Արցախի ԱԺ՝ «Մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»


Ստորեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւնն է՝ Արցախի Հանրապետութեան ժողովրդին սպառնացող հումանիտար (մարդասիրական) աղէտը կանխելու մասին, հրապարակուած՝ 13 Դեկտեմբեր 2022-ին:


Խախտելով միջազգային իրաւունքի բոլոր նորմերը, ինչպէս նաեւ 2020 թուականի Նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողութիւնների դադարեցման մասին եռակողմ յայտարարութեան դրոյթները` երէկ՝ Դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպէս կոչուած, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակւում է մինչ այժմ: Պաշտօնական Բաքուի կողմից անմիջականօրէն կազմակերպուած այս սադրիչ գործողութիւնները միտուած են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մէջ բռնի կերպով ընդգրկելու մշակուած ծրագրերի իրականացմանը: 2020 թուականի Նոյեմբերի 9-ից յետոյ Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած Եռակողմ յայտարարութիւնը, ապօրինի կերպով զաւթել է Արցախի Հանրապետութեան բազմաթիւ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել եւ ահաբեկել խաղաղ բնակչութեանը` ամէն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունէութիւնը: Բնապահպաններ ներկայացողների պահանջները եւ գործողութիւնները զուրկ են փաստարկուած հիմնաւորումներից, քանի որ Արցախի Հանրապետութեան կողմից նախորդ 30 տարիներին հարեւան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչութեան հանդէպ որեւէ էկոլոգիական (խմբ.՝ բնապահպանական) սպառնալիք չի արձանագրուել, ինչը խօսում է Արցախի Հանրապետութեան` որպէս պատասխանատու եւ միջազգային իրաւունքի նորմերը յարգող սուբիեկտի (խմբ.՝ առարկայի) մասին:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանութիւնների այս գործելաոճը ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների, միջազգային պարտաւորութիւնների, միջազգային իրաւունքի սկզբունքների ու նորմերի կոպտագոյն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար (խմբ.՝ մարդասիրական) ճգնաժամով՝ ցեղասպանութեան եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին:

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները պարտաւոր են ձեռնարկել առարկայական եւ գործուն քայլեր` Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ անխափան ցամաքային կապի վերականգման եւ Արցախի Հանրապետութեան քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան նպատակով:

Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնութիւնից` որպէս 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կողմ եւ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան երաշխաւոր, անյապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առաւելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայութեան գոյութեան եւ իր հայրենի հողում ապրելու իրաւունքը, ինչպէս նաեւ ռուսական խաղաղապահ առաքելութեան հեղինակութիւնը:

Կոչ ենք անում միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրաւիրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:

Դիմում ենք Հայաստանի եւ Սփիւռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորութիւնները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծուած հումանիտար աղէտի մասին, տէր կանգնելու արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանն ու պատրաստ լինելու այդ ուղղութեամբ անհրաժեշտ գործողութիւններ իրականացնելու:

Սիրելի´ հայրենակիցներ

Մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում:

13 Դեկտեմբեր, 2022

Ստեփանակերտ