Ապրիլեան Քառօրեայէն Երկու Տարի Անց


ԵՐԵՒԱՆ, «Արմրատիօ».- Լրագրող Լիլիթ Մուրադեան կը հաղորդէ.

«Եռաբլուր»  պանթէոնում հոգեհանգստի կարգ է, խնկարկում ի յիշատակ ապրիլեան  պատերազմում զոհուած հայորդիների: Նշանառու Գրիգոր Յարութիւնեանի մայրը՝ տիկին Անահիտն է խաչակնքում ու աղօթում որդու համար: Ուժերիդ գերլարումով մօտենում ես նրան ու  փորձում ես զրուցել: Նա արդէն յստակ գիտի ի՞նչ հարց են իրեն ուղղելու: Ասում է՝ ցաւը չի  մեղմացել:

Յետոյ արդէն ասում բազմաթիւ անգամ պատմածը՝  ո՞վ, ինչպէ՞ս իրեն տեղեակ  պահեց որդու զոհուելու մասին. Ասում է, որ   մինչ լուրը կը հասնէր նրան՝ սիրտը վատ բան էր  կանխազգում: Գիշերը մի քանի անգամ արթնացաւ սրտի ծակոցից, քնած տեղը լսել էր որդու ձայնը՝  յետոյ ինքն էր հանգստացրել այն յոյսով,  որ որդու հետ խօսել էր  Մարտի 31ին:

Տիկին Անահիտն շտապում էր տուն: Միւս որդին, ով այս պահին ծառայում է բանակում, զինուորական արձակուրդ էր եկել:

Առաջին անգամ զինուորները չլսեցին հրամանատարին, անհաւասար պայքարը շարունակւում էր… Քեարամ Սլոյեանը, Ռոբերտ Աբաջեանը, Անդրանիկ Զոհրաբեանը զոհուեցին իրենց հրամանատարի հետ:

«Եռաբլուր»  պանթէոնում Քեարամի մայրն է: Նախօրօք մտածուած սփոփանքի  բոլոր խօսքերն անիմաստ են թւում, սկսում ես բառեր փնտռել, բայց նրանք այնքան ուժեղ են, որ իրենք են քեզ օգնութեան հասնում: Քեարամի մայրն ասում է, որ միւս որդուն ճանապարհում  է հայոց բանակ ու նոյն պահին էլ  յաւելում՝ հպարտ է իր Քեարամով:

Եթէ Մարտակերտում չլինէին Ուրֆանեանի նմանները, հիմա Մարտակերտ քաղաքը հակառակորդի ձեռքում կը լինէր: Ապրիլից յետոյ շատ բան փոխուեց, սակայն  մի բան մնաց անփոփոխ՝ եղած դէպքում այսօր էլ պատրաստ են մեր տղաները հակառակորդին հուժկու հարուած հասցնել: Արմէնակ Ուրֆանեանի մայրիկին չի սփոփում հերոսի մայր լինելու գիտակցումը:

Յանկարծ նկատում եմ, որ «Եռաբլուր» պանթէոն են բարձրանում ապրիլեան  պատերազմի մասնակիցները, որոնցից շատերն այսօր բուժւում են  նորաբաց վերականգնողական կենտրոնում: Յովհաննէս Պօղոսեանն է, յիշում է, որ  գիշերը պայթիւնի ձայն է լսել, որից յետոյ էլ սկսուել են հիմնական գործողութիւնները:

Ապրիլեան պատերազմը մեծ դաս էր: Ու  այս երկու տարուայ ընթացքում բազմաթիւ փոփոխութիւնները զգալի են` ասում  է  ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Մովսէս Յակոբեանը:

Հաւելում է, որ այն խնդիրները, որոնք կային ապրիլեան պատերազմի ժամանակ, դրանց լուծման համար համապատասխան միջոցներ են ձեռնարկուել: Հակառակորդը այդպիսի ռազմական գործողութիւն այլեւս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է:

Սակայն լրագրողներին հետաքրքում էր ապրիլեան  պատերազմի ժամանակ կորցրած  Լելէ-թեփէի բարձունքը  արդեօ՞ք  ռազմավարական նշանակութիւն չունի, ինչպէս պնդում էին  ՀՀԿ-ական գործիչներն ու արդեօ՞ք դրանով է պայմանաւորուած, որ քայլեր չեն արւում կորցրած տարածքները հետ բերելու ուղղութեամբ:

«Հայրենիքը Հանրապետական կուսակցութեանը չէ, եւ հայ ժողովուրդն է որոշելու»:

Նրա խօսքով` Լելէ Թեփէն ռազմավարական նշանակութեան տարածք չի համարւում:

ՀՀ պաշտպանութեան նախարարն Վիգէն Սարգսեանն էլ Եռաբլուրում յայտարարեց, որ պայքարը չի սկսւում եւ աւարտւում Լեռնային Ղարաբաղում:

Եզրափակելով խօսքը` պաշտպանութեան նախարարը նշեց, որ չի կարծում,  թե   պաշտպանութեան որեւէ նախարար երբեւէ պէտք է իրաւունք ունենայ նայելու հասարակութեան աչքերին ու ասելու, որ ամէն ինչ արել են, ամէն ինչ փայլուն է ու որեւէ խնդիր չկայ: