Ապրիլ 24. Ինչպէ՞ս է Այս Օրը Մտել Հայոց Մէջ


Թաթուլ Յակոբեան

Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը Ապրիլ 24ին է նշւում, քանի որ 1915ի այդ օրը Պոլսի հայ մտաւորականութեանը Հայդարփաշայ երկաթուղային կայարանից ուղարկեցին մահուան ճամփորդութեան:  Հէնց այդպէս սկսուեց Արեւմտեան Հայաստանում հայ ժողովրդի տեղահանման եւ բնաջնջման ծրագիրը, որը շարունակուեց մի քանի տարի:

Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին եկեղեցիներում յիշատակւում էր Ապրիլ 24-ը, իսկ յետագայում` մինչեւ 1965թ. զարթօնքը, 1915 թուականը պաշտօնապէս կամ հասարակական լայն շրջանակներում չէր նշւում: Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը որպէս հարազատների ու մերձաւորների յիշատակի օր յիշւում էր ընտանիքների ներսում միայն:

Առաջինը երգիծաբան Երուանդ Օտեանն է Պոլսի «ժամանակ» օրաթերթում առաջարկել 1915ի անմեղ զոհերի համար յիշատակի յատուկ օր ընդունել եւ ոգեկոչել այդ օրը: Իսկ գրող, Վաղարշապատի դպրոցների տեսուչ Վրթանէս Փափազեանը նամակով դիմել է Գէորգ Է Ամենայն հայոց կաթողիկոսին` առաջարկելով ապրիլի 24ը յայտարարել Նահատակների օր ի յիշատակ հայ մտաւորականների, ովքեր 1915 թ. Ապրիլի 23ի լոյս 24ի գիշերը ձերբակալուեցին Պոլսում եւ Հայդարփաշայ կայարանից տարուեցին դէպի Այաշ, Չանղըրը եւ միւս սպանդանոցնէր:

Մի քանի օր անց կաթողիկոսի դիւանը շրջաբերականով (ըստ այլ տեղեկութիւնների` նաեւ կաթողիկոսական կոնդակով) հրահանգել է Ապրիլ  24ն ընդունել որպէս Մեծ եղեռնի զոհերի յիշատակի օր եւ բոլոր եկեղեցիներում այդ օրը մատուցել հոգեհանգստեան պատարագ:

Մինչեւ քեմալականների վերջնական յաղթանակը եւ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումը 1923ին, հայութիւնը Ապրիլ 24ը նշուել է նաեւ Պոլսում: Այսպէս, եթէ Երեւանում լոյս տեսնող «Խորհրդային Հայաստան» պաշտօնաթերթի 1922 թուականի ապրիլեան համարներում անդրադարձ չկայ Մեծ եղեռնին, ապա Պոլսի հայկական թերթերը բաւական տեղ են յատկացրել:

ՀՅԴ Պոլսի «Ճակատամարտը»  օրաթերթը ընթերցողներին տեղեկացրեց, որ “համաձայն Հայրապետական կարգադրութեան, առաջիկայ երկուշաբթի օրը` Ապրիլ 24ը, Ազգային տօն է հռչակուել ի յիշատակ մեր բիւրաւոր նահատակների, նոյն օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում պիտի մատուցուի Պատարագ եւ կատարուի  հոգեհանգիստ»: «Ըստ այս Հայրապետական հրամանի, յանձնարարում ենք նոյն օրը փակել թաղի բոլոր ազգային վարժարանները եւ եկեղեցիներում մատուցել Սուրբ Պատարագ եւ կատարել հոգեհանգստեան պաշտօն ի յիշատակ նահատակների”,- գրեց «Ճակատամարտը»:

Ապրիլի 25ի համարում «Ճակատամարտը» շարունակեց. «Երէկ կէսօրին անհամար բազմութիւն էր հաւաքուել Շիշլիի ազգային գերեզմանատանը` յարգելու յիշատակը Ապրիլ 24 զոհերի: Դաշնակցութեան կողմից խօսեց Ամատունին, հնչակեանների կողմից` Սեդրակ Քառեանը: Հայ Արուեստի Տան անունից խօսեց Վահան Թէքէեանը: Նա ասաց, որ եկել ենք խոնարհուելու մեր մեծ մեռելների յիշատակին: Հայ երիտասարդութեան անունից խօսք ասաց Միսաք Մանուշեանը. “Ամբողջ ժողովրդի կէսը դարձել է յուղարկաւորը միւս կէսին: Մեռելներ, մեռելներ, մեռելներ` 7 տարի առաջ, 13 տարի առաջ, 27 տարի առաջ»:

Հայոց ցեղասպանութիւնից փրկուածները, ովքեր ապաստան գտան Խորհրդային Հայաստանում, չէին կարող բարձրաձայնել իրենց պատուհասած ողբերգութիւնը, քանի որ Թուրքիայի եւ Խորհրդային Միութեան միջեւ հաստատուել էին բարեկամական յարաբերութիւններ: Հայութեան ընդհանուր ցաւը եւ հաւաքական յիշողութիւնները պարփակուել ու “կողպուել էին” առանձին ընտանիքների ներսում:

Ապրիլ 24ը Խորհրդային Հայաստանում սկսեց նշուել միայն 1965ից: Երկու տարի անց Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցուեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի եւ վերապրածների յուշահամալիրը: Այդ կառոյցի թոյլատուութիւնը Մոսկուայից ստանալու հարցում կարեւոր դեր կատարեց այն ժամանակուայ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Եակով զարոբեանը:

Խորհրդային Հայաստանի մէկ այլ առաջնորդի` Կարէն Դէմիրճեանի ղեկավարման տարիներին,  մտցուեց Ապրիլ 24եան «Լռութեան րոպէն»:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-պետրոսեանի ղեկավարման տարիներին Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցուեց թանգարան, որը յետագայում անուանուեց թանգարան-ինստիտուտ: Թանգարանը բացուեց 1995ի Ապրիլի 24ին` Հայոց ցեղասպանութեան 80րդ տարելիցի օրը:

Լուսանկարը` Սուրէն Մանուէլեան