Հայոց Ցեղասպանութիւնը Պէտք է Ներկայացնել Համաշխարհային Հարթութեան Մէջ՝ Շեշտադրելով Նաեւ Անոր Գաղափարախօսական Կողմը․ Յարութիւն Մարութեան


Ամէն տարի Հայոց Ցեղասպանութեան թանգարան կ՛այցելէ մօտ 100,000 մարդ եւ առիթ կ՛ունենայ ծանօթանալու Հայոց Ցեղասպանութեան վերաբերող հազարաւոր փաստերու եւ վաւերագիրներու։

«Թորոնթոհայ»ը հարցազրոյց մը ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Յարութիւն Մարութեանի հետ՝ տեղեկանալու թանգարան-հիմնարկի ներկայ գործունէութեան, ապագայ ծրագիրներուն, Գանատայի Մարդկային իրաւանց թանգարանի հետ համագործակցութեան, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործին մէջ թանգարաններու դերի մասին։

Հարցազրոյցը վարեց՝ Սալբի Սաղտըճեանը

-Պրն․ Մարութեան, ինչպէս գիտենք Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը իր գործունէութեան 24 տարիներու ընթացքին շատ մեծ աշխատանք տարած է Հայոց Ցեղասպանութեան վերաբերող հսկայան նիւթ հաւաքագրելու եւ ներկայացնելու հանրութեան։ Այսօր թանգարան-հիմնարկը ի՞նչ ուղղութեամբ կ՛աշխատի։

 

-Դուք ճիշդ նկատեցիք, թանգարանը 24 տարեկան է։ Միւս տարի առաջին հեբելեանն է նշելու։ Թանգարանը ստեղծուել է 1995 թուականին՝ Ցեղասպանութեան 80-ամեակի առթիւ եւ առ այսօր ունեցել է 2 ցուցադրութիւն․ առաջինը 1995-ին, իսկ միւսը 100-ամեակին։ Թանգարան եւ յուշահամալիր են այցելում տարեկան մօտ100  հազար հոգի եւ այդ100  հազար հոգին առաջին հերթին նայում են ցուցադրութիւնը։ Շատ կարեւոր է, որ ցուցադրութիւնը լինի գիտականօրէն հիմնաւորուած, լինի ժամանակին հետ համընթաց, ճաշակով ձեւաւորուած։ Ըստ իս՝ մեր ցուցադրութիւն այդպիսին է։ 

Թանգարանը նաեւ գիտահետազօրական հիմնարկութիւն է։ Թանգարանում կան մի քանի բաժիններ, որոնք տանում են գիտական, հետազօրական աշխատանք` մի քանի ուղղութիւննրով. Յուշագրութիւնների, վաւերագրերի եւ մամուլի հետազօտման բաժինը այժ զբաղւում է 400 անտիպ յուշագրութիւնների եւ վաւերագրերի, որոնք տասնամեակների ընթացքում հաւաքուել են, մանրամասն նկարագրութեամբ։ Մեր նպատակն է, որ այդ յուշագրութիւնները ծանօթագրել եւ մանրամասնութիւններով ներկայացնել հետազօտողներին։ Համեմատական ցեղասպանագիտութեան բաժինը զբաղւում  է այլ ցեղասպանութիւններու ուսումնասիրմամբ եւ դրանց համադրմամբ Հայոց Ցեղասպանութեան հետ։ Գիտակրթական ծրագրերի բաժինը, ուր մեր մօտ եկող դպրոցական աշակերտներին առաջարկում ենք լսել որեւէ մի զեկուցում ու հարց ու պատասխան անել։ Եթէ մեր ֆինանսական վիճակը թոյլ տայ, նախատեսում ենք ամառնային դասընթացք կազմակերպել սփիւռքահայ եւ հայաստանցի ուսուցիչների, ինչպէս նաեւ բարձ դասարաններու աշակերտների համար։ Գիտացուցադրական աշխատանքներու բաժին․ հիմնական եւ ժամանակաւոր ցուցարութիւններ ենք կազմակերպում։ Նախատեսում ենք Ժանսեմի Ցեղասպանութեան նուիրուած կտաւներու ցուցադրութիւնը, իսկ այս ամիս կազմակերպեցինք Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիսասի 150-ամեակին նուիրուած ցուցադրութիւն։

 Ուզում եմ խօսել մեր ապագայ անելիքների մասին․ այս տարուայ երկրորդ կէսից սկսելու ենք 2 մեծ ծրագրեր․ առաջինը, ուր մենք կարիք ենք ունենալու սփիւռքահայ մեր քոյր-եղբայրների օժանդակութեանը․ Ուզում ենք կազմել Հայոց Ցեղասպանութեան զոհերի եւ վերապրողների էլեկտրոնային շտեմարան։ Թէեւ 100 տարի է անցել, բայց դեռեւս չկայ մէկ անբողջական շտեմարան (database), որտեղ մէկտեղուած կը լինէին զոհերը, նաեւ վերապրողները։  Մենք միշտ ասում ենք մէկուկէս միլիոն զոհ, իսկ թէ ինչ մարդկային ճակատագիրներ են այդ թւուի յետեւում կանգնած, դա կան տարբեր գրքերում։ Էստեղ մենք փորձելու ենք էդ տեղեկութիւնները համառօտ դնել եւ համապատասխան յղումներ առաջարկել, իսկ եթէ չգիտենք, գոնէ հիմնական տուեալները հաւաքագրենք, որ դրուի համացնացում, ուր մարդիկ կարողանան նշումներ եւ լրացումներ անել։ Փորձելու ենք տեղում սփիւռքահայ կամաւորների միջոցով մուտքագրել տուեալները՝ նշելով համապատասխան աղբիւրը եւ կցել իրենց ուղարկած նիւթերին։ Մենք չենք ուզում գործը կեդրոնացնել մէկ տեղ։ Կեդրոնացուած կը լինի ստուգումը եւ համացանց ներբեռնելը, բայց մնացած աշխատանքը փորձելու ենք, որքան հնարաւոր է ցրուած տարբերակով աշխատել։

Միւս ծրագիրը, որ ինչ որ ձեւով կապուած է սրա հետ, դա Հայոց Ցեղասպանութեան վերապրողների տեսավկայութիւնների թուայնացումն է։ Կան բազմաթիւ ձայնագրութիւններ եւ տեսանկարահանումներ, որոնք արուել են տասնամեակներ առաջ։ Խնդիր ենք դնում, դրանք թուայնացնել, մշակել, ցանկագրել ու նոյնպէս դնել համացանց, որովհետեւ դա ունի կրթական մեծ նշանակութիւն․ մի բան է երբ աշակերտը ուսուցչից լսում է թուեր, մի բան է, երբ ան տեսնում է եւ լսում է վերապրողի պատմութիւնը եւ հոգեբանօրէն նրա իրա վրայ ազդում է եւ էդ յիշողութիւնը է աւելի ամրնում, ինքնուրոյն աշխատանք տանելու ցանկութիւն է առաջանում, ի լուման ունենալու պատրաստակամութիւն է յայտնւում։ Այս մօտեցման մէջ հրեաները մեծ յաջողութիւն են ունեցել, մենք պէտք է փորձենք, այն ինչ որ կայ մեր տրամադրութեան տակ եւ այն ինչ որ յոյս ունենք՝ կայ մեր սփիւռքահայ քոյր-եղբայրների մօտ, ստանալ, թուայնացնել եւ պահպանել։ Յիշողութիւն փոխանցել սերունդէ-սերունդ։

 

-2018 Դեկտեմբերին թանգարան-հիմնարկը փոխըմբռման յուշագիր ստորագրեց Գանատայի Մարդկային իրաւանց թանգարանին հետ։ Այս յուշագիրը ինչ կ՛ենթադրէ, ինչպիսի համագործակցութիւն կայ երկու թանգարաններուն միջեւ։

 

-Այո, եկան տնօրէնն ու տնօրէնի օգնականը, որ ծրագրերի ղեկավարն էր։ Շատ հաւանեցին մեր թանգարանը եւ կանգ առան երկու թեմաների վրայ․ մէկը Աւրորա Մարտիկանեանի ժամանակաւոր ցուցադրութեան կազմակերպումը Գանատայի Մարդկային Իրաւանց թանգարանում եւ երկրորդը՝ ցեղասպանութեան տարիներին տեղի ունեցան երեխաների բռնի կրօնափոխման, ազգափոխման գործընթացները։ Նման գործընթացներ տեղ են գտել նաեւ Գանատայում, բնիկների երեխաների շրջանում։ Կայ նախնական պայմանաւորուածութիւն մեր թանգարանի, Գանատայի թանգարանի եւ Լեհաստանի գիտական կեդրոններից մէկի միջեւ 2020 թուականին կազմակերպել մի գիտաժողով, որ կրում է “Forcible child transfer case studies of the armenian, polish and canadian natives” վերնագիրը։ Երեւի կը լինի նաեւ այցելութիւն մեր կողմից իրենց մօտ։ Ի հարկէ մենք շատ ուրախ կը լինենք եթէ իրենց թանգարանում կազմակերպուի մեր թանգարանի հիմնական ցուցադրութեան ժամանակաւոր ցուցադրութիւնը, այսինքն խտացուած տարբերակը։

Եւ ընդհանրապէս, բոլոր տեղերում որ գնում ենք գիտաժողովների մասնակցելու կամ մասնագիտական ուղուածութիւն ունեցող արտասահմանեան պատուիրակութիւններ ընդունելու ժամանակ, մենք անընդհատ հարց ենք բարձրացնում, որ մենք կ՛ուզենք մեր թանգարանի ժամանակաւոր ցուցադրութեան կազմակերպում որոշակի երկիրներում։

 

– Աշխարհի մէջ կան ցեղասպանութիւններու նուիրուած բազմաթիւ թանգարաններ՝ մեծաւ մասամբ Հոլոքոսթի։ Այսօր ի՞նչ է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի դերը այս բոլոր թանգարաններուն մէջ։

 – Ես մի յօդուած ունեմ այդ թեմային նուիրուած, որտեղ քննարկում եմ ինչու աշխարհի տարբեր երկրներում կան 66-67 հրէից ցեղասպանութեան նուիրուած թանգարաններ եւ ցուցադրութիւններ, իսկ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած ընդամէնը 1-2 հատ։ Ի հարկէ դա ունի իր հիմնաւորումները, բայց քննադատական բան ասեմ մեր հայկական համայնքներին․ ճանաչումը պէտք է ուղեկցուի այլ գործողութիւններով։ Սփիւռքի մեր համայնքներում շատ դէպքերում բաւարարւում են յուշարձան կառուցելով, որը որպէս կանոն վերջին տասնամեակին մասնաւորապէս խաչքար է լինում։ Խաչքարը, տարուայ մէջ աշխատում է մէկ օր։ Ապրիլի 24-ին հայկական համայնքի ներկայացուցիչները եւ ներկայացուցիչներ տուեալ պետութիւնից կամ նահանգից, գնում են խաչքարի մօտ, արտայայտւում են, յարգանքի տուրք են մատուցում ու վերջ։ Թանգարանը-ցուցադրութիւնը տարուայ մէջ աշխատում է 300 օր։ Միայն թանգարանն է, որ հնարաւորութիւն է տալիս այդ տուեալ երկրի քաղաքացիներին հասկանալ, պատկերացում կազմել թէ ինչ են այս հայերը յայտնուել իրենց երկրում։ Թանգարանը ոչ միայն ցուցադրական, այլ նաեւ գիտական հաստատութիւն է։ Պարտադիր չի որ համալսարանում լինի Հայոց պատմութեան ամբիոն, այլ բաւարար է լինի ցուցադրութիւն, փոքր թանգարան, մի քանի հոգանոց անձնակազմ։ Նա արդէն կարող է գործունէութիւն ծաւալել։

Եկեղեցին ունի իր դերը՝ համախմբման գործում, սա աւելի աշխարհիկ կառոյց է եւ սա ունի իր դերը եւ համայնքին մշակութային իմաստով համախմբելու եւ էդ երկրի քաղաքացիներին ցոյց տալու հայկական մշակոյթի պատմութիւնը, հայոց պատմութիւնը։ Մեր մշակոյթը, պատմութիւնը շատ հարուստ են, եւ մենք միայն հպարտանալու բան ունենք աշխարհի հետ կիսուելու։ Այսինքն Ցեղասպանութեան ճանաչումը դա լինի ոչ միայն քաղաքական ակտ, այլ նաեւ ժամանակի ընթացքում դառնայ այդ երկրի քաղաքացիների ինքնութեան կամ պատմական յիշեղութեան թեկուզ մի փոքր, բայց՝ մաս։ Պէտք է կարողանալ տարբեր երկիրների դպրոցական ծրագրերում ընդգրկել Հայոց Ցեղասպանութեան մասին, հայոց մշակոյթի մասին տեղեկատուութիւն։ Երբ խօսւում է գենոցիտի (ցեղասպանութեան-ԹՀ) մասին, խօսւում է միայն Հոլոքոստի մասին, որ շնորհիւ այդ թանգարանների է նաեւ։  Հոլոքոսթի նուիրուած ԱՄՆ-ում կայ մինչեւ 20 թանգարան, Եւրոպայում կայ, անգամ Աֆրիկայում եւայլ։ Նրանք կարողացել են իրենց հարցը զուտ հրէից ողբերգութիւնից բարձրացնել այլ մակարդակի, թէ ինչ է պատահում մարդկանց հետ, եթէ իշխանութեան է գալիս չարիքը՝ նկատի ունենալով Նացիզմն ու Ֆաշիզմը։ Մեր պարագայում աւելի շատ մնում է ազգային ողբերգութեան հարթութեան մէջ եւ դրանից մենք տուժում ենք։ Աշխարհը շատ դէպքերում չգիտի, այլ ոչ թէ չի ուզում իմանալ, բայց իրօք իրենց ներկայացնում է այլ կերպ քան թէ կարողանում են ներկայացնել մեր գործընկերները։

 

-Այսինքն դուք կ՛առաջարկեք Հայոց Ցեղասպանութիւնը աշխարհին ներկայացնելու ձեւը փոխել։

 -Այո, ան ներկայացնել աւելի համաշխարհային հարթութեան մէջ, շեշտադրուի նաեւ գաղափարախօսական պահը, այլ ոչ թէ էթնիկ թուրքերը կոտորեցին էթնիկ հայերին։ Եթէ հիմա աշխարհին էդպէս ես ներկայացնում, դրանից սկսում է մտածել, չէ որ չկան վատ ազգեր, վատ ժողովուրդներ, ինչի են այս հայերը անընդհատ շեշտում, որ թուրքերը մեզ կոտորեցին։ Իսկ եթէ հայերը շեշտադրում անեն նաեւ գաղափարախօսական կողմը, օրինակ՝ թուրքական նացիոնալիզմին, կամ թուրքիզմին։ Աշխարհին հետ խօսելուց պէտք է այլ լեզուով խօսես՝ նրա համար հասկնալի։ Էդ պարագայում միայն մենք կարող ենք ունենալ յաջողութիւններ ու շատ բաներ նաեւ համեմատելով, անընդհատ ցոյց տալով որ Հոլոքոսթը գրեթէ նոյնութեամբ եղել է նրանից առաջ։ Անընդհատ էդ բանը ցոյց տալ, անշուշտ գիտականօրէն հիմնաւորուած։

 

– Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակէն ետք, ըստ Ձեզի, չէ՞ եկած ժամանակը ճանաչումէն անցնելու հատուցման։

 – Ի հարկէ, Հայաստանը, ցաւօք սրտի, 70 տարի պետականութիւն չունէր եւ այդ իմաստով զգալի յետընթաց ունեցաւ հարցը այլ հարթութիւն տեղափոխելու գործում։ Ես գիտեմ, որ պետութիւնը ինչ-ինչ քայլեր ձեռնարկում է, ես չէի ասի որ նրանք շատ բաւարար են, յատկապէս իրաւական հարցերի թղթածրար է կազմւում, որպէսզի նախապատրաստուեն հատուցման։ Մի քանի նրբութիւններ կան, իմ կարծիքով, Հայաստանը որպէս պետութիւնը դժուար թէ ներկայացնի տարածքային պահանջներ Թուրքիայի հանրապետութեանը, բայց փոխարէնը հատուցման հարցը կարող են բարձրացնել Հայաստան պետութեան քաղաքացիները, որովհետեւ քաղաքացիների մի զգալի մասը, իմ եւ իմ գործընկերների փորձագիտական հաշուարկներով, 40-60 % արեւմտահայերի ժառանգորդներ են, եւ որպէս արեւմտահայերի ժառանգներ նրանք կարող են միաւորուել տարբեր կազմակերպութիւնների մէջ եւ փոքր-փոքր հայցերով hեղեղեն թուրքական դատարանները, յետոյ գնան դէպի Եւրոպական։ Դա պահանջում է շատ մեծ կազմակերպուածութիւն, պահանջում է կապիտալ ներդրումներ։ Ամէն ինչ փոխկապակցուած է, որ պահանջում է հետեւողականութիւն։ Այսինքն՝ ներդրումներ եւ հետեւողականութիւն։ Այդ պահը կարծես թէ մեզ մօտ դեռ կաղում է։ Դա ունի իր բացատրութիւնները, դրանից մէկը այն է, որ մենք դեռ այնքան ուժեղ չենք, որ կարողանանք զգալի գումարներ յատկացնել այդ հարցոով։ Եւ էստեղ պէտք է սփիւռքահայութեան օժանդակութիւնը։ Իմ խորին համոզմամբ հատուցման խնդիրը, որ առաջ ներկայացւում էր, որպէս միայն սփիւռքի խնդիր, բացարձակապէս ոչ, դա նաեւ Հայաստանի քաղաքացիների իրաւունքների մէջ է մտնում։ Մեր, իմ պապը, պապիկը էնտեղից են եւ էնտեղից բռնի ուժով են տեղափոխուել Հայաստան, ստիպմամբ են իրենց հայրեինքը լքել, այդ իսկ պատճառով մենք իրաւասու ենք պահանջներ ներկայացնելու։

Խնդիրը այդ պահանջների ներկայացման ձեւի մէջ է։