Պատերազմից Յետոյ Կեանք Կա՞յ


Գէորգ Թոսունեան

Արցախի պատերազմը տեւեց 44 օր. ամէն օր Հայաստանի և Արցախի հանրութիւնն արթնանում էր ռազմաճակատից եկող տեղեկութիւնների ակնկալիքով, գրեթէ ամէն օր հրապարակւում էր զոհերի ցուցակ, կեանքը Հայաստանում և Արցախում կանգնել էր։ Պատերազմի աւարտից յետոյ սկսել են աշխուժանալ քաղաքներն ու գիւղերը։ 

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին համատեղ յայտարարութիւն, որով Արցախի մի քանի շրջաններ, այդ թւում՝ Քաշաթաղի շրջանը, անցան Ադրբեջանին, այսպիսով Սիւնիքը եւս դարձաւ սահմանամերձ։

Այստեղ ապրող մարդիկ վերյիշում են խորհրդային շրջանը, երբ կրկին դիմացը ադրբեջանցին էր։

Եռակողմ յայտարարութիւնից յետոյ սահմանակից բոլոր գիւղերը բախուել են նոյն խնդրին՝ արօտավայրերի կորստին։ Գիւղացիները խոշոր և մանր եղջերաւոր կենդանիներին տանում էին Արցախի տարածքներ, հիմնականում Հադրութի շրջան, սակայն այժմ այդ հնարաւորութիւնից զրկուել են. շատերը ստիպուած վաճառում են անասունները։

Սիւնիքի Արաւուս գիւղում ականատես ենք արտասուոր տեսարանի․ սա միակ տարածքն է, որտեղ նոյն սարի գագաթին՝ միմիանցից ընդամէնը 20 մետր հեռաւորութեան վրայ, հերթապահում են հայ և ադրբեջանցի զինծառայողները։ Ձայներ չեն լսւում, իրար հետ դեռեւս չեն շփւում։ 

Արաւուսում կարծում են, որ կարող են ադրբեջանցիների հետ լեզու գտնել։ Այս գիւղի 53 հեկտար տարածքը հակառակորդի հսկողութեան տակ է։ Գիւղապետ Արգամ Հովսէփեանը բանակցել է ադրբեջանցի զինծառայողների հետ, մէկ շաբաթ կարողացել է պահել տարածքը, սակայն հետագայում համաձայնութան չեն եկել ու դուրս են եկել այդ հողերից։ Արգամ Հովսէփեանը տասը տարի ապրել է Բաքւում, շատ լաւ տիրապետում է լեզուին, ադրբեջանցիների հետ հենց նրանց լեզուով է խօսել։ Այս պահին համայնքի արօտավայրերը վերադարձնելու յոյս ունի։

Սիւնիքի սահմանամերձ մէկ այլ գիւղում՝ Խոզնավարում, երեխաները ցոյց են տալիս ադրբեջանական դիրքերը։ Գիւղացիները պատմում են, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողները հայ զինուորներին առաջարկել են միասին թէյ խմել, խմել են, թէ ոչ՝ չգիտեն։

Խոզնավարից մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ է գտնւում սահմանամերձ Խնածախը։ Բնակիչներից Սերժիկ Ղազարեանն ասում է, որ շարունակելու է ապրել գիւղում։ Հարցին, թէ հնարաւոր է նրանց հետ հարեւանութիւն անել, պատասխանում է՝ ոչ. «Քանի արիւն կայ, հնարաւոր չէ»։

Այս գիւղում դեռ մնացել են 90-ականների սկզբին արցախեան առաջին պատերազմի հետքերը, որոնք գիւղացիները չեն էլ հեռացրել։

Այստեղ է ապրում նաև Անժելա Դաւթեանը, որը Քաշաթաղից է եկել։ Պատմում է, որ իր քրոջ երեխաները կնքուել են Արցախի Ծիծեռնավանքում, ուզում էր որդուն ու դստերը եւս կնքել նոյն վանքում, սակայն եկեղեցին ու իր տունն անցել են ադրբեջանցիներին։

Սիւնիքի Տեղ գիւղը բնակչութեամբ ամենախոշորներից է։ Այստեղ, ինչպէս միւս սահմանամերձ համայնքներում, դեռ միայն հաշւում են վնասները՝ արօտավայրերի ու դաշտավայրերի կորստի պատճառով։ 

Տեղ գիւղից Հովսէփ Ղազարեանենց տունը սահմանին ամենամօտն է։ Ամէն օր նրանք արթնանում են և սուրճ խմում ադրբեջանական զինուորների աչքի առաջ․ անզէն աչքով հնարաւոր է տեսնել հակառակորդի դիրքերը։ Հովսէփն ունի հինգ թոռ, երեխաները գնում են դպրոց, գիւղում կեանքը շարունակւում է բնականոն հունով։

Սահմանամերձ դարձած բնակավայրերի և մայրաքաղաքի իրողութիւնները կտրուկ տարբերւում են։ Երեւանում քաղաքական պայքար է ընթանում, ընդդիմադիրները հանրահաւաք են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով, վերջինս, սակայն, հրաժարականի մասին չի մտածում և ներկայացրել է վեցամսեայ ճանապարհային քարտէզ։

Ստեղծուած նոր իրողութիւններում հնարաւոր չէ չյիշել Հրանտ Մաթեւոսեանին․ «Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամեակի շեմին ու քո 2000 տարուայ փորձից մի դաս չքաղե՞ս։ Այդ 20 դարերի ոչ մի հատուածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից աւելացնելով` մի թշնամի պակասեցնես… Բա այսքան պարտութիւն կրես ու յաղթել չսովորե՞ս»։

«Սիվիլներթ»