Թորոնթոյի Հայ Ակումբի 20 ամեակ


Մելինէ Աւանէսի


Հոկտեմբեր 1ին, Թորոնթոյի Հայ Ակումբը տօնեց իր հիմնադրման 20րդ տարեդարձը՝ ներկայութեամբ միութեան անդամների եւ համակիրների: Ձեռնարկը տեղի ունեցաւ St-George Banquet Hallում եւ անցաւ շատ յաջող:

Սոյն ծրագրի հասոյթը ամբողջովին պիտի յատկացուի Շուշի քաղաքի Դանիէլ Ղազարեան դպրոցի օգնութեան ծրագրին, որը Միութիւնը ստանձնել է 2013 թուականից ի-վեր:

Երեկոն ճոխացրեցին գաղութիս երիտասարդ երգչուհի Մինէ Ծատուրեանն եւ երաժիշտներ Ջիւան Ստեփանեանն ու Մատիանա Թորոսեանը:

Ծրագրի սկզբին Տիկին Նորա Օհանջանեանը հանդիսատեսին տեղեկացրեց Ակումբի  հիմնադրման մասին եւ ընթերցեց Միութեան վերջին հինգ տարուայ գործնէութեան տեղեկագիրը, որից յետոյ Միութեան ատենապետ Պրն Վարաժ Ստեփանեանը շնորհակալական խօսք յայտնեց ներկաներին եւ բացատրեց Միութեան ամենակարեւոր առաքելութիւններից մէկի մասին, որն է Շուշի քաղաքի Դանիէլ Ղազարեան դպրոցի աշակերտներին տաք ճաշ հայթհայթելու ծրագիրը, որը կատարւում է Yalkezian Foundationի միջոցով:

Նոյնպէս Պրն․ Վարաժ Ստեփանեանը Վարչութեան եւ Միութեան անդամների կողմից մեծարեց Ակումբիս հաւատարիմ եւ ժրաջան աշխատող՝ Տիկին Ալվարդ Սիրաքիին, որը հանդիսացաւ ներկաների քաջալերանքին եւ յոտնկայս բուռն ծափահարութիւններին:

Ընթրիքից յետոյ, երեկոն խանդաւառեցին գաղութիս նոր երգիչներ Մհեր Մինասեանն ու Հասմիկ Թաշճեանը՝ ընկերակցութեամբ DJ Garyի: Ձեռնարկի ընթացքին ցուցադրւում էին Միութեան ծրագրերից զանազան տեսաերիզներ:

Խրախճանքը տեւեց մինչեւ ուշ գիշեր եւ ներկաները հեռացան բարձր տրամադրութեամբ:

Կը յուսանք, որ Թորոնթոյի Հայ Ակումբը կը շարունակէ իր յառաջադէմ ընթացքը եւ ինչպէս եւ միշտ, Հայ Գաղութին կը հրամցնէ զանազան մշակութային եւ գեղարուեստական ձեռնարկներ: