«Մենք հզօր ազգ ենք, կապ չունի ո՛վ որ տեղ է, մեր ոյժը հենց մեր միասնութեան մէջ է…իսկ այսպիսի միջոցառումներ նպաստելու են, որպէսզի մենք աւելի համախմբուենք», կ՛ըսէ Արցախի Կրթութեան, Գիտութեան եւ Մարմնամարզանքի Նախարար Նարինէ Աղապալեան


                               Խմբագիր Կարին Սաղտըճեան եւ Արցախի Կրթութեան, Գիտութեան եւ Մարմնամարզանքի Նախարար Նարինէ Աղապալեան:

 

Հարցազրոյցը վարեց՝ Կարին Սաղտըճեան

Օգոստոսի 5-էն 8-ը, Ստեփանակերտը ապրեցաւ աննախընթաց օրեր. հայկական փոքրիկ պետութեան մայրաքաղաքին փողոցները առաջին անգամ ըլլալով լեցուեցան աշխարհի տարբեր երկիրներէ ժամանած հայորդիներով:

Արդարեւ, 35 երկիրներէ եկած եւ 7-րդ Համահայկական ամառնային խաղերուն մասնակցող 5000-է աւելի մարզիկներուն կարեւոր մէկ մասը Ստեփանակերտի մէջ մասնակցեցաւ խաղերու բացման պաշտօնական հանդիսութեան:

Ուրախութիւնն ու խանդավառութիւնը ակներեւ էին Ստեփանակերտցիներուն մօտ. հիւրընկալ քաղաքին մէջ մարդիկ ժպիտով եւ կենսուրախ արտայայրութիւներով կը դիմաւորէին սփիւռքահայերը: Առիթէն օգտուելով՝ հարցազրոյց մը ունեցայ Արցախի Կրթութեան, Գիտութեան եւ Մարմնամարզանքի Նախարար Նարինէ Աղապալեանի Հետ: Ստորեւ հատուածներ.

 

Ձեր նախարարութիւնը ուղղակիօրէն առնչուած է Համահայկական խաղերու կազմակերպման հետ։ Որքանո՞վ կարեւոր են խաղերը Արցախի համար։

Առաջին անգամ է համահայկական խաղերը կազմակերպւում Արցախում եւ կազմակերպչական ամբողջ աշխատանքը համակարգում է հենց Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէն։ Նախարարութիւնը ինչոր չափով կողքից օգնում է, կարելի է ասել։ Մեզ համար շատ կարեւոր է այս միջոցառումը, ո՛չ էնքան մարզական տեսանկիւնից, որքան որ աշխարհասփիւռ հայ երիտասարդութեանը Արցախում համախմբելու տեսանկիւնից, որովհետեւ մենք՝ 1980-ականներին, երբոր Ղարաբաղեան Շարժումը սկսուեց, այստեղից մի հուժկու ալիք տարածուեց աշխարհով մէկ եւ ամբողջ սփիւռքը կանգնելով Արցախի թիկունքում եւ պաշտպանելով Արցախին՝ հայապահպանութեանը նոր թափ տուեց։ Կարեւոր է, որ ժամանակ առ ժամանակ այդպիսի լիցքեր ուղղուեն Արցախից դէպի սփիւռքի մեր գաղթօճախները, նաեւ նոր սերունդները ոգեշնչուեն, ճանաչեն Արցախը, զգան հայրենիքի զօրութիւնը եւ պահպանեն հայկական ինքնութիւնը, նաեւ համախմբուածութեան այդ հզօր ոյժը չկորցնեն, որովհետեւ մենք  հզօր ազգ ենք, կապ չունի ո՛վ որ տեղ է, մեր ոյժը հենց մեր միասնութեան մէջ է՝ դա բազմիցս ասել ենք, բայց պէտք է նաեւ դա պահել՝ այդ միասնութեան ոյժը, իսկ այսպիսի միջոցառումներ նպաստելու են, որպէսզի մենք աւելի համախմբուենք։ Ես շատ էի ուզում, որ նոր հայ սերունդը անպայման տեսնի Արցախը, որովհետեւ եթէ խորհրդային տարիներին արգելուած էր Հայաստան այցելել եւ իրենց ծնողները առիթ չեն ունեցել հայրենիք գալու, ապա՝ Արցախեան Շարժումով, Խորհրդային Միութեան փլուզումով, այդ դուռը եւ ճանապարհը բացուեց, բայց այսօր էլ շատ քիչ են մարդիկ, ովքեր որ տեսել են հայրենիքը, տեսել են Արցախը։ Ես ուզում եմ դա, որպէսզի հայ նոր սերունդը տեսնի, թէ ի՞նչի համար են պայքարել իրեն ծնողները, աւագ քոյրերն ու եղբայրները, արժէր արդեօ՞ք այդքան ջանք ու եռանդ, այդքան էնէրկիա, այդքան զոհեր տալ Արցախի համար։ Վստահ եմ, որ իրենք Արցախը տեսնելով շատ աւելի կը կապուեն հայրենիքին եւ իրենց հայ պատկանէլիութեամբ կը հպարտանան։

 

Որքանո՞վ կարեւոր է մարմնամարզանքը: Արդեօք Ղարաբաղի դպրոցական դասանիւթերուն մէջ ներառուա՞ծ է մարմնամարզութեան դասանիւթը։

Մարմնամարզութիւնը դպրոցում ֆիզկուլտուրա դասն է եւ ան  ներառուած է հանրակրթական ծրագրերում, բայց բացի այդ շատ-շատ են Արցախում մարզական խմբերը՝ տարբեր մարզաձեւերով։ Ունենք քսաներկուսից աւելի մարզական ֆետերացիաներ, սկսած թիմային խաղերով՝ պասքէթպոլ, վոլէպոլ, հէնտպօլ։ Դրանից բացի նաեւ ունենք մենամարտային մարտարուեստների խմբեր՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, թէքուանտօ, ուշու, մայթայ, սամբօ, մարմնամարզութիւն, սպորդային պարեր եւ այլ:

 

Մամուլին մէջ երբեմն կը կարդանք Ղարաբաղի մարզիկներու յաջողութիւններուն մասին, ընդհանրապէս Եւրոպայի եւ կամ ճանաչում չունեցող երկիրներու մրցոյթներուն մէջ: Ամէնէն շատ ո՞ր մարզաձեւերուն մէջ են յաղթողները։

Սամբոյից եւ ուշույից ունենք չեմփիոններ։ Սամբոյի Արցախեան դպրոցը շատ լաւն է եւ կայացած է. տարի չկայ, որ մենք չունենանք աշխարհի կամ Եւրոպայի չեմփիոն, իսկ այս տարի ունեցանք նաեւ Պելառուսիայում կայացած Եւրոպական խաղերի մրցանակակիր եւ մեր մարզիկը սամբոյից պրօնզէ մետալի արժանացաւ, սա մեր ամենամեծ յաղթանակն էր առ այսօր։ Յաջորդը արդէն պիտի լինի օլիմբիականը։ Ի հարկ է, մենք ուրախութեամբ ներկայանում ենք Հայաստանի դրօշի ներքոյ եւ Հայաստանի դրօշի տակ ներկայանալով մենք իրականում ներկայացնում ենք երկու հայկական պետութիւնները մէկ միասնական հայրենիքով։

 

Չճանաչուած Երկիրներու ֆութպոլային Քոնֆետերացիան (CONIFA) այս տարի այստեղ կազմակերպեց մրցաշարք. ի՞նչպէս կրցաք այդ միջոցառումը Արցախի մէջ կազմակերպել։

Մի քանի տարի աշխատանք կատարուեց եւ Անկախ Ֆութպօլային Ասուցիացիաների Քոնֆետերացիան՝ Քոնիֆան, երրորդ անգամ Եւրոպական ֆութպօլի առաջնութիւն կազմակերպեց եւ այդ երրորդ առաջնութիւնը կազմակերպուեց Արցախում։ Այդ պայմանաւորուածութիւնը ձեռք է բերուել մեր իշխանութիւնների եւ Քոնիֆայի ղեկավարութեան միջեւ։ Ի սկզբանէ գրանցուել էին տասներկու թիմեր, բայց արդիւնքում ութ թիմեր մասնակցեցին ու կարծում եմ շատ լաւ կազմակերպուած, յաջողուած ու կայացած միջոցառում էր: Սա շատ կարեւոր է, որովհետեւ քաղաքականութեան պատճառով ո՛չ մէկը պէտք չի զրկուած լինի ո՛չ կրթութեան իրաւունքից, ո՛չ սպորդով զբաղուելու իրաւունքից, ո՛չ մշակութային իրաւունքներից. Այսինքն՝ սա էն ձեւաչափն է, որը հնարաւորութիւն է տալիս բոլոր նրանց, ովքեր մեծ քաղաքականութեան պատճառով զրկուած են այդ հնարաւորութիւնից։ Այսօր աշխարհը սահմաններ չի ճանաչում եւ ցանկացած երեւոյթին ձեւաւորւում է այլ ընտրանք. եթէ ասենք Ուէֆան կամ Ֆիֆան չի ճանաչում այս երկրների թիմերին եւ անոնք չեն կարող ընդգրկուել իրենց կազմերում, հետեւաբար կազմւում է մէկ այլ ձեւաչափ, որը հնարաւորութիւն է տալիս այդ երկրներին մասնակից դարձնելու նման միջոցառումների եւ սա ինչոր չափով մրցակցութիւն է ծաւալում, եւ ասեմ որ նաեւ այս ձեւաչափերով, միջոցառումներից յետոյ, նաեւ թիմեր են ընդգրկւում Ուէֆայի կազմում, այսինքն՝ դա նշանակում է, որ բաւականին մասնագիտական մակարդակ կայ այս այլընտրանքին մէջ։ Տեսէ՛ք, Արցախի թիմը առ այսօր իրաւունք չունէր եւ չունի անգամ Հայաստանի առաջնութեանը մասնակցելու, այս դէպքում ի՞նչ անեն այստեղ ապրող մարդիկ, ովքեր որ ուզում են նոյնպէս ֆութպօլ խաղալ եւ հնարաւոր է, որ նրանց մէջ կայ մէկ Մէսսի կամ Ռոնալտօ, այսինքն՝ տաղանդ ունեն։ Լաւ ինչ անե՞ն կամ ի՞նչպէս վարուեն, ուրեմն պէտք է նրանց համար ստեղծենք այդ հնարաւորութիւնը։ Մեր պարտքն է ստեղծել այդ հնարաւորութիւնը մեր երեխաների եւ նոր սերնդի համար եւ մենք գտնում ենք այլ ընտրանքը։ Մենք չորս դաշտեր նորոգեցինք այդ ծրագրի համար եւ այսօր ունենք արդէն չորս, նոյնիսկ հինգ մարզադաշտ, որտեղ կարելի է լիարժէք ձեւով ֆութպոլի խաղեր անցկացնել, իսկ այս միջոցառումից յետոյ արդէն աւելացել են այդ ցանկացողների եւ այդ թիմերին գրանցուողների թիւը, բայց մենք պէտք է նրանց համար ապագան տեսանելի դարձնենք, այսինքն՝ իրենք սովորեցին, իսկ յետո՞յ։ Այդ յետոյի մասին մենք պէտք է մտածենք եւ իրենց համար ճանապարհ բացենք դէպի մեծ ֆութպոլ։

 

Կրթութեան մարզին վերաբերեալ հարցում մը. մօտաւորապէս քանի՞ աշակերտ ունի Ղարաբաղը եւ` քան՞ի դպրոց կամ համալսարան։

Ունենք մօտաւորապէս 23,500 աշակերտ, 216 հանրակրթարան։ Ունենք նախակրթարաններ, միջին մասնագիտական կրթական հաստատութիւններ, որտեղ արդէն տասներկու տարեկանից սկսեալ կարող են սովորել տարբեր արհեստներ կամ արուեստներ։ Ունենք բժշկական, երաժշտական, պարարուեստի գոլէճներ։ Ունենք նաեւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատութիւններ, օրինակ՝ շինարարական ուղղուածութեամբ, տարբեր- տարբեր տեղերում սպասարկման ուղղութեամբ։ Ներկայիս լուրջ աշխատանք ենք տանում այդ ուղղութեամբ եւ ուզում ենք ամրացնել արհեստաւորների պատրաստման օղակը, որովհետեւ անոնց պահանջարկը կայ։ Շուշիում ունենք շատ լաւ ուսումնարան՝ Եզնիկ Մոզեան Արհեստագործական Ուսումնարանը՝ ֆրանսիական մոտէլով կառուցուած։ Մենք ուզում ենք բարձրացնել այդ մակարդակի ընդհանուր մասնագիտական կրթութիւնը, որպէսզի հնարաւորութիւն տանք երեխաներին այնպիսի հմտութիւններ ձեռք բերել, որոնցով իրենք կարող են աշխատանք գտնել։

Արցախում չորս համալսարաններ ունենք եւ մէկ ինստիտուտ։ Երկուքը պետական են՝ Մայր բուհ՝ Ստեփանակերտում եւ Տեխնոլոկիական համալսարան՝ Շուշիում, միւս երկուսը մասնաւոր /անձնական/ համալսարաններ են՝ Գրիգոր Նարեկացի եւ Մեսրոպ Մաշտոցի համալսարանները եւ ունենք մէկ կիրառական ինստիտուտ՝ Յակոբ Կիւրճեանի Անուան Կիրառական ինտիտուտ Շուշիում։ Այս ոլորտում էլ փոփոխութիւն պիտի անենք, որովհետեւ փոքրիկ Արցախի համար այդքան համալսարանների առկայութիւնը ճիշդ չէ։ Մենք պէտք է չափորոշիչները աւելի բարձրացնենք, որպէսզի կարենանք աւելի որակեալ կրթութիւն ապահովել եւ մասնաւոր բուհերը չեն կարող որակեալ կրթութիւն ապահովել։

 

Իսկ անոնք ե՞րբ ստեղծուած են, պատերազմէն ե՞տք ։

Պատերազմից յետոյ են յառաջացել։ Իրականում շատ աւելի վատ էր վիճակը։ Պատերազմից յետոյ մէկ տասնեակից աւելի բուհեր, համալսարաններ կամ մասնաճիւղեր ստեղծուեցին՝ այդ ժամանակ յստակ պետական քաղաքականութիւն եւ վերահսկողութիւն չկար եւ աւելի շատ դա պիզնէս էր նախաձեռնողների համար, միւս կողմից էլ երիտասարտութեանը Արցախում պահելու խնդիր կար, դրա համար տեղծուեցին այդ բուհերը, բայց ժամանակի ընթացքում կառավարութիւնը գնաց կտրուկ քայլերի եւ փակեց մի շարք համալսարաններ, որոնք բոլորովին չէին համապատասխանում, չունէին պայմաններ եւ ներուժ։ Այսօր երեք մասնաւոր բուհ է մնացել, որոնք առայժմ գործում են տարբեր կրթական ծրագրերով, բայց հիմա հաւատարմագրման գործընթաց ենք սկսել, նաեւ նոր օրէնք պիտի լինի եւ կարծում եմ արդէն էդ բուհերն էլ պէտք է համապատասխան փոփոխութիւններ անեն՝ հակառակ դէպքում նրանք հաւատարմագրում չեն ստանալու։

Իսկ գիւղական շրջաններու մէջ ինչպիսի՞ն է դպրոցներու իրավիճակը:

Մենք հիմա ստիպուած ենք ամէն քիլօմեթրի վրայ դպրոց պահել, իսկ ամէն դպրոցը դա նշանակում է, որ բոլոր առարկաներից ուսուցիչներ ունենալ, ու չնայած էնտեղ տասը երեխայ են, պարտաւոր ենք այդ տասը, հինգ երեխայի համար դպրոց պահել, որպէսզի ես աւելի մեծ դպրոցներ պահեմ եւ աւելի լաւ կրթութիւն տամ, լաւ ճանապարհներ պէտք է ունենամ։ Հիմա շատ վտանգաւոր է էդ ճանապարհներով էդ երեխաներին տանել միւս գիւղ ու բերել, որովհետեւ ճանապարհների վիճակը շատ վատ է։

Այս տարիների ընթացքում Սփիւռքի եւ Հայաստանի օգնութեամբ երկու կարեւոր ճանապարհներ կառուցեցինք՝ Գորիս-Ստեփանակերտը եւ Վարդենիս-Ստեփանակերտը։ Դա շատ լաւ է, բայց ի վերջոյ եթէ մեր գիւղերը իրար կապող ճանապարհները լաւ չեն, սա նշանակում է, որ էդ գիւղերի բնակչութիւնը հազուադէպ է ներս ու դուրս անում եւ սա նշանակում է, որ մէկուսասած են ապրում ու անընդհատ ուշքերնին դուրսն է լինելու, որ գնան։ Որովհետեւ տեսնում են ձեր ասած ամէն լաւ, յարմարութիւնները եւայլն եւ ուզում են իրենց երեխաներն էլ օգտուեն այդ բաներից։ Բայց եթէ ճանապարհները լաւ լինեն աւելի մեծ համայնքներ կը լինեն, կեանքը աւելի հետաքրքիր կը լինի եւ բոլոր յարմարութիւնները կը ստեղծուեն, որ մէկն էլ չի մտածի ուրիշ տեղ գնալու մասին։

 

Այսօր Համահայկական հիմնադրամը համայնքային կեդրոններ կառուցելու մեծ ճիգ կ՛ընէ: Հաւանաբար յետայսու ենթակառոյցները պէտք է լինեն ուշադրութեան առարկայ:

Կառավարութիւնը հիմնադրամի միջոցով ամէն տարի ներկայացնում է պահանջները։ Տեսնենք, դեռ պարզ չի ինչպիսին կը լինի Հայաստան Համահայկական Հիմնադրամի ապագայի գործունէութիւնը։ Իսկ Գանատահայութիւնը, իրականում, շատ մեծ գործեր է անում ե՛ւ կրթութեան, ե՛ւ առաղջապահութեան, ե՛ւ տարբեր ոլորտներում։