Հայաստան Ինձ Համար Կարօտ Է Նշանակում. Ինքնութեան Որոնումները Տերսիմցի Աղջկան Բերեցին Արարատից Այս Կողմ


Արաքս Կասեան


“Արմենփրես”․- Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը միլիոնաւոր մարդկային կեանքերի ու ճակատագրերի խեղման պատճառ դարձաւ: Հազարաւոր հայեր մեծ ողբերգութեան հետեւանքով ստիպուած եղան ցրուել աշխարհով մէկ, իսկ հայերի մի մասն էլ ստիպուած եղաւ շարունակել կեանքն արդէն Թուրքիայի Հանրապետութիւնում` կոծկելով սեփական ծագումն ու ինքնութիւնը: Այս ճանապարհին նրանք իրենց սերունդներին էլ փորձեցին հեռու պահել ցաւոտ անցեալից ու դրա ծանր բեռից` նրանցից թաքցնելով ճշմարտութիւնը արմատների, ծագման, ինքնութեան մասին: Այդ սերունդների ներկայացուցիչներից ոմանք այդպէս էլ գլխի չընկան, որ ոչ թէ թուրքի կամ քրդի, այլ հայի սերունդ են, այն հայի, ով կարողացել էր Հայոց ցեղասպանութեան տարիներին ինչ-ինչ պայմաններում ողջ մնալ: Սակայն կային մարդիկ, ովքեր շուրջ մէկ դար անց սկսեցին փորփրել սեփական անցեալն ու հասկանալ իրականում ով են եւ որտեղից են գալիս:

23ամեայ Տիլարա Աթեշը նրանցից մէկն է, նա առաջին անգամ է եկել Հայաստան. մեր հանդիպումն էլ կայացաւ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Գիտակից կեանքի առաջին տարիներին տերսիմցի աղջնակն անգամ չէր էլ կարող մտածել, որ հայկական արմատներ ունի: Պատմում է, որ միշտ էլ ընտանիքի կենցաղավարութեանը բնորոշ շատ յատկանիշներ վկայել են այն մասին, որ իրենք տարբեր են շրջապատի միւս մարդկանցից: «Դպրոցում, որտեղ մեզ կրթում էին սուննիական-քեմալական համակարգով, ինքնութեան հետ կապուած խնդիրներ էի ունենում: Տեսնում էի, որ միւս աշակերտների ընտանիքների կենցաղը տարբերւում էր մերինից: Արդէն այդ տարիներից մօտս սկսում էին հարցեր առաջանալ` ինչո՞ւ ենք մենք տարբեր», նշում է Տիլարան:

Նա պատմում է, որ առաջին բացայայտումը տեղի ունեցաւ, երբ սովորում էր աւագ դպրոցում: «15-16 տարեկան էի, մօրս հետ Սթամպուլում էինք ապրում: Պուրսայից բարեկամներս եկել էին մեզ հիւր, այդ թւում եւ մօրս մեծ մայրը` Ֆինթօզ տատս, մեծ հօրեղբայրներս: Ընտանեկան զրոյցների ընթացքում խօսակցութիւնը հասաւ նրան, թէ որտեղից ենք մենք: Հօրեղբայրներիցս մէկն ասաց` իրականում մենք հայ ենք, այդ մասին մեծ տատն է ասել: Դա ինձ համար նորութիւն էր, լսեցի, սկսեցի մտածել դրա շուրջ: Այնուհետեւ աւելի մանրամասն սկսեցի ուսումնասիրել, թէ ով եմ իրականում», ասում է նա:

Ինչ-որ չափով զարմացած նկատում է, որ թէպէտ իրենց շրջակայքում միշտ էլ մզկիթները շատ են եղել, սակայն մանկուց ի վեր եկեղեցիներն իր մօտ յատուկ ուշադրութիւն են գրաւել: «Մեր տան մօտ մի հին յունական եկեղեցի կար, մի օր գնացի, մտայ ներս: Ինչ-որ անհասկանալի բան զգացի, դա ինչ-որ ուրիշ զգացողութիւն էր: Այնուհետեւ սկսեցի խաչ կրել: Ճիշտ է` մինչ օրս մկրտուած չեմ, սակայն այդ օրերից ի վեր այն կրում եմ: Դպրոցում եւս չէի հանում խաչը, ինչի պատճառով դպրոցական ընկերներիցս ինչ ասես չլսեցի` աթէիստ, կէաւուր… Երբ ասացի նրանց, որ հայ եմ, սկսեցին անուանարկել ինձ», յիշում է Տիլարան:

Հէնց այդ տարիներից էլ հաստատ որոշում է, որ պէտք է հայերէն սովորի: «Ընկերներիցս մէկի օգնութեամբ սկսեցի այբուբենը սովորել: Շուրջ մէկ ու կէս շաբաթ գիշեր-ցերեկ տառերն էի փորձում սովորել: Ստացուեց», ուրախութեամբ նշում է նա` ընդգծելով, որ եթէ մի բան սիրով ես անում, ապա անպայման ստացուելու է:

Այսօր Տիլարան թուրքական Կայսերի քաղաքում գտնուող Էրջիես համալսարանի Հայոց լեզուի եւ գրականութեան բաժնի երրորդ կուրսի ուսանող է: Հայաստան այցելելու պատճառով նոր ուսումնական տարուայ առաջին դասերը ստիպուած էր բաց թողնել, սակայն ասում է, որ չի ափսոսում` այստեղ շատ աւելին է սովորել:

Պատմում է, որ համալսարան ընդունուելուց յետոյ սկսել է ուսումնասիրել, թէ ովքեր են դասաւանդելու, ինչի արդիւնքում պարզել է, որ երեք ադրբեջանցի դասախօս ունի: «Այն բաժնում, որտեղ սովորում եմ, շատ զինուորներ կան. հայերէն են սովորում: Ի հարկէ, լեզուն սովորելը նրանց համար առաջնային նպատակ չէ. Թուրքիայում օրէնք կայ, համաձայն որի` զինուորները համալսարան աւարտելուց յետոյ աւելի բարձր աշխատավարձ են ստանում: Շատերը պարզապէս գալիս են դիպլոմի հետեւից, իսկ ոմանք էլ նպատակ ունեն մտնել երկրի Ազգային հետախուզական ծառայութեան շարքերը», ասում է նա:

Հայաստանի շուրջ իր հետաքրքրութիւններն այս ընթացքում արդէն իսկ հասցրել են համալսարանում խնդիրներ առաջացնել նրա համար. ռեկտորատից յատուկ հետաքննութիւն են իրականացրել` պարզելու նրա գործունէութիւնը, Քրտական բանուորական կուսակցութեան (PKK) հետ հնարաւոր առնչութիւնը: Եւ այնուամենայնիւ, դա նրան չխանգարեց այս տարի առաջին անգամ այցելել Հայաստան:

Խօսելով Հայաստան կատարած այցի մասին` Տիլարան շեշտում է, որ ամենայուզիչ պահն ապրել է Խոր Վիրապում` կեանքում առաջին անգամ Արարատ սարը տեսնելիս: «Երբ Խոր Վիրապի ճանապարհին տեսայ Արարատը, չհասկացայ, թէ հետս ինչ կատարուեց, բայց արցունքներն ակամայից սկսեցին աչքերիցս գլորուել: Երբ եկեղեցուց դուրս եկայ եւ փորձեցի լուսանկարել, սկսեցի հեկեկալ. առաջին անգամ Արարատը տեսնում էի այդքան մօտիկից: Շրջապատումս գտնուող մարդիկ եկան ու սկսեցին ինձ հանգստացնել. ի հարկէ դա շուրջ մէկ ու կէս ժամ տեւեց:

«Հասկանում էք` մի ոտքս Թուրքիայի սահմանին էր, միւսը` Հայաստանի: Ժամանակին մի գիրք էի կարդացել` Հրաչեայ Քոչարի «Կարօտ»ը: Այդ գրքի թուրքերէն թարգմանութիւնը Տերսիմի տանը կար: Շատ էի ազդուել Առաքէլի կերպարից: Նա Խորհրդային Հայաստանի սահմանից նայում էր Արարատին ու յիշում իր տունը. այդ պահին անընդհատ նա էր մտքիս գալիս», ասում է Տիլարան` սրբելով թրջուած աչքերը:

Մտնում ենք Հայոց ցեղասպանութեան թանգարան. Տիլարան անմիջապէս մօտենում է Աւրորա Մարդիգանեանի նկարին: Ասում է` շատերն են իրեն Աւրորային նմանեցնում, ինքն էլ նմանութիւններ տեսնում է: Նշում է` անհաւատալի պատմութիւն ունի այդ աղջիկը, այդքան բան տեսնելուց, վերապրելուց յետոյ հաստատւում է ԱՄՆ-ում ու ֆիլմ նկարահանում…

Խօսակցութիւնը տանում է դէպի մերօրեայ Թուրքիայ: «Թուրքիայում այսօր չկայ մէկ ամբողջական պետութիւն` տարբեր ազգեր են, տարբեր գաղափարներ, տարբեր հաւատալիքներ: Եւ ոչ ոք ոչ մէկին չի սիրում. չերքեզներին գող են անուանում, յոյներին` սուտասան, հայերին` դաւաճան… Իրենք իրենց թշնամիներ են ստեղծում: Համակարգն է այդպիսին, ասիմիլեացիոն քաղաքականութիւն են վարում», ասում է նա:

Ցաւով է նշում, որ եկել է Հայաստանից հեռանալու ժամանակը: «Սկզբում ասում էի` մէկ անգամ գնամ, տեսնեմ, բաւական է, սակայն հիմա մտածում եմ ամէն տարի գալու մասին: Յուսով եմ` կրկին կը գամ, աւելի շատ ժամանակ կ’անցկացնեմ այստեղ: Բացի այդ, մտածում եմ համալսարանն աւարտելուց յետոյ այստեղ մագիստրատուրայում սովորել: Յուսով եմ` այս ցանկութիւնս էլ ժամանակի հետ իրականութիւն կը դառնայ:

 «Այստեղ ինձ հանգիստ եմ զգում, սակայն գնալու փաստը թախիծ է առաջացնում: Ինչ-որ չափով այնտեղից եմ, թէպէտ իմ մարդիկ այստեղ են: Այսպէս ասենք` Խոր Վիրապի հակառակ կողմն եմ անցնելու», ասում է Տիլարան:

Հայոց ցեղասպանութեան թանգարանից դուրս գալուց առաջ նա մի պահ կանգ առաւ յուշամատեանի մօտ: Երկար գրելուց յետոյ միտքը եզրափակել էր հայերէն` գրելով. «Հայաստան ինձ համար կարօտ է նշանակում»: