Արցախեան Օրագիր


Հրթիռակոծուած Ստեփանակերտէն պատկեր մը

Արցախէն Անոյշ Շահրամանեան կը գրէ.

 

Խաղաղ ժամանակ միշտ ինչ-որ բան պակաս է կամ խանգարում է լիարժէք բաւարարուած ու երջանիկ լինելու համար, պատերազմի ժամանակ յիշողութիւնը ջնջւում է, էլ ոչ մի ցաւ, էլ ոչ մի վիրաւորանք ու ձախորդութիւն չես յիշում, անգամ կարօտում ես ու ծիծաղում ինքդ քո վրայ, թէ ինչի համար էիր տխրում, ինչից էիր քեզ դժբախտ զգում. հիմա ողջ մնալը իրական յաջողութիւն ա, մարդիկ ուրախանում են, երբ իրենց որդին վիրաւորւում ա, անգամ եթէ ծանր ա վիրաւորուել, հաշմանդամ ա դարձել, փառք են տալիս դրա համար Աստծուն, որ փրկուել ա որդին մահից, որ մի անգամ էլ սիրելի դէմքը տեսնելու հնարաւորութիւն ունեն, զոհուածի ծնողը իրեն սփոփում ա, որ գոնէ որդու մարմինը գտնուեց, յուղարկաւորութիւնը պատշաճ կազմակերպեց… բա որ էդ էլ չլինէր…պատերազմը շուռ ա տալիս աշխարհը, հոգիդ, մտքերդ, երազանքներդ, աշխարհայեացքդ, չի արժէզրկում կեանքը, հակառակը, գուցէ արժէզրկում է մահը, իսկ կեանքն աւելի քաղցր է դառնում, քան երբեւէ…

 

######

 

Պայթիւնները հեռու ու մօտիկ, նկուղային անյարմար կեանքը, մեռնելու վախը, տագնապն ու յոյզերը հօդս են ցնդում, երբ զոհուած ու վիրաւորուած, արիւնաքամ եղած սիրու՜ն, ջահե՜լ տղաների ես տեսնում, երբ չգիտես ինչ անես իր համար, որ ցաւերը մեղմացնես, ստիպուած բարձրաձայն աղօթում ես, ուրիշ բան ձեռքիցդ չի գալիս, վախերդ չքանում են, ունեցածներիդ համար էլ ամօթ ես զգում, միայն մի բանի համար ես հաշտ, որ էստեղ ես, որ ճանաչեցիր պատերազմը,  որ էլ երբեք-երբէք «պատերազմի լաւ կողմը էն ա» ու դրա նման արտայայտութիւններ չես անի, պատերազմը վերջն ա, հէնց ինքը դժոխքն ա: