«Ես Ինչ Որ Տեղ Իմ Պարտքն Եմ Համարում Հնարաւորինս Մարդկանց Ոյժ Տալ՝ Ոտքի Կանգնելու, Դէպի Յառաջ Հաւատքով Նայելու Եւ Սեփական Ոյժերին Հաւատալու», «Թորոնթոհայ»ին Կ՛ըսէ Երգիծաբան Վարդան Պետրոսեան


Երգիծաբան եւ դերասան Վարդան Պետրոսեան Տիրուկ Մարգարեան Կարապետեանի հետ զրոյցի ընթացքին

Մարտ 12-ին, Թորոնթոյի Համազգայինի սրահէն ներս տեղի ունեցաւ հայ երգիծաբան եւ դերասան Վարդան Պետրոսեանի «Խոստում» մենաներկայացումը։ 

Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ հովանիին ներքոյ գործող «Բարեւ» Կեդրոնի հրաւէրով եւ չորրորդ անգամ ըլլալով Թորոնթօ ժամանող երգիծաբան, թատերական գործիչ եւ երաժիշտ Վարդան Պետրոսեանի մենաներկայացման հասոյթէն բաժին մը պիտի յատկացուի 44-օրեայ պատերազմին զոհուած` «Արէն Մեհրապեան» բարեգործական հիմնադրամին։

1992-էն ի վեր Փարիզ ապրող եւ ստեղծագործող Վարդան Պետրոսեանի մենաներկայացումները հիմնուած են մարդկային հոգիի եւ պատմական անցուդարձերու վրայ, որոնք մեզի մտածել կու տան` կեանքի գոյութեան, մարդկային յարաբերութիւններու, չարի ու բարիի, անցեալի եւ ապագայի, հոգեւոր ու նիւթական արժէքներու մասին։

Ստորեւ՝ «Թորոնթոհայ»ի թղթակից Տիրուկ Մարգարեան Կարապետեանի հանդիպում զրոյցը կատակերգակ աստղին հետ.

Հ.- Ազգովին ծանր ու դաժան օրեր ունեցանք վերջին տարիներուն, արդեօք այս մղձաւանջէն դուրս ելլելով պիտի կարենա՞նք նախկին օրերուն նման դարձեալ խնդալ։

Պ.- Կեանքը կեանք է՝ իր դժուարութիւններով ու բարդութիւններով, կեանքը կեանք է՝ իր լաւ ու վատ օրերով: Ծանր ու դժուար օրերից յետոյ մարդ պէտք է ոյժ գտնի, կարողանայ ոտքի կանգնել ու ծիծաղիլ։ Ես ինչոր տեղ իմ պարտքն եմ համարում հնարաւորինս մարդկանց ոյժ տալ՝ ոտքի կանգնելու, դէպի յառաջ հաւատքով նայելու եւ սեփական ոյժերին հաւատալու: Թէ ինչքանով կը կարողանամ կամ կը կարողանանք` էդ էլ չգիտեմ։ Ինչ վերաբերում է մեր վերջին տարիների կեանքին, ի հարկ է շատ ծանր օրեր ապրեցինք` պատերազմ, յետպատերազմեան օրեր եւ կարծում եմ, որ տակաւին շատ դժուար օրեր պիտի ապրենք, ո՛չ միայն մենք հայերս, այլ` ամբողջ մարդկութիւնը։

Հ._ Ինչպէ՞ս կարենալ վերլուծել՝ փիլիսոփայ, երգիծող եւ խոհուն դերասան Վարդան Պետրոսեանը, որ հաճելի ձեւով ու բացառիկ ճկունութեամբ, վառ ու կրակոտ ներկայութեամբ կ’երգիծէ ու հանդիսատեսին խնդացնելով մէկտեղ մտածել կը պարտադրէ։ 
Պ.- Ես դժուարանում եմ ինձ վերլուծել, թէ` ո՞րտեղից իմ մէջ յայտնուել են այս շնորհները կամ տաղանդը։ Բնութիւնը ինձ օժտել է այսպիսի բաներով, ինչը որ ժառանգել եմ ծնողներիցս…նաեւ ընտանիքս, միջավայրս, ընկերներս, կրթութիւնս, երկիրը` որտեղ ապրել եմ, եւ անշուշտ ժամանակահատուածը։ Մի անգամ Սիլվա Կապուտիկեանը (արդէն տարեց դարձած) ներկայացումը դիտելուց յետոյ զանգեց ու ասաց. «Վարդան ջան, ես ճանաչում էի ձեր գրականագէտ հայրը, որ էնքա՜ն լուռ ու հանգիստ մարդ էր, դուք ո՞ւմ էք քաշել այսպէս»,- ասացի. «Երեւի մօրս…»,_ «Այո՛, ես այդպէս էլ հասկացայ», եղաւ պատասխանը։ Մայրս այնպէս թռչկոտ, երգող, պարող…մի կրակի կտոր էր։ Երեւի երկուսին էլ քաշել եմ, ե՛ւ կրակ կայ մէջս, ե’ւ լռութիւն` միաժամանակ։ Կեանքի վառուող մի լոյս կայ մէջս, եւ միաժամանակ ցեղասպանութիւն տեսած հօրս ցաւն ու վէրքերը։ Մօրս կողմէ ժառանգած եմ կեանքը ապրելու անպատմելի ոյժ եւ տենջ, եւ նաեւ հօրս ողբերգութիւնը եւ քաղաքացիական ազնուութիւնը, որ երկուսի կողմից ժառանգած ենք ես ու քոյր-եղբայրներս։ Ամէն պարագայում թող ինձ ուրիշները վերլուծեն…

Հ.- Մենք երգ ու պարը սիրող ազգ ենք, եւ դուք ձեր ներկայացման մէջ յաճախ երաժշտութեամբ ու պարելով կ’աւարտէք իւրաքանչիւր հատուած, ու նախքան այդ, այնպիսի նախադասութիւն մը կ’արտաբերէք, որ մտածել կու տայ հադիսատեսին ու այդ մտածումը կը խառնուի ձեր պարին ու երաժշտութեան, եւ պատասխան գտնելը անհնար կը թուի…այս փիլիսոփայութիւնը ինչպէ՞ս բացատրենք։

Պ.- Ես դա հենց տալիս եմ, որպէսզի դուք վերլուծէք ու նաեւ դուք պատասխանէք այդ մէկը։ Երբեմն ես ասում եմ այնպիսի նախադասութիւններ, որոնց ես ինքս էլ պատասխան չունեմ․ ես ու հանդիսատեսը միասին ենք փորձում գտնել այդ հարցերի պատասխանը։ Հարցադրումներ անելով՝ փորձում ենք միասին կառուցել ե՛ւ ներկայացումը, ե՛ւ մեր կեանքը։ Ես թերեւս դրա համար էլ թատրոնը ընտրեցի` վերջ ի վերջոյ։ Ես նկարչական կրթութիւն ունեմ, սակայն նկարիչի աշխատանքը իր կտաւի հետ` շատ անհատական է…նկարիչը իր կտաւի հետ մենակ մտածում է, ու տալիս է այդ նկարը հանդիսատեսի դատին ու վե՛րջ։ Իմ պարագայում ներկայացման ընթացքը շատ մը բաներով պայմանաւորուած է՝ հանդիսատեսին ներկայութեամբ, նրա ընդունելութեամբ, նրա ու արուեստագէտի փոխյարաբերութեամբ։ Մենք միասին ենք ստեղծում թատրոնը, միասին ենք մտածում… ինձ համար դա աւելի ընդունելի է, հետեւաբար` ինչքան ես, այնքան էլ դուք, որպէս մարդ պիտի փորձենք գտնել այդ ամէն ինչի պատասխանը։

Հ.- Ձեր երգիծանքը մեր մեծագոյն երգիծաբան՝ Յակոբ Պարոնեանի սուր երգիծաբանութիւնը կը յիշեցնէ, որ առ այսօր իր այժմէականութիւնը կը պահէ. արդեօք դուք ալ փորձա՞ծ էք գիրքերու վերածել ձեր ներկայացումները։ 

Պ.- Այո՛, այդ ծրագիրը ունեմ։ Վերջերս իմ երկրորդ գիրքը հրատարակուեց, վերնագրուած` «Սկիզբ», եւ հիմա յաջորդը կարծես կը լինի` «Փարիզեան Նամակներ»ը, որի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մէջ են։ Ենթադրում եմ, որ նրանից յետոյ, երեւի, իմ մենաներկայացման բոլոր փիէսները կը հրատարակենք կամ՝ մի ընդհանուր մեծածաւալ, կամ էլ փոքրիկ-փոքրիկ մասնակի հրատարակութեամբ։ Չգիտեմ դա ի՞նչ արդիւնք կը տայ, որովհետեւ երբ ինքս մէկ-մէկ նայում եմ իմ գրածներին` բաւական հիասթափեցնող բան եմ գտնում դրանց մէջ։ Այն ինչ որ մենք տեսնում ենք բեմի վրայ եւ այն ինչը, որ մենք կարդում ենք նոյն բանը չի, անգամ եթէ այդ նո՛յն նախադասութիւնը լինի։ Ես ներկայացումը գրելիս, ինձ պատկերացնում եմ խաղալիս, որովհետեւ դա առաջին հերթին բեմական նիւթ է եւ ո՛չ գրական, ու որպէս գրական նիւթ շատ զիջուն է… բեմում է ինքը այդ կրակը ձեռք բերում, որովհետեւ կատարողը այդպիսին է։ Ես յիշում եմ, որ երբ շատ երիտասարդ էի (սովետական շրջանին) եւ ինստիտուտը նոր էի աւարտել, մի փիէս էի գրել, որ «Ոզնի»ներով էինք խաղում եւ կոչւում էր` «Ջութակ եւ Խառտոց». ուրեմն առաջին տեսարաններն էի գրում եւ ուշ գիշեր, գրելուց յոգնել, քնել էի եւ տետրը բաց էի թողել. եղբայրս առաւօտ շուտ, աշխատանքի գնալուց առաջ, կարդացել էր գրածս ու վրդովել։ Մի քանի օրով հետս չխօսեց, յետոյ կամաց-կամաց անցաւ, գնաց։ Երբ խաղացինք ու աւելի զարգացաւ ներկայացումը, եւ անհաւատլիօրէն պայթեց այդ երգիծանքը, եղբայրս եկաւ, նայեց ինձ ու ասեց. – «Ես ուղղակի չէի պատկերացնում ի՛նչ որ դու գրել էիր է՛ս եղած լինէր ու ինքը ասեց, որ՝ «Զայրոյթից հետդ (իմ կրտսեր եղբայրը) չեմ խօսել մի քանի օրով»…էդ աստիճան ցաւ է ապրել նա։ 

Երեւի մեծ փոփոխութիւնների պէտք է ենթարկեմ եւ գրական նիւթի վերածեմ իմ ներկայացումները։ Բոլոր իմ գրած փիէսներից մի՛ փիէսն է գրական, եւ ցաւոք, այդ իմ անյայտ փիէսներից է, որը կոչւում է «Ցմահ Բանտարկեալներ»։ Դա ամենալաւ փիէսն է, որպէս գրական գործ։

Հ- «Խոստում» ներկայացման սկիզբը ըսիք, որ մենք զիրար միշտ կը դատապարտենք։ Ինչո՞ւ ամէն մէկս իր աչքի գերանը չի տեսներ եւ ուրիշին աչքի շիւղը կը տեսնէ։ Արդեօք այսպէս մինչեւ ո՞ւր պիտի երթանք:

Պ.- Էսպէս լինելու է մինչեւ վերջ։ Զարմանալին այն է, որ մարդիկ դա չեն տեսնում։ Իմ կարծիքով նիւթական կեցութիւնը մեր մոլորակի վրայ, այսինքն` նիւթական տիեզերքում, ընդհանրապէս պայմանաւորուած է մարդկութեան էկոիզմով։  Քանի կայ նիւթական կեցութիւն` կը նշանակէ, որ կայ էկոիզմ, ու մարդ սեփական սխալները պիտի բարդէ ուրիշների վրայ եւ սա պիտի կրկնուի յարատեւ։ Սա էն սայլն է, որ մենք քարշ ենք տալիս, եւ սա էն հիւադութիւնն է, որի պատճառով երկնային արքայութիւնից տեղափոխուել ենք էստեղ։ Սա այն արատն է, որին պատճառով մենք չենք դառնում երկնային արքայութիւն։ Երբ կը ձեռբազատուենք էս էկոիզմից`թերեւս միլիոնաւոր կամ միլիառդաւոր տարիներ ետք, այդ ժամանակ կը տեղափոխուենք այդտեղ որտեղ միայն սէր կայ ու դատապարտել չկայ, որտեղ որ մարդիկ ո՛չ թէ ապրում են իրար հաշուին, այլ` իրար համար։ Իսկ մենք հիմա այդ ամէն տառապանքները ու ցաւերը կրելով, այդ մաքրման փրոցեսից ենք անցնում…ու սրանցով Աստուած փորձում է խոնարհեցնել մեր եսը։ Սա մեր ապրելու ձեւն է, մինչեւ որ մենք ձեռբազատուենք մեր եսից։

Հ.- Վերջին տարիներուն առիթ տուած էք երիտասարդներուն, որ բեմ բարձրանան ձեզի հետ եւ իրենց տաղանդները յայտնաբերեն. յաճախ այսպիսի առիթներ տուա՞ծ էք նոր սերունդին։

Պ.- է՛հ, ես էլ մարդ եմ ու անցեալին ես էլ այդ էկօն ունէի. էկօն իմ մէջ շատ վառ ձեւով արտայայտուել էր, բայց տարիքի հետ մէկտեղ մարդ հասունանում է, փոխւում է ու դառնում է աւելի խոհեմ ու աւելի շրջահայեաց։ Ես այդ երիտասարդուհիներին պատահական եմ հանդիպել՝ Տաւուշում, չնայած, որ պատահական ոչինչ չի լինում… հեռուից լսել եմ իրենց երգը, կախարդուածի պէս մօտեցել ու միասին սկսել ենք երգել անմիջապէս։ Նրանից յետոյ շատ կապուեցինք իրար, ռեփերդուար սարքեցինք եւ գնացինք Արցախ՝ ելոյթներ ունեցանք… ու երբ ես այս «Խոստում» ներկայացումը գրեցի, ուզեցի իրենց անպայման ներկայացնել Հայաստանեան հանդիսատեսին, որովհետեւ այս փոքրիկ գանձը պէտք է, որ մարդիկ տեսնէին անպայման, ո՛չ միայն երգչուհիներուն տեսնելու ու լսելու համար, այլ` մարդիկ այդ երգերը լսելիս մաքրւում էին։ Այս երեխէքը ներսից այնքան մաքուր են, որ երգելիս այդ մաքրութիւնը փոխանցում են մարդկանց։

Ես նաեւ, արուեստի իմաստով, բաւական լաւ ու խորամանկ քայլ էի առել. արուեստը սիրում է այսպիսի խոհեմ խորամանկութիւններ։

Հանդիսատեսը գալիս լցւում էր սրահ` պառակտուած, դիմացինին չսիրող ու յոշոտելու պատրաստ. խճանկարի նման դահլիճում ամէն մէկը իր մտքերի ու համոզմունքների մէջ, ինքն իր վրայ զայրացած ու իր զայրոյթից անզօրացած, չարացած…ու յանկարծ դուրս էին գալիս աղջիկները եւ մարդկանց սրտի սառոյցը հալւում էր` ձիւնահալ էր տեղի ունենում։ Ես նրանց ծանօթացնում էի, որպէս նորելուկներ, ասելով` որ Ֆրանսայում, երբ յայտնի դերասանը կամ երգիչը մի նորելուկ էր բերում, ներկայացնում, ու իր հանդիսատեսը սկսում էր ճանաչել նրան` սա մի լաւ առիթ էր փոքրիկ դերասանի կամ երգիչի համար, միեւնոյն ժամանակ այս նորելուկը տաքացնում էր դահլիճը` աստղի համար։ Այդպէս Էտիթ Փիաֆը ներկայացրել է Ազնաւուրին, եւ յետոյ Ազնաւուրը` ուրիշներին, բայց հիմա Ֆրանսիայում համարեա չկայ այդպիսի բան, ափսո՜ս։ Ուրեմն 15 րոպէ յետոյ, երբ ես սկսում էի ներկայացումը, իմ առջեւ ուրիշ հանդիսատես էր` աւելի ջերմացած, փափկասիրտ դարձած, աւելի հակուած զիրար սիրելու եւ պատրաստ ընդունելու այն ինչ որ ես ասելու եմ։

Ամենայնդէպս, ես հակուած եմ երիտասարդութիւնը բերել ոչ միայն բեմ, այլ` լոյս աշխարհ։ Երբ մարդու հնարաւորութիւնները, կարողութիւնները եւ ծանօթութիւնները կան` կարծում եմ, որ ինքը նաեւ պարտաւոր է իր տեղը կամաց-կամաց զիջել երիտասարդներին, եւ այդ մէկը ո՛չ միայն բեմական ասպարեզում, այլ բոլոր ոլորտներում։ 

Հ.- Գիտենք որ Հայաստանի սահմանամերձ գիւղերուն մէջ ալ խումբ մը երիտասարդներու առիթ տալով բեմ բարձրացած էք։ Կը պատմէ՞ք այդ ելոյթներուն մասին։ 

Պ.- Ամբողջ ամառ ես հանդէս էի գալիս «Մշակութամէտ» անունով խմբի հետ։ Խումբի անդամները` հայրենասէր, տաղանդաւոր եւ իսկական նուիրեալ երիտասարդներ էին։ Ես փորձում էի իմ ներկայութեամբ եւ իմ անուան շուրջ հաւաքելով նրանց աշխուժութիւն բերել էս գործին եւ դա ստացւում էր. իսկ իրենք շատ մեծ գործ էին անում։ Իրենք շատ լուրջ եւ նուիրեալ մանկավարժներ են, որոնք գնում են սահմանամերձ գիւղեր եւ արուեստի խմբակներ են բացում էդտեղ։ Պատկերացրէ՛ք, հեռաւոր Չինարի գիւղում (երբ ես գնացի` զարմացայ ու աչքերիս չէի հաւատում), տասնեակ անդամներ միացել էին նրանց ու անոնք նուագում էին տարբեր երաժշտական գործիքներ…անոնք նաեւ արուեստի նոր խմբակներ կազմել էին` երգ, նկարչութիւն, քանդակագործութիւն, լուսանկարչութիւն, կարպետագործութիւնը, ազգային պար…վեց ամսուան ընթացքում այնպիսի որակ էին ստացել ու երեխաները էնքան էին փոխուել, որ էդ ժամանակ դուք չէիք տեսնում գիւղի կաշկանդուած բալիկները, այլ` Երեւանի Օփերայի շրջանում, սիրուն հագնուած, խօսելու համարձակութիւն ու ճկունութիւն ունեցող բալիկնեեր, ու նրանց կապուածութիւնը իրենց հողին եւ արուեստին։ Անոնք նուագում էին Մոցցարդից, Խաչատրեանից, Պախից, ու ես իրանց նայելով պատկերացնում էի, որ էդ սիրունիկ աղջիկները իրենց գիւղում կիթառ էին նուագում ու գիւղի տղէքը ակնածանքով նայում էին ու սիրահարւում էին նրանց, եւ ամուսնանում ու երեխայ էին ունենում…ես մտածում էի հենց Թումանեանի՝ «Կիկոս»ի պատմութեան նման, բայց դրական Կիկոսի… այն Կիկոսը, որ ապագային յիշում է, թէ իր մաման ու ընկերուհիները ոնց էին Պախից, Խաչատրեանից կամ Մոցարդից նուագում…։ Նկատո՞ւմ էք, թէ էս ի՛նչ զարգացում է էդ գիւղի համար։ Ինչեւէ, «Մշակութամէտ» խմբի անդամները շաբաթը երկու անգամ, կամաւոր, գնում են գիւղ (5_6 ժամ ճանապարհով գնում են Տաւուշից Մեղրի, Սիւնիք եւ այլ սահմանամերձ գօտիներ) ու 7 ժամ դասաւանդում են բալիկներին. նրանք ապրում են գիւղացիների տանը եւ՝ անձրեւ, փոթորիկ, ձիւն ու մրրիկ չեն ասում ու գնում են ուրախութեամբ։ Նրանք ինձ պատմում էին, որ երեխէքը իրանց անհամբեր սպասում էին դպրոցին դէմը։ 

Մի խօսքով, ես փորձում էի իմ յայտնի լինելը ծառայեցնել երիտասարդներին, եւ փառք Աստուծոյ` լաւ ստացուեց։  Իրենց հետ շփուելը ո՛չ միայն երիտասարդացնում է ինձ, այլ՝ բերկրանքի զգացում է տալիս, որովհետեւ գիտեմ որ իրենք` նոր սերունդի անդամները, շատ խնդիրներ են լուծելու եւ մարդկւթեան շատ բան ունեն ասելու։ Մենք սովետական շրջանից եկած ենք, քոմբլեքսաւորուած. ո՛չ գիտենք շղթաների հետ ի՛նչ անել, ո՛չ էլ ազատութեան… իսկ իրենք թարմ են։ Ի դէպ ասեմ, որ ես էն տաղանդաւոր աղջիկներին` այդ խումբի հետ լինելուց հանդիպեցի։ 

Արուեստագէտին աչքերը կը ժպտին այս խօսքերը արտայայտած պահուն եւ ան աւելի մեծ ոգեւորութեամբ կը շարունակէ եւ կ՛ըսէ. 

Յաջողութիւնը քեզ չի՛ պատկանում, այլ օգտագործելու միջոց մըն է` ուրիշի յաջողութիւնը առաջ տանելու համար…եւ այսօր էս մէկը ինձ շատ մեծ ոյժ է տալիս։ Ես պարտաւոր եմ դա անել։ Ազնաւուրն էլ էր ասում դա, ասում էր` «Երբ յաջողւում ես կեանքում, դու արդէն անում ես բաներ ուրիշների համար»։

Եթէ իմ կեանքի խրախուսման խթանը 25-30 տարեկանին կինն էր, 30-45 տարեկանին ինքնահաստատման տենջն էր եւ արեւի տակ իմ տեղը գրաւելու կռիւը, ապա` 45- 50-ից յետոյ՝ կեանքիս կրակ տուողը մարդոց հետ շփումն էր, իսկ հիմա՝ էդ պարտականութեան զգացողութիւնն է, որ ինձ ստիպում է դա անել, որովհետեւ ես պարտաւոր եմ։

Հ.-  Ի՞նչ կարծիք կամ խորհուրդ կու տաք այն երիտասարդներուն, որոնք արուեստագէտ դառնալու շնորհքն ու տաղանդը ունին, բայց կեանքի դժուարութիւնը կը ստիպէ իրենց հեռու մնալ արուեստէն։

Պ.- Է՜հ, ասողին լսող է պէտք, արդեօք կը լսե՞ն (խնդալով կը կատակէ կատակերգակը)։ Ես երբեք խորհուրդ չեմ տայ մարդկանց, բայց կարծի՞ք… եթէ ուզեն կ’ասեմ… էդ իրենք ինծի խորհուրդ պէտք է տան (կը ծիծաղինք)։ 

Մենք ունենք ապրելու մեր կաղապարած ձեւը եւ ըմբռնումները, ու փորձում ենք դրանք տեսնել այդ կաղապարների մէջ…։ Պէտք չէ այդպէս անել, երիտասարդները մեզմէ լաւը գիտեն, գիտեն թէ ի՞նչն է իւրացնելու եւ ինչը չէ։ 

Սահմանամերձ գիւղերում, երբ ես երիտասարդական խումբի հետ էի, սկզբում մի քիչ վատ ու անյարմար էր խումբն զգում, որովհետեւ նրան անդամները ինձ նայում էին որպէս մի յայտնի թատերական աստղի եւ այն պայմանները, որտեղ մենք ելոյթներ էինք ունենում իրենց համար անընդունելի էին` փլած տներ, 60-ական թուականներում սարքուած ակումբներ, որտեղ Սովետական շրջանում գալիս էին Համօ Սահեանը, Պարոյր Սեւակը, Կապուտիկեանը, Մհեր Մկրտչեանը եւ էնպիսի անուններ, պարային խմբեր եւ նուագախումբեր, որոնցմով թնդում էին այդ սրահները լեփ-լեցուն դահլիճներով, իսկ հիմա՝ դատարկ, ամէն կողմ սարդոստայն, փտած բեմ, քարուքանդ եղած սրահ, ուր հանդիսատեսները սկզբում շատ դժուար էին գալիս։ Ես երիտասարդներին հետ էի խօսում եւ ասում էի` «Գիտէ՞ք, Փափազեանի պէս մեծ դերասանը, որը ոտատակ է տուել աշխարհի մեծ բեմերը, Փարիզից միչեւ Մոսկկուա…դերասան, որին ապշած նայել են համաշխարհային թատերական մեծութիւնները…ահա, էդ մարդը չի զլացել, ու Հայաստանի ամէն շրջանում, եւ նոյնի՛սկ մոմի լոյսերի տակ բեմ է բարձրացել…է՛, հիմա ես ո՞վ եմ, որ է՛դ չանեմ»։ 

Մեր արածի նպատակը ո՞րն է, ի՞նչ ենք փնտռում։ Ընդհակառակը, երբ ինչոր տեղ իրենք` երիտասարդները, կոտրւում էին` ես էդ կրակով, ուրախութեամբ, կատակով եւ էդ իմ վառ կրակով առաջ մղուած, թռնելով դժուարութիւններից անցել եմ եւ օրինակ եմ ծառայել նրանց. ու ես գիտեմ, որ դրանք դա տեսել են, կողքից նայել եւ իրար հետ խօսելով ոյժ են հաւաքել։ Ա՛յ, սա՛ մենք պիտի տանք իրենց։ Չտրտնջնա՛նք, որ իրենք հասկանան, որ տրտնջալը լաւ բան չի։ Ես յիշում եմ ին անտրտունջ ծնողը, բա՞ իմ տատիկը, որ ի՜նչ տառապանքների միջով է անցել… հաւատալու բան չէր…9 երեխաներից չորսը մահացել են՝ սո՛վ, քա՛ղց, պատերազմներ…Ահա՛, ես էլ խորհուրդ տալու փոխարէն, իմ նախնիների նման օրինակ եմ ուզում ծառայել երիտասարդներին։

Հ.- Մեծարենցը Աստուծմէ անանձնական ուրախութիւն կը խնդրէ եւ կ՛ուզէ զայն բաժնել մարդկութեան։ Դուք ալ, ահաւասիկ, այդ ուրախութիւնը կը բաժնէք հանդիսատեսին։ Արդեօք այդ անանձնական ուրախութիւնը անձնականի կը վերածուի՞ Վարդան Պետրոսեանին համար։

Պ.- Ուրախութեան մասին ես ձեզ պատմեմ։ Ես մի քանի մոտելներ ունեմ իմ կեանքում, մէկը` Շառլ Ազնաւուրն է։ Իրեն շատ եմ սիրել միշտ, յատկապէս Փարիզ գնալուց ու իրեն ճանաչելուց յետոյ։ Ես ուսումնասիրել եմ իր՝ արուեստագէտի եւ անձնական կեանքը, վերցրել իր մտածելու եւ փառքը կառավարելու ձեւը։ Աստղերից շատ քիչերը կրցան էդ գագաթնակէտին վրայ մնալ եւ կառավարել իրենց յաջողութիւնը ու փառքը ուրախութեամբ։ 

Մի ուրիշ մոտել էլ ունեմ, պիտի զարմանաք` Մայր Էմանուէլն է դա, որ Մայր Թերեզայի նման վանամայր էր։ Կուսակրօն, 2 գիտութեան դոկտոր. փիլիսոփայ։ Նրան միշտ հրաւիրել են դասախօսութիւնների, տասնեակ հազարաւոր որբեր էր պահում Ափրիկէում եւ այլ կողմերում։ Էս կինը միշտ ուրախ էր, միտքը պայծառ ու սրամիտ. միշտ կատակելով էր խօսում եւ յաճախ սրամտօրէն պատասխանում էր մարդկանց հարցերին. նա 100 տարին չամբողջացուցած մահացաւ։ Ես իր հետ անձամբ ծանօթացել ու շփուել եմ։ Երբ իրան հարց էին տալիս, թէ ձեզ ո՞րտեղից էդ էնէրկիան եւ ուրախութիւնը…ինք ասում էր. «Ի՞նչն է քեզ տխրեցնում, ի՞նչիդ վրայ ես տխուր… մի հատ ցայտաղբիւր կայ, որի անունը` Յիսուս է…Տէ՛, խմէ՛ք էլի, անմահութեան ցայտաղբիւրն է Նա, խմէ՛ք էդ ցայտաղբիւրից եւ ուրախ ապրեցէ՛ք, ու յետոյ երբ ձեր մահանալու ժամը գայ` կ’երթաք էլի»։  Այդ ուրախութիւնը Աստուծոյ կողմից մի պարգեւ է, եւ նրանով է մարդ ապրում մանկական անմեղ ուրախութեամբ։ Դուք նկատե՞լ էք, որ առողջ երեխան միշտ ուրախ է լինում. Էդ ուրախութիւնը մենք կորցնում ենք, ցաւօք սրտի, կեանքի ընթացքում եւ տրւում ենք կեանքի դժուարութիւններին, եւ տրւում ենք մեղքի ու վատ արարքների, որպէսզի վերագտնենք այդ ուրախութիւնը, որը կորցրել ենք։

Իմ ծնողներըը ինձ չեն ասել` «Սենց արա՛, դենց արա՛», ես իրանցից տեսել ու ինքս եմ սովորել կեանքի փիլիսոփայութիւնը եւ ուրախութեան գաղտնիքը։

Էդ ուրախութիւնը` անանձնական, եւ ինչո՞ւ չէ` անձնականը մեզ տրուած պարգեւ է, սակայն մարդը, դժբախտաբար, տիրոջմէ հեռանում է եւ ուրիշ ճանապարհով է գնում եւ էդ ճանապարհը փորձութիւններով է լեցուն։ Քոյր Էմանուէլի ասածը չենք լսում` «Տէ՛, խմէ՛ք, էլի», -, տէ՛, խմէ՛ք էդ քաղցր ջուրը…