզմի տասնամեակներից յետոյ սերնդափոխութիւնն անգամ ազերիների ծինային  յիշողութեան մէջ չէր մարել հայ տեսակի նկատմամբ եղած անափ ատելութիւնը: Արդիւնաբերական Սումկայիթ քաղաքը շատ հեռու է գտնւում Արցախից, եւ աշխատանք փնտռելով այստեղ յայտնուած Դաշտային ու Լեռնային Ղարաբաղների հայութիւնը որեւէ առնչութիւն չունէր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձութիւնների հետ: Այնուամենայնիւ, հէնց այստեղ տրուեց Արցախի ըմբոստացման պատասխանը, ինչը նախ եւ առաջ հայ բնակչութեանը ուղղուած զգուշացում էր: Այն նշանակում էր, որ ինքնորոշման իրաւունքի իրացման համար խաղաղ պահանջատիրութեանը Պաքուն հակադրելու է բիրտ ուժը, նկատի ունենալով, որ մայրաքաղաքի, Դաշտային ու Լեռնային Ղարաբաղների հայաբնակ ցրուած բնակավայրերի հայ բնակչութիւնը, այս պարագայում, յայտնւում է պատանդի վիճակում եւ կ՛արժանանայ Սումկայիթի հայութեան ճակատագրին: Ինչպէս հետագայ իրադարձութիւնները փաստեցին, Ազրպէյճանի իշխանութիւնը հէնց այդ ճանապարհով էլ գնաց` հայաթափելով ողջ Դաշտային Ղարաբաղը, թալանով ու սպանութիւններով տեղահանելով Պաքուի հայ բնակչութեանը: Ի վերջոյ, երբ հնարաւոր չեղաւ զանազան մեծ ու փոքր սադրանքներով կասեցնել ազատագրման գործընթացը, Ազրպէյճանը պատերազմ սանձազերծեց տարածքային ու թուաքանակի առումով անհամեմատ փոքր Ղարաբաղի նկատմամբ, որն այդ օրերին ամբողջովին գտնւում էր շրջափակման մէջ: Բարբարոսութեան հարցում փաստելով սեփական գերազանցութիւնը` միաժամանակ հայ ժողովրդին յիշեցւում էր նրա ողբերգական անցեալը (յայտնի է, ի դէպ, որ սումկայիթեան եղեռնագործութեան օրերին Ազրպէյճանում են գտնուել «խորհրդատուներ» Թուրքիայից): Ոչ մի կասկած չկայ, որ եթէ չլինէր արցախցիների ամուր դիմակայութիւնը եւ օգնութիւնը Հայաստանից, ապա Արցախի հողում կրկնուելու էին 1915 թուականի իրադարձութիւնները:

Երբ վայրենացած ամբոխը երեք օր շարունակ գիշատիչական խրախճանք էր սարքել հանրապետութիւններից մէկի երկրորդ քաղաքում, պարզւում է այդ մասին Մոսկուայում «տեղեակ չէին»: Այն դէպքում, երբ հանրապետութիւնների պետական մարմինները եւ ի մասնաւորի անվտանգութեան կոմիտէները, ըստ էութեան, «գլխադասային» մարմինների մասնաճիւղերն էին, եւ բացառւում էր, որ որեւէ վայրում տեղի ունեցող ամենափոքր իրադարձութեան մասին անգամ նոյն պահին ահազանգ չհնչեր կեդրոնում:

Իրականում արցախցիների բարձրացրած խնդիրը ամենացաւոտ հարուածն էր, ինչպիսին կարելի էր հասցնել մեծ կայսրութեանը, որ ձեւաւորուել էր ազգերի իրաւունքների բիրտ ոտնահարման եւ գաղութացման միջոցով: Այնպէս որ, այդ երեք օրուայ դասը Մոսկուային անհրաժեշտ էր, որպէսզի հայութիւնը դադարեցնէր քանդել կաւէ փղի ոտքերի տակի հողը:

Պատմական յաջորդ զուգահեռը յիշեցնում է, թէ ինչպէս ցարական կայսրութիւնն էր հրահրում հայ-թաթարական ընդհարումներ, կամ ինչպէս Ա.  Համաշխարհային պատերազմի օրերին, ռուս-թուրքական գործարքի արդիւնքում, ոչ միայն ռուսական զօրքերը դուրս բերուեցին վերջիններիս իսկ հրահրած եւ հայերին դրա մէջ ներքաշած կովկասեան ռազմաբեմից, այլեւ աւելի ուշ, Արեւելեան ժողովուրդների քոնֆերանսի ոգուն համապատասխան (տեղի է ունեցել 1920թ. սեպտեմբերի 3-8 Պաքւում) դրանից մօտ երկու շաբաթ անց սկսուեց թուրքական նոր արշաւանքը Հայաստանի վրայ, եւ նոր օրհասի առջեւ կանգնած հայութեանը պոլշեւիկեան Ռուսաստանը վերջնագրային ձեւով պարտադրեց յանձնել իշխանութիւնը: Ի դէպ, տրամաբանական էր, որ դրանից յետոյ «յաղթած» նոր իշխանութիւնը հեշտութեամբ թուրքերին դուրս կը հրաւիրէր Հայաստանի Հանրապետութիւնից բռնագրաւուած  40 հազար քառ. քմ տարածքից, բայց իհարկէ չարեց:

Համեմատութիւնը ուղղակի չէ, բայց յիշենք նաեւ, որ սումկայիթեան վայրագութիւնների համար պատասխան տուող չեղաւ, թէեւ այդ ամէնը տեղի էր ունեցել խորհրդային «եղբայրական միութեան» տարածքում, իսկ դատավարութիւնը անցկացուեց Մոսկուայում:

Պատմական զուգահեռների մէջ խորանալով` յիշենք նաեւ, որ երբ նոյն 1920 թուականին հայկական բանակը օրհասական կռիւներ էր մղում անհամեմատ մեծաքանակ եւ հզօր թուրքական ուժերի հետ, Ռուսաստանը տրամադրեց վերջիններին հսկայական քանակութեամբ զէնք, ռազմամթերք եւ ոսկի: Հիմա յիշենք, որ արդէն արցախեան պայքարի տարիներին նոյն ռուսների շնորհիւ էր, որ ազերիները կարողացան գրաւել Գետաշէնն ու Մարտունաշէնը, դատարկուեց Շահումեանը, խորհրդային բանակի «Օղակ» գործողութեան միջոցով հայաթափուեցին ու Ազրպէյճանի հսկողութեան տակ անցան Մարտակերտի եւ Հադրութի բազմաթիւ գիւղերը: Եւ այսօր էլ, երբ Հայաստանը շարունակում է շրջափակուած մնալ Թուրքիայի կողմից, ոչ մի օր վերացած չէ պատերազմի նոր փուլի բռնկման վտանգը Ազրպէյճանի հետ, Ռուսաստանը պատրաստւում է ամենանորագոյն զինատեսակներ տրամադրել Թուրքիային եւ շարունակում է զինել Ազրպէյճանին: Պատմական զուգահեռները ոչ թէ «հակա» տրամադրութիւններ բորբոքելու համար են (դրանց վնասը միշտ աւելի շատ է), այլ` եզրակացնելու համար, որ տարածաշրջանում շահերը չեն փոխուել եւ անել դրանից համապատասխան հետեւութիւններ: Ինչ վերաբերում է Սումկայիթի թեմային, որին էլ նուիրուած է այս անդրադարձը, ապա, ինչպէս հարիւր տարի առաջ, այն հայութեանը տուեց կարեւոր եւ ամենագլխաւոր դասը` հրաժարուել բոլոր տեսակի պատրանքներից (վերակառուցում, ժողովրդավարացում, պատմական արդարութեան վերականգնում եւ այլն) եւ նախապատրաստուել ազատութեան կամ մահուան դիմակայութեան: Ու բարեբախտաբար Սումկայիթից յետոյ հայութիւնը դանդաղ-դանդաղ սկսեց նախապատրաստական միջոցառումները, որոնց շնորհիւ հնարաւոր եղաւ խուսափել նոր Սումկայիթներից եւ յաղթել պարտադրուած պատերազմում: Ազրպէյճանն ու Թուրքիան առնուազն մէկ բան հասկացան, որ հայ ժողովրդի արեան մէջ գոյութիւն ունի թուրքական վայրենութեան դէմ հակադեղը, եւ եթէ այս ժողովրդի ձեռք ու ոտքը չկապեն, նրան յաղթելը դժուար է: Սումկայիթեան իրադարձութիւնները իրենց ողջ ողբերգականութեամբ վերահաստատեցին ուղիղ հարիւր տարուայ վաղեմութեան, Սարդարապատից առաջ Արամ Մանուկեանի հնչեցրած կոչը` մենակ ենք եւ յոյսներս մեզ վրայ պիտի դնենք: