Բեմադրիչ Ջիվան Աւետիսեան “Դրախտի Դարպասը” ֆիլմի դերասանակա կազմին հետ Երեւանի մէջ տեղի ունեցած անդրանիկ ցուցադրութեան ընթացքին, 7 Հոկտեմբեր 2019
Տիրուկ Մարգարեան Կարապետեան
Թորոնթոյի Հայ Ակումբի (Armenian Association of Toronto) կազմակերպութեամբ, Ապրիլ 4-ին եւ 5-ին, York Cinema-ի մէջ Գանատայի մէջ առաջին անգամ ըլլալով պիտի ցուցադրուի հռչակաւոր բեմադրիչ Ջիվան Աւետիսեանի «Դրախտի Դարպասը» (Gate To Heaven) նոր ֆիլմը:
Թորոնթոյի Հայ Ակումբի իրականացուցած այս ծրագիրով թորոնթոհայութիւնը պիտի ծանօթանայ հայրենի բեմադրիչին եւ անոր նոր ֆիլմով անգամ մը եւս պիտի զգայ Արցախեան պատերազմի ու յաղթանակի շունչը:
Այս առիթով, յանձնախումբի պատասխանատու Վահէ Ծատուրեան, շեշտելով ֆիլմին ցուցադրումին ներկայ ըլլալու կարեւորութիւնը, յատնեց. “Արցախը հայութեան սրտին հոգեհարազատ մասնիկն է: Ջիվան Աւետիսեան այն տաղանդաւոր բեմադրիչն է, ով փորձած է շատ բարձր մակարդակով Արցախը ներկայացնել աշխարհին: Սոյն ֆիլմին ցուցադրութեան ներկայ գտնուելով խրախուսած պիտի ըլլանք մեր հայրենի բեմադրիչը, ինչպէս նաեւ մեր հոգու պարտքը պիտի կատարենք Արցախի հանդէպ”:
“Թեւանիկ” եւ “Վերջին Բնակիչը” ֆիլմերու, “Ընդհատուած Մանկութիւնը” կարճամեթրաժ ֆիլմի բեմադրիչ Ջիվան Աւետիսեանի հետ “Դրախտի Դարպասը”ի առաջին ցուցադրութեան ընթացքին իր ապրած զգացումներուն մասին հարցուցած հարցումիս պատասխանին, անոր ձայնի յուզականութիւնը եւ` “Ինձ համար շատ զգացմունքային է այն պահը, երբ ես դիտում եմ իմ նկարահանած ֆիլմը: Ֆիլմը ես ընդունում եմ որպէս իմ մէկ մասնիկը, ֆիլմը ինձանից անկախ չէ: Ես ֆիլմն եմ, իսկ ֆիլմը` ես” արտայայտութիւնը ուրիշ բան չէր, քան անցեալի ապրած դառնութիւնը աշխարհին ներկայացնելով յաղթական դուրս գալու հզօր կամքը:
Ֆիլմին նիւթը, նկարահանումներու ընթացքն ու դժուարութիւնները:
-Նիւթը տարիներով է ստեղծւում մտքիս մէջ, մոլեգնում, կայանում ու ձեւաւորւում: Ի վերջոյ Արցախի մասին նիւթերը իմ գլխում են ու իմ յիշողութեան մէջ: Ես անընդհատ մտածում էի, որ այս մարդիկ եւ իրադարձութիւնները կարող են դառնալ ֆիլմի մը համար հրաշալի նիւթ:
Նկարահանումների մեծ մասը Արցախում ենք իրականացրել եւ որոշ մի մասը Լիթվանիայում: Ֆիլմը ութ երկրների համատեղ արտատրութիւնն է: Մեր գործընկերոջ շնորհիւ ֆիլմի եւրոպական բաժինը նկարել ենք Լիթֆանիայում:
Դժուարութիւններ ու խոչընդոտներ են եղել նմանատիպ ֆիլմի ստեղծման ճանապարհին: Հիմնականը ֆինանսական դժուարութիւնն է, բայց նաեւ կան քաղաքական հարցեր․ չես կարող ներգրաւել մարդկանց` Արցախի մասին պատմող ֆիլմում, որովհետեւ ի վերջոյ քաղաքական ֆիլմ է, թեկուզ որ մենք քաղաքականութիւն չենք քարոզում, պատմում ենք անաչար եւ փորձում ենք պատմել մեր իսկական պատմութիւնը: Շատ դժուարութեամբ ստեղծել ենք մեր կազմը, հրաշալի ու երեւելի դերասանական կազմ ունենք, որոնք համաձայնուել են խաղալ ֆիլմում եւ այդ միջոցով նրանք ներկայացնում են իրանց մեծութիւնը թէ՛ որպէս արուեստագէտ, թէ՛ որպէս մարդ եւ ուզում են ազնիւ լինել պատմութեան առաջ: Դժուարութիւնները բազմազան են եղել, բայց մենք առաջ ենք շարժուել, որովհետեւ գիտակցում ենք, թէ որքան էլ դժուար լինի նկարահանելը, սակայն պատերազմի ժամանակ, մեր ու երեխայ պահող մեր ծնողների համար, շատ աւելի դժուար էր ապրելը այդ դժոխային իրավիճակում:
Հայ եւ օտար հանդիսատեսի եւ մասնագէտներու կարծիքը:
– Մինչեւ այս պահին ֆիլմը միայն ցուցադրուել է Հայաստանում` փրիմիէրայի ժամանակ, յետոյ երկու ամիս էքրաններին․ դրական եւ բարձր գնահատական է ստացել եւ սիրուել: Ուրախ եմ փաստել այդ հանգամանքը: Օտար մասնագէտների կողմից դիտուել եւ սիրուել է․ այդ իմաստով ամենէն կարեւոր գնահատականը այն է, որ ես այս տարի ներգրաւուել եմ` Berlinale Talents 2020-ին իմ նոր ծրագրով, այսինք “Revival” ֆիլմով, այս մէկը այն փաստն է, որ նրանք հաշուի են առել իմ նախորդ բոլոր ֆիլմերը: Փաստօրէն բարձր գնահատուել է “Դրախտի Դարպասը” եւ նրա մասին մեծ անդրադարձ կայ նրանց մօտ:
“Դրախտի Դարպասը” ներկայացուել է տարբեր փառատօնների եւ սպասում ենք պատասխաններին: Աշխատել ենք տարբեր մասնագէտների եւ խորհրդատուների հետ, որոնք յղկել են, օգնել են եւ հասցրել են ֆիլմը այս բարձր մակարդակին: Ֆիլմի որակը, պատմութիւնը եւ կատարողական աշխատանքը ինձ յուսադրում է, որ մենք բարձր գնահատականներ կը ստանանք ապագայում` նաեւ փառատօնների աշխարհում:
Ֆիլմի պատգամը եւ հայուն դրախտի դարպասը:
– Մարդը ի վերջոյ փնտռում է իր դրախտի դարպասը․ դա կարեւոր չէ կեանքի ո՞ր հատուածում կամ հանգրուանում է լինում: Մեր ֆիլմի հերոսի նման սկսում ես կանգ առնել եւ ետ դառնալ մի պահ ու սկսել նորից, բայց երբեմն հնարաւոր չի լինում: Փորձում ես գտնել քո արմատներդ` ինքդ քեզ, որպէսզի կայանաս, ամբողջանաս եւ ուժեղանաս ու այսպիսով ձգտում ես հասնել դրախտի դարպասին: Ի վերջոյ իմ կարծիքով իւրաքանչիւր մարդ իրանից մի պտղունց ունի այս ֆիլմում: Ես կարծում եմ, որ հայուն դրախտի դարպասը հենց Արցախն է եւ իւրաքանչիւր հայ մարդ ձգտում է դէպի հայրենիք:
“Դրախտի Դարպասը” ֆիլմի ցուցադրութեան խանդավառութեամբ սպասող թորոնթոհայութեան ողջոյնի խօսք:
– Ողջոյնի խօսքերս եմ ուզում յղել թորոնթոհայութեան: Ուրախ եմ ինձ տրուած այս հնարաւորութեան համար: Ուզում եմ, որ ֆիմի այս ցուցադրութիւնը կայանայ ու կայանայ լեփ-լեցուն դահլիճներով, որովհետեւ շատ դժուարին ճանապարհներով ենք անցել այս ֆիլմը ստեղծելուց ու այս ֆիլմը տարածելու մեծ յոյսեր ունենք: Շատ կարեւոր է, որ հանդիսատեսը գտնի ֆիլմին ու ֆիլմը` հանդիսատեսին: Իմ համար մեծ պատիւ է լինել գանատահայ հանդիսատեսի կողքին եւ ուրախ կը լինեմ ֆիլմից յետոյ զրուցել եւ պատասխանել նրանց հարցերին:
Մանկութեան տարիներուն` Գիւմրիի երկրաշարժին, ապա` Արցախեան պատերազմին մէջէն անցած եւ անոնց դառնութիւնը համտեսած նշանաւոր բեմադրիչ Ջիւան Աւետիսեանը առասպելական այն փիւնիկն է, որը ո՛չ միայն մէկ, այլ երկու անգամ մոխիրներու մէջէն դուրս եկած է ու բազմերնգ գոյներով կը հրապուրէ շարժապատկերի աշխարհը եւ թարգմանը կ՛ըլլայ տառապանքէն ու ցաւէն դէպի յաղթական ճախրանքի անցնող մեր ժողովուրդի զգացումներուն:
Յիշեցնենք, որ “Դրախտի Դարպասը” Ֆիլմը Թորոնթոյի մէջ ցուցադրուելէ ետք պիտի ցուցադրուի նաեւ Մոնթրէալի մէջ Ապրիլ 18-ին:
Photo Credit: Ani Djaferian