«Հայաստան ապրելով բացայայտեցի իմ առաւելութիւնները որպէս հայ». հարցազրոյց թորթոնթոհայ Արման Գալստեանի հետ


Սալբի Սաղտըճեան

Արման Գալստեանը թորոնթոհայ խոստմնալից երիտասարդ է, որ մեծ սէր եւ հետաքրքրութիւն ունի հայկական մշակոյթի եւ Հայոց պատմութեան հանդէպ։ Ներկայիս կ’ուսանի Թորոնթոյի համալսարանի Միջազգային յարաբերութիւններու բաժնին մէջ եւ իր ուսման եւ պրպտումներուն ընդմէջէն՝ Հայոց պատմութեան հետաքրքրական դրուագներ վեր կը հանէ։

«Թորոնթոհայ» առցանց հարցազրոյց մը ունեցաւ Արմանին հետ՝ ծանօթանալու իրեն, հայագիտութեան հետ կապուած իր ուսումնասիրութիւններուն եւ ամառը Հայաստան ապրելու եւ աշխատելու իր փորձառութեան մասին։


Սալբի Սաղտըճեան – Դուք թորոնթոհայ երիտասարդ էք, որ մեծ հետաքրքրութիւն ունի հայագիտութեան հանդէպ։ Կը պատմէ՞ք ձեր մասին, ինչպէ՞ս յառաջացաւ այս սէրն ու հետաքրքրութիւնը։

Արման Գալստեան – Ծնած եմ Թորոնթոյի մօտիկ Օքվիլ (Oakville) քաղաքում, յաճախել եմ այստեղի հանրային դպրոցը։

ՍՍ – Եւ շատ լաւ հայերէն կը խօսիք:

ԱԳ – Շնորհակալ եմ։ Տանը միշտ հայերէն ենք խօսում։ Ծնողներս Պարսկաստանից են եկել 1980-ական թուականներին։ Մենք երաժշտութեան խանութ ունենք Թորոնթոյում, Օքվիլում։ Երաժշտութիւնը եւ յատկապէս հայկականը ոչ միայն լսել ենք, այլ նաեւ նրա պատմութիւնն ենք ուսումնասիրել մեր տանը։ Միշտ պատմութիւնն ու երաժշտութիւնը խառնուած են իրար հետ։ Ընտանիքիս անդամներից եւ հարազատներիցս եմ հայկական ոգին ժառանգել։ Մեծ հայրս շատ է սիրում Հայոց պատմութիւնը։ Մեր եւ մեծհօրս տանը կան շատ քարտէսներ, որոնք շատ եմ ուսումնասիրել։

Տասնըչորս տարեկանում միացայ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ)։ Հայրս ՀՄԸՄ-ում մարզիչ էր, իսկ մայրս երգչախումբում էր երգում։ Հայկական շաբաթօրեայ դպրոց եմ գնացել, դրա համար հայերէն գրել-կարդալս մի քիչ թոյլ է։ Վերջերս սկսայ բանաստեղծութիւն, գրականութիւն աւելի շատ ուսումնասիրել, որպէսզի գրել-կարդալս ալ լաւացնեմ։ Բանաստեղծութիւններով սկսայ, յետոյ անցայ պատմուածքների, վէպերի եւ երկերի ժողովածուների։ Ներկայիս Լեռ Կամսար եմ կարդում։ Ամառը, որ 2,5 ամիս Հայաստան մնացի, շատ օգնեց ինձ հայերէնս բարելաւելու։  Այժմ մագիստրոսական (Master’s) կրթութիւնս եմ անում Թորոնթօ համալսարանում, ուր Հայաստանի հետ կապուած ուսումնասիրութիւններ ալ գրում են։

ՍՍ – Ի՞նչ կ’ուսանիք եւ ինչի՞ վրայ կը մասնագիտանաք։

ԱԳ – Թորոնթոյի համալսարանի (University of Toronto) Munk School of Global Affairs and Public Policy-ում եմ սովորում։ Եւրոպական եւ ռուսական ուսումնասիրութիւններ մասնագիտութեամբ մագիստրոսականս եմ անում։ Հիմակուայ իմ մասնագիտութիւնը աւելի շատ Կովկասի՝ Հայաստանի, Վրաստանի, Ազրպէյճանի շուրջ է։ Ուսումնասիրութիւններս հիմնականօրէն կապուած են Հայաստանի հետ՝ ըլլայ գրականութիւն, պատմութիւն, Արցախի հարց եւ այլն։ Այն դասընթացքը, որ ինձ թոյլ է տալիս գրել Հայաստանի մասին՝ գրում եմ։  Նախընտրում եմ հայոց պատմութիւնը, բայց գործս մի քիչ հեշտացնելու համար՝ ընտրել եմ Կովկասի, կամ  նախկին Սովետական Միութեան երկրների պատմութիւնը։ Աշխարհում շատ քիչ Հժհայագիտական ծրագիրներ (Armenian studies programs) կան, աւելի շատ Ամերիկայում է. Գանատայում չկայ։ Այս փուլում երկու բանի մասին եմ մտածում՝ կամ դասատու դառնալ, կամ ալ EVN Report-ի նման լրատուամիջոցի մը մէջ գրել։ Հիմա Թորոնթոյի համալսարանի մէջ ուսուցչի օգնական եմ. փորձում եմ իմանալ, թէ դաս տալը արդեօք սիրո՞ւմ եմ, թէ՝ ոչ։ EVN Report-ն էլ ինձ ցոյց տուաւ, որ շատ եմ սիրում գրել։ Այս տարի վերջին տարին է մագիստրոսի ուսմանս։ Եթէ PHD-ի ճանապարհով գնամ, ուզում եմ աւելի շատ գրել եւ գրելու ունակութիւնս լաւացնել։

ՍՍ – EVN Report-ի մէջ կարդացի սփիւռքի գաղութներու մասին ձեր գրած յօդուածները։ Այսինքն՝ սփիւռքի պատմութիւնն ալ ձեզի կը հետաքրքրէ։

ԱԳ – Այո, շատ։ Ինծի շատ կը հետաքրքրէ, թէ որտեղ հայ կայ, ինչքան ժամանակ է այնտեղ են եղել եւ ինչո՛ւ եւ ինչպէ՛ս են այնտեղ յայտնուել, կամ հիմա ինչո՞ւ հոն չեն, յետոյ անոնց դերը այդ երկրի զարգացման մէջ։ Ամառը, երբ Հայաստանում էի, սկսայ աշխատել EVN Report-ի մէջ եւ իրենք առաջարկեցին գրեմ Գանատայի հայերի մասին, օրինակ՝ Ճորճթաունի հայ տղոց։ Ուսումնասիրելով՝ իմացայ, որ այնտեղ եղել են ոչ միայն տղաք, այլ նաեւ աղջիկներ։ Յօդուածը աւելի հետաքրքրական դարձաւ, երբ ծանօթացայ Հեմիլթընում ապրող այդ տղոցմէ մէկուն զաւկին՝ Թոմ Ճաքսընին։ Ան ինձ պատմեց իր հօր եւ Հեմիլթընի գաղութին մասին։ Փորձում եմ ապացուցել եւ ցոյց տալ ինչ որ նոր բան, կամ մէջտեղ բերել այնպիսի բան, որ աշխարհին եւ յատկապէս հայաշխարհին ծանօթ չէ։

Նոյնպէս Եթովպիայի հայերի մասին շատ հետաքրքրական էր գրելը։ Ուսումնասիրելով՝ իմացայ, որ 20-րդ դարի սկիզբը այնտեղ եղել է ամենաշատ հայութիւնը, մօտ 2.000 հոգի։ Այդ քիչ թուաքանակով ինչքան շատ բան են արել այդ երկրում․ օրինակ՝ թագաւորական ընտանիքի գլխաւոր ոսկերիչը հայ էր, կամ թագը հայ մըն էր սարքել, նոյնն ալ պատահել է Պարսկաստանի մէջ, ուր որոշ հայեր շատ մօտ են եղել թագաւորին հետ։

ՍՍ – Ամառը Հայաստան էիք։ Կը խօսի՞ք ձեր փորձառութեան մասին։

ԱԳ – Ասիկա եօթներորդ անգամն էր, որ Հայաստան էի գնում։ Ունեմ ազգականներ, որոնք երկար ժամանակէ ի վեր Հայաստան են հաստատուել։ Հայաստանի հետ մեր կապը մօրաքոյրս է եղել։ Այս անգամ զբօսաշրջիկի կարգավիճակով չէի. կարողացայ աւելի երկար մնալ, մենակ ապրել, գործի գնալ։ Ինձ համար շատ հաճելի փորձառութիւն էր։ Տեղացիի պէս ապրելով եւ աշխատելով, աւելի ուրախ էի զգում։

Ամէնօրեայ առօրեաս շատ էի սիրում։ Շատ մարդոց ծանօթացայ ե՛ւ սփիւռքահայերի ե՛ւ տեղացիների։ Հայաստանում փորձում էի ինչքան կարող եմ մարդոց հետ շփուել։ Սիրում եմ յատկապէս Հայաստան ապրողների կեանքի մասին պատմութիւններ լսել, սովորել։ Շատ մարդիկ գիտեմ Թորոնթոյում, որ Հայաստան չեն գնացել։ Միշտ փորձում եմ իրենց քաջալերել, բացատրել, թէ մարդիկ ինչ են անում Հայաստանում, Հայաստանը ինչով է հետաքրքիր։ Շատ բնական է, ուր որ ալ ապրինք, վստահ որ դժգոհութիւններ կ’ունենանք, բայց ես չեմ հիասթափւում։ Ամենակարեւորը, որ մեր խնդիրները լուծենք իրար հետ։ Մէկ-մէկ կարող է հիասթափուենք, բայց չենք կարող թողնել ու հեռանալ։

ՍՍ – Հայաստան ապրելով եւ մարդոց հետ շփուելով ի՞նչ հետաքրքրական բաներ նկատեցիք։

ԱԳ – Շատ փոքր բան էր, բայց շատ էի ուրախանում, երբ ինձնից տեղ, կամ փողոց էին հարցնում։ Ընդհանրապէս շատ ուրախացայ երիտասարդների հետ շփուելով։ Մի բան ալ նկատեցի՝ հակառակ բոլոր դժուարութիւններին կեանքը դեռ շարունակւում է։ Պատերազմի ժամանակ Թորոնթոյում նստած մտահոգւում էինք, ջղայնանում, իրար հետ վիճում, տխրում։ Բայց մեր վէճերը այնտեղ ոչ մի բան չի փոխելու, կեանքը պէտք է շարունակուի։ Ամենալաւ բանը, որ կարող ենք անել, նրանց քաջալերելն է, օգնելը, ուս-ուսի իրենց կողքին կանգնելը։ Իմացայ՝ որպէս սփիւռքահայ Հայաստանում որքան մեծ հնարաւորութիւններ ունեմ, բացայայտեցի իմ առաւելութիւնները որպէս հայ։

Հայրենադարձութեան մասին շատ եմ մտածում, շատ մեծ աջակից եմ հայրենադարձութեան։ Սփիւռքում ապրելու մեր առաքելութիւնը հայապահպանութիւնն ու Հայաստանի հետ կապ ստեղծելն է։ Ամէն մէկս մի կապ պէտք է ստեղծենք Հայաստանի հետ, դա լինի բարեկամ, ընկեր, գործ կամ այլ։ Ամրացնելով այդ կապը, գնալ-գալը կը շատանայ, իսկ յետոյ էլ՝ մնալու ցանկութիւնը։ Թորոնթօ վերադառնալէն ետք, զգում եմ, որ շատ քիչ էր, ուզում եմ յետ գնալ։ Գործս եմ կարօտել, քաղաքս եմ կարօտել։ Այնտեղ այնպէս էի ապրում, որ չէի մտածում, որ ետ եմ գնալու, այնպէս էի ապրում, ոնց որ մինչեւ կեանքիս վերջը այնտեղ եմ մնալու։ Եկէ՛ք, ապրէ՛ք Հայաստան։

Ամառը մագիտսրոսականիս համար թեզ եմ գրելու, ուզում եմ անպայման Հայաստանի եւ հայութեան հետ կապ ունենայ եւ գնամ այնտեղ աշխատեմ, հարցազրոյցներ անեմ, մարդոցմէ խորհուրդ ստանամ։

ՍՍ – Արման, հիմա Հայաստանը շատ դժուարին ժամանակներ կ’ապրի. ըստ քեզի սփիւռքը եւ յատկապէս երիտասարդութիւնը ի՞նչ կրնայ տալ, կամ ի՞նչ կրնայ փոխել Հայաստանի մէջ։

ԱԳ – Մենք շատ ենք հպարտանում մեր Հայաստանով եւ ուզում ենք նա ամենալաւը լինի։ Իմ կարծիքով Հայաստան գնալը ամենակարեւոր բանն է սփիւռքահայի համար, որպէսզի մեր սովորածը իրենց սովորեցնենք, միեւնոյն ժամանակ իրենցից էլ սովորենք։ Բոլորս իրարից սովորելու շատ բան ունենք։ Խորհուրդս այն է՝  եկէք Հայաստան, եկէք սովորէք, եկէք սովորացրէք։ Այս երկուսը շատ կարեւոր են։ Ամառը ես փորձեցի ամէն ինչին այդպէս մօտենալ, այն՝ որ շատ բան ունեմ սովորելու։

Երկրորդ կարեւոր բանը, ըստ ինծի, թէ՛ սփիւռքում եւ թէ՛ Հայաստանում իրար լսելն է, իրար հետ խօսելը, իրարու կարծիքը յարգելը։ Նկատել եմ յարգանքը շատ է քչացել, յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ։ Բնականաբար, ամէնքս ջղային ենք, տխուր ենք, դրանք պատճառ են դառնում, որ իրար մեղադրենք։ Բայց միշտ պէտք է յիշենք, որ մենք շատ քիչ ենք եւ չենք կարող այդպէս առաջ գնալ եւ այդ մէկը ոչ մէկ բան չի լուծում։ Մենք սփիւռքում այնքան ուժ ունենք, որ պէտք չէ այդ ուժը իրար դէմ վատնենք, այլ համախմբուելով՝ այդ ուժը օգտագործենք յանուն Հայաստանի։

Չեմ ուզում Եղիշէ Չարենցի խօսքը կրկնած ըլլալ, բայց ասեմ՝ եթէ միանանք, ամենահզօրն ենք։ Մենք շատ ենք դժուարացնում հարցերը, որովհետեւ չունենք իրար լսելու կամեցողութիւնը։ Բայց նկատել եմ, որ անկախութեան սերունդը կամ աւելի փոքրը, սկսում են աւելի շատ իրար լսել, յարգել։ Եթէ նոյնիսկ դիմացինի խօսքը չենք ընդունում, դա չի նշանակում, որ մենք թշնամի ենք իրար։ Այս է ամենակարեւորը․ այդտեղից պէտք է սկսենք եւ փոխենք մեր ծայրայեղ մօտեցումները։