ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեան Արցախի Հանրապետութեան անկախութեան օրուան առիթով ուղերձ յղած է։ Ստորեւ ուղերձը․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ ձեզ Արցախի անկախութեան տօնի առթիւ: Արցախի ժողովուրդն իր ընտրութիւնը կատարեց պատմական շատ բարդ իրավիճակում` հռչակելով անկախութիւն:
Անցած 27 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցաւ պատերազմների, աւերների, մարդկային կորուստների եւ բազում այլ ծանր փորձութիւնների միջով: Բայց, այդ ամէնով հանդերձ, Արցախի Հանրապետութիւնը կայացաւ: Արցախի Հանրապետութեան անցած 27 տարիները ոչ միայն հերոսական պայքարի, այլեւ մեծ յաջողութիւնների եւ ձեռքբերումների պատմութիւն են:
Հայաստանի եւ սփիւռքի հետ ուս-ուսի` Արցախն այսօր շարունակում է ապրել ու զարգանալ: Թաւշեայ յեղափոխութեան յաղթանակը Հայաստանում եւս մի վկայութիւն է հայոց ազատասէր ոգու եւ անկոտրում կամքի: Հայաստանը, Արցախն ու սփիւռքը այսօր աւելի ուժեղ են, որովհետեւ աւելի միասնական են եւ աւելի ազատ:
Մարդու ազատութիւնը, ժողովրդավարութիւնն ու ազգի ազատութիւնը մեզ համար անբաժանելի եւ անբեկանելի արժէքներ են: Արցախի Հանրապետութեան եւ Արցախի հասարակութեան բազմակողմանի զարգացումը ողջ հայութեան կարեւորագոյն նպատակներից է եղել եւ այսուհետ եւս լինելու է:
Արցախի անվտանգութիւնը մեր ամենօրեայ ուշադրութեան կենտրոնում է: Արցախի ճակատագիրը համայն հայութեան գուրգուրանքի առարկան է: Այդպէս է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք յանգել խնդրի խաղաղ եւ արդարացի լուծման:
Սիրելի՛ արցախցիներ,
Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս գեղեցիկ տօնի կապակցութեամբ:
Գլուխ եմ խոնարհում Արցախի ազատութեան համար զոհուածների յիշատակի առջեւ:
Մաղթում եմ խաղաղ երկինք, արդար վաստակ եւ ամենայն բարիք:
Կեցցէ՛ ազատութիւնը:
Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը: