«Գիւմրի՛, Ես Քեզ Գիտեմ Ու Սիրում Եմ». Նախագահ Արմէն Սարգսեանի Բաց Նամակը Գիւմրիին


 «Արմենփրես»․- Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան բաց նամակ յղած է Գիւմրիին։ Նամակը  տպագրուած է ՀԲԸՄ ամսագիրի Դեկտեմբերի թիւին մէջ։  

«Սիրելի՛ Գիւմրի,

 Երբ դու կարդաս այս խօսքերը, հազարաւոր մարդիկ` հեռւում եւ մօտիկ, հարազատ ու անծանօթ, յարգանքի տուրք մատուցելիս կը լինեն քեզ պատահած մեծ աղէտի` 1988 թուականի Դեկտեմբերի 7ի երկրաշարժի զոհերի յիշատակին: Ես կը լինեմ նրանց շարքում` վերյիշելով այն սարսափելի օրը, երբ ժամանակը կանգ առաւ ճիշտ 11:41ին` ընդմիշտ փոխելով քո ճակատագիրը: Այսօր կատարուածից անցել է 30 տարի, եւ անհնար է նայել հետ` առանց հայեացքը դէպի ապագայ ուղղելու: Այլ կերպ լինել չի կարող:

Դու քո երկրին ու աշխարհին առաջարկելու շատ բան ունես: Ապագայ սերունդների հետ հին աշխարհի շատ պատմութիւններ ունես կիսելու: Չափազանց շատ հպարտութիւն եւ լաւատեսութիւն, որը կ’առաջնորդի դէպի նորացուած, վերականգնուած ու հզօրացած ապագայ: Ես այս ամէնից տեղեակ եմ ոչ թէ միւսների պատմութիւնների, այլ սեփական փորձառութեան միջոցով, որն ունեցել եմ քեզ հետ իմ կեանքի ընթացքում:

1960 թուականին ես երեխայ էի, երբ հայրս, ով երիտասարդ ու տաղանդաւոր ճարտարապետ էր, ինձ ներկայացրեց քեզ: Մենք բացայայտեցինք Արփաչայը եւ անմիջապէս քո սահմանից այն կողմ գտնուող հայոց հնագոյն մայրաքաղաքի` Անիի աւերակները:

Իմ հայրը հիանում էր քեզ բնորոշ ճարտարապետութեամբ` սեւ եւ կարմրաւուն տուֆից կառուցուած կամարակապ շինութիւններից մինչեւ բակեր, եկեղեցիներ, խորհրդային շրջանից լաւ ու վատ շինութիւններ: Նա ուզում էր, որ ես ճանաչեմ քեզ, Գիւմրի՛, քանի որ նրա նախնիները կապուած էին քեզ հետ: Նրանք սերում են Էրզրումի շրջանից, Ձիթող գիւղից:

Նրանք այն նոյն մարդիկ են, ովքեր վերաբնակեցրին քո հողերը 19րդ դարում` փախչելով պատմական հայկական հողերի վրայ օսմանեան ղեկավարների հետապնդումներից: Նա ինձ տարաւ քո ազգագրական թանգարան` Ձիթողցոնց տուն (ժողովրդական ճարտարապետութեան եւ քաղաքային կենցաղի թանգարան), որտեղ ներկայացւում են այն մարդկանց կեանքն ու ապրած ժամանակները, որոնցից սերում են քո բնակիչներից շատերը: Նրանք խօսում են մեր ընտանիքի նախնիների լեզուով, որն արմատներ ունի դասական արեւմտահայերէնում: Սա, ի հարկէ, վերաբերում է այն մեծ թուով գրողներին ու պոէտներին, որոնց ծնել ես դու, ինչպէս` Աւետիք Իսահակեանը եւ Յովհաննէս Շիրազը:

Դու նաեւ տունն ես մեծ քանդակագործ Սերգէյ Մերկուրովի եւ փիլիսոփայ ու կոմպոզիտոր Գէորգի Գիւրջիեւի: Անգամ քո աւանդական հագուստն ու ժողովրդական պարերը տանում են Էրզրումից եկող քո ճանապարհով ` դառնալով անցեալն ու ապագան կապող իւրօրինակ մի կամուրջ: Իմ հայրը նաեւ ինձ բացատրեց, որ դու վարպետների քաղաք ես, նա քեզ հէնց այդպէս էր անուանում: Մինչ օրս դու հպարտանում ես լաւագոյն արհեստաւոր վարպետներով, ովքեր աշխատում են մետաղների, փայտի ու քարի հետ:

Այս «ուստաները»(հպարտ վարպետները) դեռ կրում են իրենց լաւագոյն օրերի հանդերձանքը եւ շարունակում են այն աւանդական տեխնիկան ու միջոցները` բացառիկ որակ հաղորդելով քո ապրանքներին, որոնց նմանն անհնար է գտնել թէ՛ Հայաստանի ներսում, թէ՛ Հայաստանից դուրս: Այդ ժամանակ ինչպէ՞ս կարող էի իմանալ, որ 28 տարի անց իմ հօր Գիւմրին նման աղէտի առաջ կը կանգնի: Դա խորը ցնցում էր, որը իմ հայրը չապրեց, քանի որ հեռացաւ կեանքից ընդամէնը չորս տարի անց այն էքսկուրսիայից, որն իմ սիրտը բացեց քո առջեւ: Անմիջապէս երկրաշարժից յետոյ համալսարանի իմ շատ գործընկերներ, մասնաւորապէս ուսանողները, շտապեցին օգնել քեզ: Մենք վստահ չէինք, որ կառավարութիւնը կարող է բաւարար քայլեր ձեռնարկել` հաշուի առնելով աղէտի մասշտաբները: Բառեր չկան նկարագրելու, թէ ինչ տեսանք: Սակայն բոլոր աւերածութիւններից ու արցունքներից անդին` Գիւմրիի գեղեցկութիւնը, որը ես տեսել էի հօրս աչքերում, ինչ-որ կերպ շարունակեց մնալ իմ մտքում:

Ութ տարի անց ես վերադարձայ քեզ մօտ` այս անգամ արդէն որպէս քո վարչապետ: Քո վնասուածքի մնացորդները դեռ պահպանւում էին քո շուրջ: Ուստի սպասում էի, որ դու ինձ դառնութեամբ կը դիմաւորես, քանի որ մեր կառավարութիւնը պատերազմի դժուարութիւնների ու անկախութեան վաղ շրջանի ցաւերի պատճառով քեզ այն ուշադրութիւնը չէր դարձնում, որին արժանի էիր: Սակայն, ի զարմանս ինձ, դու ինձ դիմաւորեցիր ջերմութեամբ եւ երախտագիտութեամբ: Վերապրածներից շատերն ինձ հրաւիրեցին իրենց տնակներ այնպիսի մեծահոգութեամբ եւ հիւրընկալութեամբ, որը ես երբեք չեմ կարողանայ մոռանալ: Նրանց կողմից արուած հիւրասիրութիւնը, նրանց երգերն ու արտասանած բանաստեղծութիւնները, ի հեճուկս սուղ ու խեղճ պայմանների, վառ վկայութիւնն էին գիւմրեցու յայտնի մեծահոգութեան, որը ես երբեք մոռանալ չեմ կարող: Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գիւմրի՛, ես շարունակում եմ մտածել նախ եւ առաջ որպէս հայ, որպէս մարդ, ով լաւ գիտի, թէ ինչ է Գիւմրին, ով է գիւմրեցին: Այո, ինձ բախտ է վիճակուել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրաւչութիւնը: Սակայն քո բացառիկ բնաւորութիւնն ու ոգու մաքրութիւնն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մօտ:

Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպէս նաեւ մեր Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի մեր հայրենակիցներին ասում եմ` ինչպէ՞ս կարող են չսիրահարուել քեզ այնպէս, ինչպէս ես սիրահարուեցի: Ես ուզում եմ, որ նրանք վայելեն քո համերն ու բոյրերը, քեզ յատկանշական աւանդոյթներն ու համեղ խոհանոցը, ինչպէս նաեւ ճանաչեն քո ժողովրդի խելքն ու իմաստնութիւնը: Ես կ’առաջարկեմ առաւօտեան այցելել քո եկեղեցիներից մէկը` ինչպէս յաճախ ես եմ անում, գնալ շուկայ: Ես յաճախ կանգ եմ առնում սրճարանում` մի բաժակ սուրճի շուրջ ծանօթ-բարեկամների հետ «խօսք ու խորաթաէ անելու, կշռելու աշխարհի չարն ու բարին: Թէ յաջողւում է` միանում եմ նրանց Արփաչայի ափերին` մի վայր, որն իր մէջ շարունակում է պահել երիտասարդ տղայի ու նրա հօր յիշողութիւնները` կապուած իրենց նախնիների անցեալի հետ: Ես նաեւ փորձում եմ այցելել քո հին աշխարհի արհեստաւորներին` դարբիններին, փայտագործներին ու կաւագործներին: Լինում եմ հին պանդոկներում, որտեղ տարածւում են Գիւմրիի լեզուն ու խօսքը, որտեղ խօսւում են իւրօրինակ բարբառով, որն արտացոլում է քո աւանդոյթներն ու քաղաքի հպարտութիւնը:

Կարո՞ղ ես գուշակել, թէ ինչու է ինձ համար ցաւի ու ամօթի աղբիւր այն, որ տարեկան 30 հազարից էլ քիչ զբօսաշրջիկ է այցելում քեզ: Այդ թիւը պէտք է տասն անգամ աւելի լինի: Ես հաւատում եմ, որ դա բոլորի պարտականութիւնն է այստեղ` Հայաստանում եւ Սփիւռքում` անել հնարաւոր ամէն բան` վերադարձնելու քեզ քո բազմամեայ շքեղութիւնը: Ի հարկէ, կը գտնուեն մարդիկ, ովքեր կը հարցնեն, թէ ինչպէս ես դու տեղաւորելու 300 հազար զբօսաշրջիկների առանց նախ եւ առաջ գումար ծախսելու աւելի շատ ռեստորաններ, սրճարաններ ու հիւրանոցնէր բացելու վրայ: Սրան ես կը պատասխանեմ` որպէս սկիզբ առաջարկելով մէկօրեայ այցերը: Միայն սա կը խրախուսի ներդրողներին կառուցել, վերանորոգել եւ վերականգնել քո պատմական թաղամասը: Ինչպէս տեսնում ես, հին աշխարհի քո էութիւնը քո առաւելութիւնն է Երեւանի ու միւս քաղաքների նկատմամբ: Ի վերջոյ, մեր օրերի Երեւանը արդիականացման արդիւնքում կորցրել է իր պատմութեան եւ ժառանգութեան մեծ մասը: Երեւանի հին հատուածն ամբողջութեամբ վերացել է, ուստի մենք մեր հայեացքը դարձնում ենք դէպի քեզ, Գիւմրի՛, բաւարարելու մեր ժառանգութիւնը հասկանալու ու գնահատելու ձգտումը: Քո շատ կ’առոյցնէր հին են, սակայն դրանք պատմամշակութային կառոյցներ են, դրանցից իւրաքանչիւրը շատ արժէքաւոր է, ունի իր իւրայատուկ ատրիբուտները (յատկութիւնները(: Ես, օրինակ, մտադիր եմ մասնակցութիւն ունենալ որեւէ կառոյցի վերականգնման գործում: Եւ ես խրախուսում եմ միջոցներ ու հնարաւորութիւն ունեցող անձանց միանալ ինձ: Այս օրերին Երեւանից ցանկացածը կարող է հիւսիս-հարաւ մայրուղիով հասնել քեզ 45 րոպէից էլ քիչ ժամանակում ընթացքում: Ուստի ես հարցնում եմ ինքս ինձ` ինչո՞ւ մենք չենք կարող մեր երեխաներին ու ընտանիքին մէկ օրով կամ հանգստեան օրերին էքսկուրսիայի տանել Գիւմրի` այն դէպքում, երբ Հայաստանից աւելի քան 1 մլն զբօսաշրջիկ տարեկան այցելում է Վրաստանի Հանրապետութիւն: Հաշուի առէք, որ 500 ԱՄՆ դոլար արժողութեամբ հանգիստը Վրաստանում, բազմապատկած 1 միլիոն մարդկանցով, Վրաստանի զբօսաշրջութեան մէջ ապահովում է 500 մլն ԱՄՆ դոլար: Նման մեծ ռեսուրսները (աղբիւրները( կարող են ռեկորդային (շատ կարճ) ժամանակում վերականգնել քո վեհութիւնը: Հաւատացած եմ, որ մեր հայրենակիցները ոչ միայն մեծ բաւականութիւն կը ստանան` բացայայտելով քո մշակութային գրաւչութիւնները, այլեւ ներքին բաւարարութիւն կը զգան` նպաստելով քո վերածննդին, աւելի վառ դարձնելով քո գոյները, վերականգնելով քո էներգիան եւ փոխելով քո տրամադրութիւնը: Քո մէջքին այսօր ծանր բեռ կայ, քո ճակատին 30 տարուայ կնճիռ կայ: Սակայն որքան էլ պարադոքսալ (տարաբանական) թուայ, աւերումը միշտ էլ նորի սկիզբն է: Ամէն անգամ, երբ վերադառնում եմ քեզ մօտ, ես նոր բան եմ տեսնում քո երիտասարդների դէմքին, քո նորից շարուած փողոցներում, քո նոր խանութներում ու սրճարաններում, վերականգնուած ուղենշային կառոյցներում, հին թատրոններում, թանգարաններում ու սրճարաններում: Դէպի վերականգնում տանող քո ուղեւորութիւնն ամէն անցնող տարով աւելի է կարճանում: Եւ ես մտադիր եմ հեռաւորութեան վրայ լինել քեզ հետ»: