«Համազգայինի նպատակը մշակոյթի ճանապարհով Արցախի ապրելու ձայնը հնչեցնելն է»․ Հերմինէ Աւագեան


Սալբի Սաղտըճեան

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը, իր նախաձեռնած տարբեր ծրագիրներով, կ’աշխուժացնէ երկրին մշակութային կեանքը՝ ներգրաւելով նորահաս սերունդը եւ մասնաւոր ուշադրութիւն դարձնելով սահմանամերձ համայնքներուն։ Պատերազմէն ետք գրասենեակը առաւել անհրաժեշտ կը համարէ աշխարհին ծանօթացնել Արցախի արուեստն ու գրականութիւնը՝ հակազդելու թշնամիին, որ կը փորձէ տարբեր միջոցներով խեղաթիւրել եւ իւրացնել Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգութիւնը։

Հերմինէ Աւագեան (լուսանկարը` «Ապարաժ»-ի)

Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն, արձակագիր Հերմինէ Աւագեան «Թորոնթոհայ»-ին տուած հարցազրոյցի ընթացքին կը ներկայացնէ Համազգայինի գործունէութիւնն ու կազմակերպած տարատեսակ ծրագիրները, որուն ընդմէջէն կը տեղեկանանք Արցախի մշակութային կեանքին, մարդոց հոգեվիճակին, դիմագրաւած դժուարութիւններուն, սպասումներուն․․․

Սալբի Սաղտըճեան– Ե՞րբ հիմնուած է Համազգայինի Արցախի գրասենեակը եւ ի՞նչ է անոր գլխաւոր գործառոյթը Արցախի մէջ։

Հերմինէ Աւագեան– Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը հինգ տարի է, որ գործում է։ Մինչեւ այդ, Արցախը միշտ Համազգայինի ուշադրութեան կենդրոնում է եղել։ Արցախի հետ կապուած աշխատանքները, ծրագրերը իրականացւում էին Երեւանի գրասենեակի խողովակով։ Անհրաժեշտութիւն առաջացաւ Արցախում ունենալու մշտական գրասենեակ, որը կամուրջ կը հանդիսանայ Արցախի եւ սփիւռքի միջեւ, նաեւ կը կարողանայ ինքնուրոյն տարբեր ծրագրեր առաջարկել, մշակութային տարբեր ձեռնարկներ իրականացնել թէ՛ մայրաքաղաքում եւ թէ՛ յատկապէս Արցախի շրջաններում։

Ես՝ չորս տարի է՝ հանդիսանում եմ գրասենեակի տնօրէն։ Երբ իմ ծրագրերը սկսեցի ներկայացնել Համազգայինին, առաջարկեցի շեշտադրութիւնը դնել հենց սահմանամերձ համայնքների վրայ, որոնք ընդհանրապէս անուշադրութեան են մատնուած՝ ե՛ւ մշակութային, ե՛ւ կրթական առումով։ Շրջաններից մարդիկ մայրաքաղաքում իրականացուող միջոցառումներին չեն կարողանում ներկայ գտնուել, ինչպէս նաեւ մշակութային խմբերն էլ շատ հազուադէպ են այցելում համայնքներ եւ սահմանամերձ գիւղեր։ Ուստի որոշեցինք այդ բացը լրացնել եւ մեր գործունէութեան շեշտադրութեան սլաքը ուղղեցինք սահմանամերձ համայնքների մշակութային կեանքի աշխուժացմանը։

ՍՍ- Գրասենեակը մինչեւ պատերազմ ինչպիսի՞ ծրագիրներ իրականացուցած է։

ՀԱ– Ճիշդ է գրասենեակը երիտասարդ է, բայց բազմաթիւ ծրագրեր է իրականացրել։ Կարողացանք համարեա Արցախի բոլոր շրջաններում կազմակերպել տարբեր ծրագրեր՝ ցուցահանդէսներ, գրական մրցոյթներ, թատերական ներկայացումներ, համերգային ծրագրեր, ուխտագնացութիւններ, արշաւներ։ Խումբեր են գնում շրջաններ ե՛ւ Ստեփանակերտից եւ սփիւռքի հետ համագործակցելով։

Որպէս օրինակ կարող եմ նշել՝ 2019-ի գարնանը, Կոմիտասի 150-ամեակին, լիբանանահայ նահատակ Գէորգ Հաճեանը եօթ օրով գործուղուեց Արցախի ամենահեռաւոր Կովսական։ Այնտեղ, յարակից համայնքների դպրոցներն ալ համախմբելով, ուսուցանեց Կոմիտասի երգերը, նրանց մեկնաբանութիւնը։ Միաժամանակ ձեւաւորեցինք «Կոմիտաս-150» փոքրիկ համոյթը, որ շրջանի միջոցառումներին ելոյթ էր ունենում։ Սահմանամերձ Նորաշէն համայնքում էլ ընկ․ Գէորգը համերգով հանդէս եկաւ։ Նրա խօսքից ժողովուրդին ոգին ինչքան բարձրանում էր։ Տեսնում էի, որ հոգեւոր սնունդի անհրաժեշտութիւնը կայ, յատկապէս մեր սահմանամերձ համայնքներում։ 2020-ին այս ծրագիրը պէտք է շարունակէինք Մարտակերտում, բայց, ցաւօք, սկզբում թագաժահրը, յետոյ՝ պատերազմը․․․

Համագործակցել ենք՝ Արցախի Մշակոյթի նախարարութեան, շրջանների վարչակազմերի, համալսարանների, դպրոցների, Արցախի Դաշնակցութեան երիտասարդական թեւի հետ եւ շատ-շատ ծրագրեր ենք արել ե՛ւ Ստեփանակերտի, ե՛ւ շրջանների հետ։ Խորհրդանշական էր Ստեփանակերտի պետական թատրոնի հետ մեր համագործակցութիւնը, որի ընթացքում կեանքի կոչեցինք «Լուսաբացից առաջ» ներկայացումը․ հեղինակը ես էի, բեմադրիչը՝ Ռուզան Խաչատրեանը։ Ներկայացումը 2021 թուականին Հայաստանում արժանացաւ «Արտաւազդ» մրցանակին։ Մինչեւ այդ Արցախից ոչ մի ներկայացում «Արտաւազդ»-ի չէր արժանացել։ Սա ներդրումն է նաեւ Համազգայինի, որ հաւատաց, որ մենք կարող ենք լաւ ներկայացում բեմադրել։

Պատերազմից առաջ կազմակերպել ենք գրական մրցոյթներ, որի նպատակն է եղել յայտնաբերել, ճանաչել, բացայատել հեռաւոր գիւղերում ապրող ստեղծագործող, տաղանդաւոր երիտասարդներին եւ Համազգայինի ճանապարհով նրանց ճանաչելի դարձնել Արցախում, հայրենիքում եւ յատկապէս սփիւռքում։ Այդ առումով հետաքրքիր էր «Ճախրող գրիչ» միջոցառումը, որի ընթացքում յաղթողները մօտաւորապէս շրջաններից էին։ Նրանց ներկայացնում ենք Գանատայի «Հորիզոն գրական» թերթի եւ «Բագին»-ի, ինչպէս նաեւ, պարբերաբար, Համազգայինի ու Դաշնակցութեան թերթերի եւ կայքերի միջոցով։

Մինչեւ պատերազմը, օրինակ՝ մենք Պէյրութում եւ Այնճարում կազմակերպել էինք Արցախցի 13 նկարիչների ցուցահանդէս, որին ներկայ եղան նաեւ այլազգիներ, ովքեր զարմացած էին, որ Արցախում՝ աշխարհից կտրուած այդ փոքրիկ անկիւնում այսպիսի տաղանդաւոր, շնորհալի նկարիչներ կան։ Ես շատ էի ուզում նման ցուցահանդէսներ նաեւ այլ երկրներում կազմակերպել, բայց, նիւթական խնդիրների պատճառով, չեղաւ։ Միշտ ասում եմ՝ սա էլ պայքարի միջոց է, սա էլ քարոզչութեան մեծ ճանապարհ է․ եկէ՛ք մշակոյթին մեծ ուշադրութիւն դարձնենք․ Արցախի մշակոյթը, մեր բոլոր հնարաւորութիւններով, դրսում ներկայացնենք, որովհետեւ, եբր մենք դա չենք անում, մեր թշնամին դա լաւագոյնս անում է ու՝ ներկայացնում որպէս իրենը։ Կարծում եմ, որ Հայազգայինի գրասենեակները եւ ընդհանրապէս սփիւռքի հայկական համայնքները պէտք է դա նկատի ունենան։

ՍՍ— Պատերազմէն ետք, ապահովական եւ ընկերային դժուար պայմաններու մէջ, մշակութային ծրագիրները կարելի կ’ըլլա՞յ շարունակել, թէ այլ ուղղութիւններու վրայ կը կեդրոնանաք։

ՀԱ—Պատերազմից յետոյ էլ նոյն ուղեծրով ենք շարժւում, որովհետեւ հիմա ամբողջ Արցախն է սահմանամերձ։ Եթէ այն ժամանակ շեշտը դնում ունէինք սահմանամերձ համայնքների վրայ, հիմա՝ Ստեփանակերտից սկսած մինչեւ Մարտունի, Մարտակերտ, ամբողջութեամբ սահման է, եւ ամէն տեղ այդ անհրաժեշտութիւնը կայ։

Նոյնիսկ պատերազմի օրերին բնաւ չդադարեց մեր գործը։ Երեխաները, Արցախի տարբեր շրջաններից, ժամանակաւոր ապաստանել էին Հայաստանի տարբեր վայրերում եւ ես էլ, իմ երեք որդիների օրինակով, տեսնում էի ինչքան վատ վիճակում են Արցախից տեղահանուած երեխաները․ Երեխաները մեր ապագան են, եթէ նրանց հոգում ինչ որ խարխուլ անկիւններ եղան, դրանից յետոյ ինչ էլ կառուցես, դա մի օր փլուելու է, իսկ այդ հոգեւոր հիմքը պէտք է ամուր պահենք։ Մշակոյթը, արուեստը շատ կարեւոր ճանապահ են դա կազմակերպելու համար։ Առաջարկեցի Համազգայինի Կեդրոնական վարչութեան կեանքի կոչել «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը։ Պատերազմի թեժ պահերն էին, 2020-ի Հոկտեմբերի վերջը, ես իմ մէջ ուժ գտնելով, նախ Երեւանում բացեցինք մի շարք արուեստի խմբակներ՝ թատերական, ազգային պարի, նկարչութեան, յետոյ աւելացաւ դասապատրաստման խմբակները։ Աբովեանում, Դիլիջանում նոյնպէս բացեցինք խմբակներ եւ բաւականին տեղահանուած երեխաներ սկսեցին ընդգրկուել մեր դասընթացներին։ Ես տեսնում էի, յատկապէս նկարչութեան դասընթացի առաջին օրերին, երբ ուսուցչուհին ազատ թեմա տուեց, բոլոր երեխաները նկարեցին արցունքոտ աչքերով մայրիկներ։ Այդ պահին հասկացանք, որ պէտք է հոգեբանի հետ դասընթացներ էլ կազմակերպենք։ Մի քանի շաբաթ յետոյ, արդէն երեխաները սկսեցին վերադառնալ իրենց երազանքներին, իրենց մանկական աշխարհը եւ՝ գոյներով նկարել։ Այս խմբակները օգնեցին նաեւ, որ երեխաները իրենց բարբառով հաղորդակցեն, իրենց դասընկերներին գտնեն եւ արդիւնքում՝ ձեւաւորուեց մի փոքրիկ Արցախ։ 2021 թուականի Յունուարից, նիւթական սուղ միջոցների պատճառով, խմբակները տեղափոխեցինք Արցախ․ առաջնահերթը Արցախը նկատեցինք։

Այս պահին խմբակներ ունենք Արցախի մի շարք գիւղերում (Ննգի, Մաճկալաշէն, Աշան, Կաղարծի, Հաղորտի, Մաղաւուզ, Ճանկաթաղ, Ղազարահողեր, Պօղոսագոմեր եւ Ստեփանակերտ)։ Գիւղերում հիմնականում ունենք ազգային պարի խմբակներ, որոնք կոչւում են «Մունք», իսկ կարգ մը գիւղերում եւ Ստեփանակերտում՝ «Հմուտ ձեռքեր»-ի խմբակներ։ Ստեփանակերտի Հայ յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ) գրասենեակում կազմակերպում ենք նաեւ Հայոց լեզուի գիտելիքի ամրապնդման դասընթացներ, որի միջոցով աշակերտները պատրաստւում են համալսարան ընդունուելու քննութիւններին։ Նշեմ, որ ուսուցիչների մեծ մասը տեղահանուած ուսուցիչներ են, բայց մեծ ուշադրութիւն ենք դարձնում նրանց մասնագիտական կարողութիւններին։ Կարեւոր է նաեւ՝ մեր սովորեցրածն էլ պտուղներ տայ․ մեր հովանաւորները Գանատայից, Ամերիկայից թէեւ չեն պահանջում, բայց անընդհատ իրենց ներկայացնում ենք մեր աշխատանքը։ Այս պահին «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագրից ընդհանուր Արցախում օգտւում է 350 երեխայ։ Ներկայիս ունենք նաեւ մասնագէտների պակաս ու նիւթական խնդիրներ։

Ամրանը մեր գրասենեակը՝ «Ապրելու ձայնը» խորագրով՝ եօթնօրեայ գրական-մշակութային մեծ փառատօն կազմակերպեց, Մայր Հայաստանից ու Սփիւռքից Արցախ ժամանեցին գրողներ, գրականագէտներ, մշակոյթի գործիչներ։ Թէ՛ Ստեփանակերտում, թէ՛ գիւղական համայնքներում ունեցանք գրական, մշակութային միջոցառումներ, ցուցահանդէսներ, ստեղծագործական մրցոյթներ։ Պարի մեր խմբակները, համերգներով հանդէս եկան, ձեռքի աշխատանքների խմբակները իրենց գործերը ներկայացուցին, նկարչութեան երեխաները արդէն երրորդ ցուցահանդէսը տուեցին փառատօնի ընթացքում։

Ուզում եմ նշել նաեւ, որ անցած տարի մենք կարողացանք Շուշիի Պետական թատրոնը համախմբել, որի դերասանները գտնւում էին Գիւմրիում, Երեւանում, Արցախում։ Մարտունիում հաստատուած ամերիկահայ Շանթ Չարշաֆճեանին հետ միասին, 10-օրեայ հիւրախաղեր կազմակերպեցինք՝ համոզուած լինելով, որ մի օր թատրոնը նորից Շուշիում կը խաղայ։ Շանթի «Լոռիկ» հիմնադրամի հովանաւորութեամբ՝ Մարտունու բոլոր գիւղերում տիկնիկային թատրոնի ներկայացումներ տեղի ունեցան, յետոյ Արցախի Տարածքային կառավարման նախարարութիւնը՝ միւս շրջաններում հովանաւորեց թատրոնի ներկայացումները։

Մեր նպատակն է ցոյց տալ, որ Արցախում շարունակում է ապրել հայ մարդը եւ շարունակում է արարել, ստեղծագործել։ Այստեղ Արցախը կա՛յ, ապրո՛ւմ է։ Այս ապրելու ձայնը հնչեցնելն է այս գրասենեակի իմաստը պատերազմից յետոյ, եւ դա մենք կարողանում ենք անել մշակոյթի եւ գրականութեան ճանապարհով։

ՍՍ—Հակառակ բոլոր դժուարութիւններուն, գրասենեակը հսկայական աշխատանք կը տանի՝ Արցախի մէջ մշակութային կեանքը աշխոյժ պահելու համար։ Ի՞նչ են գրասենեակին ապագայի ծրագիրները։

ՀԱ– Յառաջիկայ տարուայ համար ունենք շատ ծրագրեր։ Այս պահին աշխատում ենք Արցախի գրականութիւնը թարգմանելու ուղղութեամբ։ Սա քարոզչական նպատակ ունի, դրսում ուզում ենք ցոյց տալ, որ այստեղ ապրում է հայ գրողը, հայ ստեղծագործողը։ Շարքը շարունակական է լինելու, առաջինը արձակն է, յետոյ պոէզեան ․․․։ Այսօր պատերազմը միայն մարտի դաշտում չէ, պատերազմը նաեւ գրականութեան մէջ է, մշակոյթի մէջ է, յատկապէս, երբ մեր թշնամիները շատ ակտիւ են այդ ասպարէզում։ Ռազմադաշտը միայն սահմանին չէ, թիկունքում է նաեւ․ պէտք է անընդհատ Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել Արցախը, Արցախի մշակոյթը, գրականութիւնը, ցոյց տալ՝ այստեղ միշտ հայն է ապրել։ Սա պիտի մեզ համար առացքային խնդիր լինի, յատկապէս՝ պատերազմից յետոյ։

Ծրագրում ենք «Ապրելու ձայնը» այս տարի ալ անել, ուզում ենք գլխաւորապէս սփիւռքից մարդիկ լինեն։ Այս տարի մանակցել էին երկու հոգի՝ Համազգայինի վաստակաւոր անդամ ընկեր Տիգրան Ճինպաշեանը եւ «Հորիզոն»-ի խմբագիր Վահագն Գարագաշեանը։ Սփիւռքից այս երկու հոգու ներկայութիւնը այնքան մեծ ոգեւորութիւն ստեղծեց այստեղ։

 Ծրագրեր շատ ունենք, մէկ տարուայ ծրագիր ենք մշակել, բայց չգիտենք, թէ վաղը ինչ կը լինի։ Օրինակ՝ միջոցառում ենք կազմակերպում, բայց այնպիսի զարգացումներ են լինում՝ թուրքերն են յարձակում, լարուած վիճակ է լինում Արցախում․․․ յետաձգում ենք։ Պատահում է նաեւ, որ զգում ենք, որ տուեալ միջացառումը պէտք է անենք, որպէսզի այդ ճանապարհով էլ մարդկանց այս ընկճախտից հանենք։

Օրինակ՝ անցած տարուայ մեր համագործակցութիւնից կ’ուզէի նշել Թուֆէնկեան հիմնադրամի հետ մեր համատեղ կազմակերպած Աբօ Սահակեանի համերգները՝ Մարտունիում եւ Ստեփանակերտում։ Մի անգամ յետաձգեցինք, երբ Քարագլխի դէպքերը տեղի ունեցան։ Յետոյ ընկեր Ռուբէնի հետ հասկացանք, որ էլ չենք յետաձգելու։ Երբ համերգը կայացաւ՝ տեսանք, որ ընկճուածութիւն, անորոշութիւն կայ մարդոց հայացքներում։ Զգացինք, որ իրօք պէտք է արուեստի ճանապարհով հնարաւորինս հոգեւոր սնունդ տալ այստեղ ապրող մարդկանց՝ իրանց այս սթրեսից հանելու համար։

ՍՍ— Դուք ձեր աշխատանքի բերումով յաճախ կ’այցելէք շրջաններ, կը շփուիք, կը զրուցէք մարդոց հետ։ Արցախի մէջ ապրող հայը ինչի՞ կարիքը կամ սպասումը ունի այսօր։

ՀԱ- Դրսից, յատկապէս հեռաւոր սփիւռքից, երբ մարդ է գալիս, զգում ես, որ այդ մարդու հետ շփուելու, իրենց առօրեայի մասին թէկուզ զրուցելու անհրաժեշտութիւնը ունեն այստեղ։ Մինչեւ պատերազմն ալ այդ կարիքը կար, բայց այս խոչընդոտները չկային։ Հիմա, երբ որ սփիւռքից քիչ են գալիս, մարդիկ յուսահատում են։ Ամէն մի սփիւռքահայի ներկայութիւնը Արցախում, մի փորքիկ լոյս է, մի փոքրիկ յոյսի նշոյլ է։

Ես նկատել եմ, որ քաղաքում եւ գիւղերում տարբերութիւն կայ։ Քաղաքում պատերազմից յետոյ էլ աշխուժութիւն կայ, մշակութային կառոյցները այստեղ գործում են, ձեռնարկներ են անում, իսկ գիւղերում դարձեալ այդ կտրուածութիւնը կայ քաղաքից, թէեւ առանձին կազմակերպութիւններ կան, որ գիւղերում միջոցառումներ, ծրագրեր են անում, որը շատ գնահատելի է։ Յետոյ ապահովական վիճակը․ օրինակ՝ երբ Կարմիր Շուկայում Շուշիի թատրոնն էինք տարել, ներկայացումից անմիջապէս յետոյ, սկսեցին այդ տարածքի վրայ կրակել։ Այսինքն՝ այդքան երեխաներ հաւաքուել էին, նոյնիսկ երեխաների ծնողներն ու ուսուցիչներն էին եկել։ Այնքան հաւատ, այնքան յոյս էի տեսնում իրենց աչքերում, բայց ընդամէնը մի ժամ յետոյ ամէն ինչ փոխուեց։ Ամէն պահի Աստծուն շնորհակալութիւն եմ յայտնում, որ այդ պահին չեն կրակել, իսկ դա չի բացառւում։ Ես ամէն պահի խոնարհւում եմ այդ մարդկանց առաջ, որ այդ կրակահերթերի տակ իրենց երեխաներին սովորեցնում են սիրել իրենց գիւղը, սիրել իրենց հողը։ Բայց խորապէս որ մտածես,  դա էլ նորմալ երեւոյթ չէ։ Այդպիսի շատ-շատ դէպքեր են եղել ու հիմա ամէն օր, ամէն պահի ամէն ինչ սպասելի է այստեղ։

Այսօր շատ դժուար է մարդկանց համոզել, որ ամէն ինչ լաւ է լինելու։ Հիմա մարդիկ աւելի շատ են քաղաքականացուած, նոյնիսկ երեխաները։ Մարդիկ հեռակայ նպատակներ չեն ծրագրում, որովհետեւ չգիտեն՝ վաղը ի՞նչ է լինելու։ Դա ակնյայտ է հիմա։ Ի հարկէ, ոչ մէկ չի ուզում լքել Արցախը, հեռանալ Արցախից, որովհետեւ սա բոլորի տունն է, սա հայերի հայրենիքն է, բայց այդ ընկճուածութիւնը, այդ անորոշութիւնը չենք կարող անտեսել։

Նոյեմբեր 2022, Ստեփանակերտ