«Հայաստանի Բնակիչների Մեծ Մասը Կոռուպցիայի Դէմ Պայքարի Հանդէպ Անտարբեր է». «Թրանսփարենսի Ինթերնեշընլ»


«Հետք»․- Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեշընլ»ի այսօր հրապարակուած զեկոյցի՝ Եւրոպայի եւ Միջին Ասիայի իւրաքանչիւր երրորդ քաղաքացին գտնում է, որ կոռուպցիան հանդիսանում է իր երկրի ամենալուրջ հիմնախնդիրներից մէկը: Իսկ Մոլդովայում, Իսպանիայում եւ Կոսովոյում այդպէս են կարծում իւրաքանչիւր երեք քաղաքացիներից երկուսը՝ ցոյց տալով, որ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ քայլեր ընդդէմ լիազօրութիւնների չարաշահման եւ գաղտնի գործարքների:

ԹԻՀԿ հաղորդմամբ՝ տարածաշրջանի հարցուած քաղաքացիների մօտաւորապէս մէկ երրորդը վստահ է, որ իրենց երկրների պետական պաշտօնեաները եւ պատգամաւորները մեծապէս կոռումպացուած են, իսկ այդ նոյն հարցուածների մեծամասնութեան կարծիքով իրենց իշխանութիւնները չեն ձեռնարկում բաւարար ջանքեր կոռուպցիան կանգնեցնելու համար:

Հարցուածների աւելի քան կէսը (Եւրամիութեան (ԵՄ) երկրներում՝ 53 տոկոս, ԵՄ անդամակցման թեկնածու երկրներում՝ 53 տոկոս եւ ԱՊՀ երկրներում՝ 56 տոկոս) նշել է, որ իրենց երկրների իշխանութեան փորձերը կոռուպցիան նուազեցնելու ուղղութեամբ տապալուել են: Առաւել վատ գնահատականներ իրենց քաղաքացիների կողմից ստացել են Ուկրաինայի (86 տոկոս), Մոլդովայի (84 տոկոս), Բոսնիա եւ Հերցեգովինայի (82 տոկոս) եւ Իսպանիայի (80 տոկոս) իշխանութիւնները:

«Թրանսփարենսի Ինթերնեշընլ»ի ներկայ հարցման մէջ ընդգրկուել են Եւրոպայի եւ Միջին Ասիայի 42 երկրների մօտաւորապէս 60,000 քաղաքացիներ, որոնց՝ կոռուպցիայի հետ իրենց առօրեայ կեանքում առնչուելու փորձը ներկայացուած է «Մարդիկ եւ կոռուպցիան. Եւրոպա եւ Միջին Ասիա» զեկոյցում: Զեկոյցը հանդիսանում է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ցուցիչի-Խմբ.) շարքի հրապարակումներից մէկը:

Հանրային ծառայութիւններից օգտուելիս, միջին հաշուով, իւրաքանչիւր վեցերորդ հարցուած վճարել է կաշառք: ԵՄ անդամ երկրների մեծ մասում այդպիսիք քիչ են եղել, իսկ ԵՄից դէպի արեւելք այդ թուերը աճում են: Կաշառք տուածների տեսակարար կշիռն առաւել բարձր է Տաջիկստանում (50 տոկոս), Մոլդովայում (42 տոկոս), Ադրբեջանում եւ Ղրղզստանում (38ական տոկոս), Ռուսաստանում (34 տոկոս): ԵՄ անդամներից նման կարգի երկրներ են Ռումինիան (29 տոկոս) եւ Լիտուան (24 տոկոս):

Առաւել բարեկեցիկ երկրներում հարցուածների համարեա երկու երրորդը (65 տոկոս) գտնում է, որ հարուստներն ունեն չափազանց մեծ ազդեցութիւն իրենց երկրների քաղաքականութեան վրայ: ԵՄ անդամակցութեան երկրներում այդ թիւը կազմում է 44 տոկոս, իսկ ԱՊՀ երկրներում՝ 46 տոկոս: Այս առումով ԵՄ երկրների շարքում առաւել բարձր են տոկոսները Իսպանիայում (88 տոկոս), Պորտուգալիայում (85 տոկոս), Ֆրանսիայում (79 տոկոս), Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում (77ական տոկոս):

«Թրանսփարենսի Ինթերնեշընլ»ի նախագահ Խոզէ Ուգազը նշում է. «Կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է ողջ Եւրոպայի եւ Միջին Ասիայի տարածաշրջանում: ԵՄ երկրներում շատ քաղաքացիներ տեսնում են, թէ ինչպէս են հարուստները եւ նրանք, ովքեր գտնւում են իշխանութեան մէջ, իրենց շահերի օգտին աղաւաղում համակարգը: Իշխանութիւններն ուղղակի բաւարար քայլեր չեն ձեռնարկում՝ սանձելու կոռուպցիան, քանի որ վերեւում գտնուող անձինք դրանից ունեն մեծ օգուտներ: Հարստութեան, իշխանութեան եւ կոռուպցիայի միջեւ այս խորապէս անհանգստացնող յարաբերութիւններին վերջ տալու համար իշխանութիւնները պէտք է ապահովեն թափանցիկութեան աւելի բարձր աստիճան, ներառեալ՝ նրանց առումով, ովքեր տնօրինում կամ վերահսկում են ընկերութիւններ ըստ իրական սեփականատէրերի հանրային ռեգիստրների (հաշուառումներու-Խմբ.)»։

«Իշխանութեան բուրգի գագաթին գտնուող կոռումպացուած վերնախաւերին եւ օլիգարխներին դժուար է տապալել: Բայց մենք տեսել ենք, որ դա կարելի է անել, եթէ մարդիկ միասնական են՝ իրենց առաջնորդներից աւելի բարձր չափանիշներ պահանջելու հարցում, եւ դատական համակարգն անկախ է եւ կարող է այդ կոռումպացուած առաջնորդներին պատասխանատուութեան ենթարկել», եզրափակում է պարոն Ուգազը:

Կոռուպցիայի դէմ պայքարն արգելակող առանցքային խնդիր է մնում այդ չարիքի դէմ բարձրաձայնող քաղաքացիների պաշտպանութեան անբաւարար մակարդակը: Եւրոպայի եւ Միջին Ասիայի հարցուածների 30 տոկոսը նշել է, որ կոռուպցիոն յանցագործութիւնների մասին չյայտնողների աճող թուերը պայմանաւորուած են այն հանգամանքով, որ իրենք վախենում են հաշուեյարդարից: Դրա մասին յայտնող հինգ անձանցից (ազդարարներից) երկուսը նշել են, որ իրենք դրա հետեւանքով տուժել են:

Հասարակութեան ներսում առկայ է նաեւ բացասական վերաբերմունք այդպիսի անձանց նկատմամբ: Մասնաւորապէս, ԱՊՀ երկրներում հարցուածների միայն մէկ քառորդն (27 տոկոս) է գտնում, որ կոռուպցիոն յանցագործութեան մասին յայտնելը սոցիալապէս ընդունելի վարքագիծ է:

Քիչ է նաեւ այն քաղաքացիների թիւը, ովքեր զգում են, որ իրենք կարող են օգտակար լինել՝ կանգնեցնելու կոռուպցիան իրենց երկրներում: ԵՄ երկրներում հարցուածների կէսից պակասն է (47 տոկոս) գտնում, որ իրենք զգում են, որ կարող են դերակատարում ունենալ կոռուպցիայի դէմ պայքարում: Այդ թիւն էլ աւելի է նուազում, երբ դիտարկում ենք ԱՊՀ երկրները (31 տոկոս):

«Թրանսփարենսի Ինթերնեշընլ»ը առաջ է քաշում չորս առանցքային առաջարկութիւն՝ նպաստելու քաղաքական կոռուպցիայի նուազմանը եւ զերծ պահելու կոռուպցիայի դէմ բարձրաձայնողներին իրենց նկատմամբ հաշուեյարդարից: Եւրոպայի եւ Միջին Ասիայի երկրների իշխանութիւնները պէտք է.

– Սահմանեն լոբիինգի աւելի թափանցիկ կանոններ եւ ունենան լոբիինգի ռեգիստրներ, որպէսզի աւելի հասկանալի լինեն քաղաքական որոշումների ընդունման շարժառիթները:

– Ապահովեն դատական իշխանութեան անկախութիւնը, մասնաւորապէս, ԵՄ անդամակցութեան թեկնածու երկրներում եւ ԱՊՀ երկրներում: Այդ նպատակով պէտք է նուազեցնել գործադիր իշխանութեան ազդեցութիւնը նրա վրայ եւ ներդնել դատաւորների նշանակման, տեղափոխման, առաջխաղացման եւ ազատման թափանցիկ եւ անաչառ մեխանիզմներ:

– Ընդունեն եւ կիրարկեն ազդարարների պաշտպանութեան համապարփակ օրէնսդրութիւն:

– Աջակցեն ազդարարներին եւ կոռուպցիոն յանցագործութիւնների մասին բարձրաձայնողներին եւ ապահովեն նրանց կողմից բարձրաձայնուած յանցագործութիւնների պատշաճ արձագանգումը եւ հետաքննութիւնը:

 

Կոռուպցիայի Համաշխարհային Բարոմետրի 2016թ. Հարցումը Հայաստանում

«Թրանսփարենսի Ինթերնեշընլ»ի (ԹԻ) պատուէրով 2015թ. Դեկտեմբերի 28ից մինչեւ 2016թ. Մայիսի 2ն ընկած ժամանակահատուածում Հայաստանում TNS հետազօտական կազմակերպութեան կողմից անցկացուել է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2016թ. հարցումը։ Հարցման ընտրանքը կազմել է 1527 անձ (18 տարեկանից բարձր տարիքի բնակիչ) եւ որպէս հարցման մեթոդ ընտրուել էր դէմ առ դէմ հարցազրոյցը: Հայաստանն ընդգրկւում է ԿՀԲ հարցման մէջ չորրորդ անգամ անընդմէջ (նախորդ հարցումները, որոնցում Հայաստանն ընդգրկուել էր, անցկացուել էին 2009, 2010 եւ 2013 թուականներին):

 

ԿՀԲ 2016ի Հայաստանի Հիմնական Արդիւնքները

Կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղութեամբ իշխանութիւնների կողմից ձեռնարկուած քայլերը շատ արդիւնաւէտ կամ արդիւնաւէտ է համարում հարցուածների միայն 14 տոկոսը (2013թ. այն հաւասար էր 21 տոկոսի), այն դէպքում երբ այդ քայլերն անարդիւնաւէտ կամ շատ անարդիւնաւէտ է համարում հարցուածների 65 տոկոսը (2013թ. 53 տոկոսի փոխարէն):

Հարցման մէջ ընդգրկուած հաստատութիւների (կառոյցների)-ոլորտների (1) ներկայացուցիչներից կոռուպցիայի մէջ առաւել ներքաշուած են ընկալւում պետական պաշտօնեաները (հարցուածների 45 տոկոսը), հանրապետութեան նախագահը եւ իր աշխատակազմը (44 տոկոս) եւ հարկային մարմինների պաշտօնեաները (43 տոկոս):

Հարցուածների 66 տոկոսի կարծիքով հարուստները Հայաստանում ունեն չափազանց մեծ ազդեցութիւն, եւ միայն 26 տոկոսն է կարծում, որ հարուստները ոչ մի ազդեցութիւն չունեն կամ ունեն սահմանափակ ազդեցութիւն երկրի կառավարման հարցերում:

Սակայն ինչպէս եւ 2013թ. դէպքում էր, այս տարի էլ Հայաստանի դէպքում պատկերն առաւել մտահոգիչ է դառնում, երբ դիտարկւում են հարցման այն արդիւնքները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դէմ պայքարի մէջ մարդկանց ներգրաւուած լինելու ցանկութեանը եւ այդ պայքարում իրենց դերի ընկալմանը: Մասնաւորապէս, հարցուածների 63 տոկոսը կարծում է (2013թ.  այդ տոկոսը նոյնն էր), որ շարքային քաղաքացու ներգրաւումը կոռուպցիայի դէմ պայքարում ոչինչ չի փոխի: Սա ԱՊՀ տարածքում ամենացածր ցուցանիշն է, իսկ ողջ տարածաշրջանում աւելի ցածր ցուցանիշ է գրանցուել միայն Չեխիայում (64 տոկոս), եւ նոյնքան՝ Հունգարիայում:  Կոռուպցիայի դէմ պայքարում ներգրաւուել չի ցանկացել հարցուողների 52 տոկոսը: Այս ցուցանիշը հարցման մէջ ընդգրկուած տարածաշրջանի 42 երկրների մէջ ամենացածրն է, եւ նոյն պատկերն էր նաեւ 2013թ. հարցման ժամանակ, չնայած այն ժամանակ այդ տոկոսն էլ աւելի բարձր էր: Սա վկայում է կա՛մ հասարակութեան անտարբերութեան մասին, կա՛մ նրանում տիրող վախի մթնոլորտի, կամ՛ էլ նրա կողմից Հայաստանում կոռուպցիայի դէմ պայքարի խաղաղ ձեւերի անարդիւնաւէտութեան մասին: Վերջապէս, հայաստանցի հարցուողների 67 տոկոսը (2013թ. այն նոյնպէս 67 տոկոս էր) չի բարձրաձայնի կոռուպցիոն դէպքերի մասին, եթէ դրանց առնչուի կամ վկայ լինի: Այս ցուցանիշով Հայաստանը նոյնպէս տարածաշրջանի 42 երկրների մէջ գտնւում է վերջին տեղում: Ընդ որում, ամէնից յաճախ որպէս պատճառ բերւում էր վախը հնարաւոր հետեւանքներից (41 տոկոս): Հետաքրքիր է նշել, որ 2013թ. Հայաստանում ամէնից յաճախ (68 տոկոս կամ ամենաբարձր ցուցանիշն այն երկրների շարքում, որտեղ հարցուածների մեծամասնութիւնը չի բարձրաձայնի կոռուպցիոն դէպքերի մասին) չէր յայտնի կոռուպցիոն դէպքերի մասին, քանի որ գտնում էր, որ դրանից ոչինչ չի փոխուի:

Հայաստանի վերաբերեալ այլ տուեալներից կարելի է յիշատակել, որ որեւէ հաստատութեան-ոլորտի հետ առնչուած հարցուողների միայն 24 տոկոսն է նշել, որ ինքը այդ հաստատութեան-ոլորտի աշխատակցին կաշառք է տուել (2): Վերջապէս, Հայաստանի հարցուողների 77 տոկոսը նշել է, որ հասարակութիւնում սոցիալապէս ընդունելի չէ յայտնել կոռուպցիոն դէպքերի մասին: Սա նոյնպէս տարածաշրջանի կտրուածքով ամենաբարձր տոկոսն է:

1.- Այդ հաստատութիւնների-ոլորտների ներկայացուցիչներն են հանրապետութեան նախագահը եւ նրա աշխատակազմը, պատգամաւորները, գործարարները, պետական պաշտօնեաները, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտօնեաները (առաջին անգամ են ընդգրկւում ԿՀԲ հարցումներում), ոստիկանները, դատաւորները, հարկային մարմինների պաշտօնեաները եւ կրօնական առաջնորդները:

2.- ԿՀԲ նախորդ՝ 2013թ. հարցման ժամանակ կաշառք տուել էր հարցուողների 18 տոկոսը: