Յաղթողներ ու Պարտուողներ Չեն Կարող Լինել. Դաշնակցութեան Կոչը


ՀՅԴ Գերագոյն Մարմինը յայտարարութիւն-կոչ  տարածած է․

«Վերջին օրերի լարուած, պայթիւնավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխօսութեան հարթակ ստեղծելու ՀՅԴաշնակցութեան ջանքերը երէկ յոյս էին առաջացրել, որ հնարաւոր կը լինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամէն ինչ արել էինք կողմերին երկխօսութեան, բանակցութիւնների բերելու համար:

Ցաւոք, սկսուած գործընթացը, բևեռացուած մօտեցումների պատճառով, այսօր տապալուեց: Բայց նոյնիսկ վերջին իրադարձութիւններից յետոյ մենք շարունակում ենք հաւատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել և շտկել կացութիւնը:

Այս առումով կարևոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ յաղթողներ ու պարտուողներ չեն կարող լինել: Հասարակութեան և պետութեան շահերը վեր են ամէն ինչից:

Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղությիւններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտռել:

Այլ տարբերակ ուղղակի գոյութիւն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել:

Իր սկզբունքային դիրքորոշումներին հաւատարիմ՝ Դաշնակցութիւնը շարունակելու է երկխօութեանն ուղղուած հետևողական ջանքերը»: