Հարցազրոյց՝ ՀՕՄի Գանատայի Շրջ․ Վարչութեան Անդամ, Թորոնթոյի Ներկայացուցիչ Իռէն Թիլիմեանի Հետ


Զինուորի Վերականգնողական Կեդրոնի մէջ ՀՕՄի Գանատայի Շրջանի ծրագրի ժամանակ` ՀՕՄի ներկայացուցիչները վիրաւոր զինուորներու հետ

Տիրուկ Մարգարեան Կարապետեան

ՀՕՄի օժանդակութիւնն ու ՀՕՄուհիներուն բծախնդրութեամբ տարած աշխատանքը ամենայն ճշգրտութեամբ կը շարունակուի ամենուրէք, եւ մանաւանդ Հայաստանի եւ Արցախի մէջ։ Այս աշխատանքներու ծիրէն ներս անոնց ծաւալած գործունէութեան մասին զրուցեցինք 2020-ի Դեկտեմբերին Հայաստան այցելած, ՀՕՄի Գանատայի Շրջանի Վարչութեան անդամ, Թորոնթոյի ներկայացուցիչ Իռէն Թիլիմեանի հետ, որմէ մանրամասնութիւններ քաղեցինք հոն իրականացուող աշխատանքներուն ընթացքին մասին եւ ՀՕՄուհիներուն դիմակայած դժուարութիւններուն եւ անոնց յաղթահարման մասին։ 

Հարցում – Հնարաւորութիւն ունեցաք Հայաստան այցելելու եւ տեսնելու Հայ Օգնութեան Միութեան ծաւալած գործունէութիւնը: Արդեօք ինչպիսի՞ ծրագիրներ կ’իրականացնէ ՀՕՄը Հայաստանի եւ Արցախի մէջ։

Պատասխան – Ապրելով սփիւռքում` շատ դժուար է պատկերացնել, թէ ինչ է ապրում մեր ժողովուրդը եւ ինչ դժուարութիւնների հետ է բախւում ամէն օր: ՀՕՄը միշտ եղել է այնտեղ, որտեղ կարիքը կայ, եւ այսօր մեր հայրենիքն աւելի շատ մեզ պէտք ունի,  քան երբեւէ: ՀՕՄը անում է ամէն ինչ օգնելու կարիքաւորներին: Ես այցելեցի ՀՕՄի Երեւանեան գրասենեակ եւ տեսայ, թէ ինչպէս են մեր ՀՕՄուհիները իրականացնում օժանդակութեան ծրագրերը: Քանի մը շաբթուան  ընթացքում մի քանի անգամ գնացի հոն ու երկու անգամ էլ քաղաքից դուրս եւ ականատես եղայ ՀՕՄի` 1000 ընտանիքների նիւթական օժանդակութեան ծրագրի աշխատանքներին եւ փորձեցի իրենց օգտակար լինել։ Նրանք այցելում էին Երեւանից դուրս գտնուող տարբեր գիւղեր եւ հանդիպում Արցախում իրենց տները կորցրած ընտանիքներին: ՀՕՄը իրականացնում է «Կանգնեցէք Արցախի Ընտանիքի Հետ» եւ «Ամանորեայ Նուէրներ Երեխաներին»ի ծրագրերը`այս ընտանիքներին տրամադրելով գումարներ ձմրան ցուրտ ամիսներին նրանց աջակցելու նպատակով: Բացի այդ, մինչ ես այնտեղ էի, ՀՕՄը կապուեց «Զինուորի Վերականգնողական Կեդրոն»ի հետ եւ Նոր Տարուան առիթով յատուկ ծրագիր մը իրականացրեցինք վիրաւոր զինուորների եւ զոհուած զինուորների երեխաներին համար։

 

Հ․- «Զինուորի Վերականգնողական Կեդրոն»ի մէջ կայացած ծրագրի մանրամասնութիւնները կրնա՞նք իմանալ ձեզմէ։

Պ․ – Ես, Գանատայի շրջանի` «Ամանորեայ Նուէրներ Երեխաներին» ծրագրին համար դիմել էի ՀՕՄի գրասենեակ, սակայն քանի որ Կեդրոնական վաչութիւնը արդէն սկսած էր միեւնոյն ծրագիրը իրականացնել, ուստի խաչաձեւում չըլլալու համար` ինծի կապի մէջ դրին՝ «Զինուորի Վերականգնողական Կեդրոն»ի պատասխանատուին հետ։ 58 Աբովեան հասցէում գտնուող այս հսկայ շէնքին մէջ վիրաւոր զինուրները բուժումներ են ընդունում։ ՀՕՄի առաջարկը այն էր, որ վիրաւոր զինուորներին եւ զոհուած զինուորների երեխաներին բաժանենք Գանատայից հասած օժանդակութիւնը։ Այս լաւագոյն ձեւն էր, երեք շաբթուայ ընթացքում, իրականացնելու նուէրներ բաժանելու ծրագիրը։ Կապի մէջ մտայ պատասխանատու ընկերուհի Նառայի հետ եւ սկսանք ցանկեր պատրաստել եւ այդպիսով օրը որոշեցինք եւ Դեկտեմբեր 21 իրականացրեցինք այդ ծրագիրը։

Չորս յարկանի շէնքի գրադարանը մեզի յատկացրեցին, ուր  Ձմեռ Պապիին ներկայութեամբ եւ  թեթեւ հիւրասիրութեամբ կարողացանք յաջող ձեռնարկ մը անցկացնել եւ մեր նուէրները բաժանել երեք տարբեր խումբերով հոն ժամանած երեխաներին (Երեւանի մարզերից եւ Երեւան քաղաքից)։ Ձմեռ պապիին օգնեցին վիրաւոր զինուորները եւ իրենք էին երեխաներին տալիս նուէրները եւ դրանով էլ ուրախանում եւ   հանգստութիւն զգում։ Երեխաներից մէկի ծնունդն էր այդ օրը ու նրան համար կարկանդակ էինք պատրաստել, որը շատ ուրախացրեց իրեն եւ բոլոր ներկաներին։

 

Հ – Ինչպիսի՞ն էր մթնոլորտը այդ օր, ինչպիսի՞ զգացումներ ունեցան ներկաները։

Պ – Ամուսին կորցրած սեւազգեստ մայրեր արցունքը աչքերնին դիտում էին իրենց ժպտդէմ երեխաներին, որոնք ուրախութեամբ ստանում էին իրենց նուէրները։ Մինչ նրանք տեսնում էին իրենց երեխաների երջանկութիւնը եւ լացում էին, երկու թոռնիկների հետ կեդրոն եկած որդեկորոյս արցախցի պապիկ մը մօտեցաւ ինծի եւ հարցրեց, թէ որո՞նց կողմէն է այս օժանդակութիւնը ու երբ իմացաւ, որ Գանատայից է՝ «Շնորհակալ ենք սփիւռքից, որ մեզ միշտ օգնում է։ Առանց նրան մենք ի՞նչ կ’անենք», ասաց ու արցուքները սրբեց։ Շատ ազդեցիկ պահ էր այդ մէկը ինծի համար։  

 

Հ – Նախապէս յիշեցիք, որ Արցախէն տեղահանուած 1000 ընտանիք հովանաւորելու ծրագիրին ներկայ եղաք, արդեօք ինչպէ՞ս կ’ընթանար այդ ծրագրի աշխատանքը։

Պ – Արցախէն տեղահանուած 1000 ընտանիք հովանաւորելու ծրագրին համար, ամէն մէկ ընտանիքի անմիջական ծախսերը հոգալու համար, նախատեսուած է ամսական դրութեամբ $250 ամերիկեան կամ $340 գանատական։ Այս ծրագիրը պիտի ընթանայ չորս ամսուան տեւողութեամբ ու Կեդրոնական վարչութիւնը պիտի սերտէ ծրագրի շարունակման կամ կասեցման անհրաժեշտութիւնը։ ՀՕՄի գրասենեակի մեր ընկերուհիները գիշեր-ցերեկ կ’աշխատին՝ տեղահան եղած ընտանիքներին գտնուելու վայրը ճշդելու եւ զանոնք ցանկագրելու համար։ Առաւելաբար, տեղահանուած ընտանիքները Արարատի մարզի մէջ էին, բայց շատերը փոխել էին իրենց նախապէս գտնուած վայրը ու անոնց հասնելը շատ դժուար էր։ Երբեմն ՀՕՄի մանկապարտէզների տնօրէնուհիներից էլ տեղեկանում էինք ընտանիքներից որոշ մասի բնակած վայրերը ու ընտանիքի անդամներին թիւը եւ այդպիսով իրականացնում էինք օժանդակութիւնը։ Երբեմն օժանդակութիւն ստացող ընտանիքները զանգում էին իրենց բարեկամներին ու անոնք էլ կապ էին հաստատում մեր ընկերուհիներին հետ եւ գումարը ստանում։ Մենք չէինք կարող այս ամէնը կազմակերպել առանց ՀՕՄի գրասենեակում մեր ընկերուհիի օգնութեան: Դուք չէք կարող պատկերացնել, թէ այս օրերին ինչեր են ապրում մեր ընկերուհիները: Նրանք իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են գրասենեակում, որտեղ շատ փաստաթղթեր եւ նիւթատեխնիկական աշխատանքներ են կազմակերպում, իսկ մնացած ժամանակը նրանք այցելում են կարիքաւոր ընտանիքներին: Ցանկանում եմ յատկապէս շնորհակալութիւն յայտնել մեր ընկերուհիներից՝ Համեստ Սասունեանին, Մարինէ Համբարձումեանին եւ տիկին Նառային եւ Հայաստանի մեր բոլոր ՀՕՄուհիներին, որոնք անխոնջ աշխատում են եւ օգնում են կարիքաւոր մեր հայրենակիցներին։ Թող Աստուած օգնական լինի մեր ազգին ու հայրենիքին, որպէսզի շուտով անցկացնենք այս դժուարին օրերը։

Զինուորի Վերականգնողական Կեդրոնի մէջ` ՀՕՄի Գանատայի Շրջանի Ծրագրի իրականացման ընթացքէն պատկերներ

ՀՕՄի` «Կանգնեցէք Արցախի Ընտանիքի Հետ» ծրագրի իրականացման պահէն նկարներ