«Թորոնթոհայ»ի Զրոյցը Արցախի Կրթութեան Նախարար Նարինէ Աղաբալեանի Հետ


“Թորոնթոհայ”ի խմբագիր Կարին Սաղտըճեան կը զրուցէ նախարար Նարինէ Աղաբալեանի հետ, Ստեփանակերտ, Օգոստոս 2019:

Ո՞րն է Կնոջ Դերը Արցախի Քաղաքական եւ Ընկերային Կեանքին Մէջ, Ի՞նչ Կը Նշանակէ Մնայուն Պատերազմի Վիճակի Մէջ Զինուորի Կին, Քոյր Կամ Մայր Ըլլալ.

Արցախի Կրթութեան նախարար Նարինէ Աղաբալեան այս հարցումներուն կը պատասխանէ «Թորոնթոհայ»ի խմբագիր Կարին Սաղտըճեանի հետ զրոյցի մը ընթացքին, որ տեղի ունեցաւ անցեալ ամրան՝ Ստեփանակերտի մէջ:

Աղաբալեան Արցախեան շաժումին սկիզբէն՝ 1988-էն նետուած է լրագրողական, ապա քաղաքական ասպարէզ: 

Իր լրագրողական կեանքը սկսած է 1988-ին Արցախի պետական եւ Հայաստանի պատկերասփիւռի կայաններուն մէջ։ 2005-ին հիմնադրած է «Ծիր Կաթին» արտադրական մասնաւոր սթուտիոն, ապա հրատարակած է «Արցախինֆօ» շաբաթաթերթը:

2009-2017 վարած է է ԼՂՀ մշակույթի և երիտասարդութեան հարցերու նախարարի պաշտօնը: 2017-էն ի վեր կը զբաղեցնէ կրթութեան, գիտութեան և սպորտի նախարարի պաշտօնը:

Աղաբալեանի ամուսինը` Էդմոն Բարսեղեան, զոհուած է Արցախեան պատերազմին՝ ետին ձգելով կինն ու զաւակը:

 

Կ. Ս. – 2009էն ի վեր, նախարարութիւններ կը գլխաւորէք։ Իբրեւ կին ի՞նչպէս կը սահմանէք ձեր փորձառութիւնը։ Կառավարութեան մէջ ձեր գործակիցները ինչպէս ընդունած են ձեզ։ Ձեր ձեռքբերումները Ղարաբաղի կիներուն մասին ի՞նչ կ՛ըսեն։

Ն. Ա.- Մեր մօտ խտրականութիւն չկայ։ Որ ասեմ կանանց չեն ընդունում, էդպիսի բան երբեք չի եղել։ Երբ մէկը ունի կարողութիւններ իր համար միշտ էլ ճամբան բաց է եղել։ Կոնկրետ ինձ, մինչեւ 2009-ը մի քանի անգամ առաջարկել են ե՛ւ նախկին իշխանութիւնները ե՛ւ ներկայիս գործող նախագահը։ Տարբեր բաներ են առաջարկել եւ ես միշտ հրաժարւում էի, որովհետեւ յստակ իմ գործը ունէի։ Ես հեռուստատեսութիւնում եմ 20 տարի աշխատել, յետոյ ստեղծել եմ իմ մասնաւոր ստուդիան։ Ես սիրում էի իմ գործը եւ հաւակնութիւններ չունէի։ Բայց ի վերջոյ նախագահին յաջողուեց ինձ համոզել գալ կառավարութիւն։ Եւ արդէն 10 եւ աւելի տարիէ ես կառավարութիւնում եմ, սկիզբը որպէս Մշակոյթի եւ Երիտասարդութեան նախարար եւ արդէն երկու տարիէ որպէս Կրթութեան նախարար։ Ժամանակ կար, որ 12 նախարարներից երեքը կին էին, ողղակի ժամանակի ընթացքում փոխուեց։

 

Կ. Ս. – Ըսիք, որ Ղարաբաղի մէջ կնոջ եւ տղամարդու միջեւ տարբերութիւն չկայ։ Ինչպէ՞ս կը բացատրէք այս երեւոյթը։

Ն. Ա.- Կարծում եմ, որ դա լրիւ պայմանաւորուած է կնոջ բնութեամբ։ Այսինք՝ կինը ինքը մայր է եւ ունի իր առաքելութիւնը այս աշխարհում եւ ոչ միայն պատասխանատու պաշտօններում, այլ նաեւ տարբեր պաշտօններում։ Կինը պէտք է ծննդաբերի, երեխայ ունենայ, ֆիզարձակուրդի գնայ․․․եւայլն, հնարաւոր է որ տուեալ ընկերութեան ղեկավարը իր հաշուարկներով ուզենայ աւելի երկարատեւ աշխատող ունենալ։ Օրինակ՝ Արեւմուտքում կան աւելի շատ կանայք, որոնք իրենց համար նախանշում եմ, որ այսքան տարի իրենց կարիերայով (ասպարէզ) զբաղվուել, յետոյ արդէն զբաղւում են ընտանիքով։ Հայերիս մօտ այդպէս չէ։ Հայերիս մօտ առաջինը ընտանիքն է, յատկապէս Հայրենիքում ապրող հայերի մօտ, յետոյ արդէն կարիերան։

 

Կ. Ս. – Ընդհանրապէս աշխարհի մէջ ամենուրեք կայ ենթադրեալ սովորութիւն, որ տղամարդը նախընտրելի է կառավարական եւ ընկերային ասպարէզներուն պատասխանատու դիրքերու վրայ։ Բայց ես կը նկատեմ Ղարաբաղի մէջ կիները արժեւորուած են։

Ն. Ա.-  Որովհետեւ կանայք միշտ էլ պատմութեան ընթացքում կարեւոր դերակատարութիւն են ունեցել։ Օրինակ՝ երբ որ պատերազմը  սկսուեց, կանայք չհարցրեցին՝ մեզ կարելի է, կամ չի կարելի։ Եղան շատեր, ովքեր գնացին որպէս բուժքոյր աշխատելու, տարբեր օգնութիւններ ցուցաբերելու, ուրիշներ իրենց վրայ վերցրեցին այն ամբողջ աշխատանքը, որ թիկունքում տղամարդիկ էին անում, երբ տղամարդիկ զբաղուած էին պատեզմում։  Կինը մեր եկեղեցում պսակի ժամանակ ասում է «ես հնազանդ եմ», ըստ իս՝ դա շատ լաւ է, որ այդպէս է, որովհետեւ այդ հնազանդութեան մէջ շատ կարեւոր բան կայ որ ամէն ․․․ կինը իր բնութիւնը պահպանում է։ Կինը տղամարդու կողից է ձեւաւորուել ի վերջոյ, այսնիքն դու պէտք է միշտ տղամարդու կողքին լինես եւ իրեն ուժ տուողը լինես։

 

Կ. Ս. – Բայց ուրիշ փորձառութիւն ալ կայ, որ տղամարդիկ պատերազմի են գնացել, կիներն են ընտանիքները պահել, չէ՞։ Նոյնիսկ մինչեւ հիմա երբ տղամարդը, երիտասարդը գնում է, մայրն է, կինը, քոյրն է պահում ընտանիքը։

Ն. Ա.- Այո, միւս տեղերում էդ կիներու հանդէպ խտրականութիւնը գուցէ աւելի շատ է, բայց էդ տղամարդիկ կանանց գործեր կ՛անեն կենցաղի մէջ։ Մեզ մօտ այդպէս չէ, մեզ մօտ այն աշխատանքը որ կինն է անում, կնոջն է, շատ քիչ տղամարդ կը գտնէք, որ ճաշ կը պատրաստի, մաքրութիւն կ՛անի, երեխային հոգ կը տանի․․․երեխաների պարագային օգնում են, բայց տնային աշխատանքների պարագային՝ ոչ։ Մեզ՝ հայերիս մօտ այդպիսի դրուածք կայ, որ ոչ մի օրէնքով, ոչ մի կանոնով չի ձեւաւորւում, պարզապէս պապերից եկած աւանդոյթ է, եւ աւանդոյթի ուժով էլ պահպանւում է։  Դա տեսակ է պահպանում, կոնկրետ ժողովրդի տեսակ, նաեւ ինքնութիւն է պահպանում։ Բայց ինչ վերաբերում է պատասխանատւութեան ես չեմ յիշում ոեւէ մէկին, որ չվստահեն այն պատճառով, որ նա կին է։

 

Կ. Ս. – Իսկ պատերազմը ի՞նչ է փոխել կնոջ ստատուսի (կարգավիճակ) մէջ։ Կնոջ հանդէպ մօտեցումը, կնոջ ինքնաընկալումը փոխուա՞ծ է։

Ն. Ա.- Կինը իր ընկալման մէջ գուցէ փոխուել է, որովհետեւ ամէն դէպքում այդ ամբողջ դժուարութիւնը, այդ ճանապարհը յաղթահարելով կինը աւելի հասկացել է, որ իրենից շատ բան է կախուած եւ հենց ընտանիքը պահելու առաքելութիւնը առաջին հերթին իր ուսերին է։ Ոչ թէ ֆինանսապէս ապահովելու, այլ ընտանիքի ներդաշակութիւնը, երեխաների ուսումը, ընդհանրապէս այդ ամէնը իր ուսերին է, նաեւ դժուար իրավիճակներում փորձութիւնները յաղթահարելու, երբ տղամարդը առաջնագծում է։ Ամէն դէպքում, նոյնիսկ հոգեբանական էդ բեռը կնոջ ուսերին է։ Ես յիշում եմ Ապրիլեան պատերազմը՝ 2016-ը, երբ բոլոր տղամարդիկ մի քանի ժամուայ մէջ զօրակոչին արձագանգելով գնացին առաջնագիծ եւ կանայք էին մնացել քաղաքում, բնակավայրերում, տներում, կանայք՝ երեխաների հետ։ Շատ ծանր պահ էր, որովհետեւ նախ այն յանկարծակի էր, ոչ մէկը պատերազմ չէր սպասում, ակամայից նորից վերապրեցին այդ ամբողջ դժոխքը, պատերազմական դժուարութիւնները, որոնք յաղթահարել էին եւ անցեալում էին թողել: Նորից հասկացան, որ պիտի վերապրեն էդ ամէն ինչը։ Իսկ միւս կողմից էլ, իրենց տղամարդիկ մարտական հերթապահութեան էին եւ իրենք անհանգստանում էին իրենց տղամարդկանց համար։

Նախորդ պատերազմի ժամանակ բջջային հետախօս չկար, կապ չկար եւ շատ նորմալ էր, երբ որ երկար ժամանակ լուր չէին ստանում։ Օրինակ՝ իմ ամուսնինը կարող է շաբաթը մէկ գծային հետախօսով զանգեր ինձ եւ ասեր, որ ձեզ ասենք՝ ամէն ինչ նորմալ է։ Բայց հիմա իւրաքանչիւրի ձեռքին բջջային հեռախօս կայ եւ երբ որ զանգում են եւ չեն պատասխանում, արդէն ձեռքերը թուլանում են, ինչ ասես մտածում են․ այդ ցաւն են ապրում, ողբերգութիւն են ապրում եւ դրա համար շատ անհանգիստ էին կանայք։ Մի պահ կարծես թէ իրենց կորցրեցին, խորը տեփրեսիայի (ընկճուածութեան)  մէջ էին, բայց յետոյ հասկացան, որ ամէն դէպքում ընտանիքը, երեխաները իրենց ուսերին են եւ իրենք պարտաւոր են երեխաներին թոյլ չտալ, որ վերապրեն էն ամէն ինչ իրենք են ապրել ու վերագտան իրենք իրենց ու նորից կեանքը բնականոն հունի մէջ մտաւ, հենց որ տղամարդիկ վերադարձան։

 

Կ. Ս. – Ինչպիսի՞ հոգեբանութեամբ կը մեծնան աղջիկները կամ՝ կը գոյատեւեն կիները Ղարաբաղի մէջ, երբ գիտեն որ օր մը ամուսին, եղբայր, հայր ճակատ պիտի մեկնին, իսկ իրենք պիտի մնան՝ թիկունքին: Արցախի մէջ այս կացութիւնը ընդունուած վիճակ է, դժգոհելու սովորութիւն չկայ: Ի՞նչ է ասոր գաղտնիքը։ Դուք ըսածիս օրինակն էք, ամուսին կորսնցուցած էք։

Ն. Ա.- Գուցէ սա նաեւ գենետիկ (ծինային) է, գուցէ դրա պատասխանը թաքնուած է գեների մէջ, բայց իրականում ամէն ինչ փոխկապակցուած է․ մի կողմից դու գիտես, որ ամէն դէպքում հայերնիքը պէտք է պաշտպանել եւ թոյլ չտալ որ այն քո ձեռքից խլեն, իսկ դա անպայման զոհեր է պահանջում նաեւ։ Ես էն ժամանակ երբ դեռ նորահարս էի, ընդամէնը մի անգամ թուլութիւն ունեցայ ասելու՝ այս անգամ դու մի՛ գնայ, թող ուրիշները գնան, էնպէս էր հանդիմանել ինձ, ասելով՝ քեզնից էդպէս բան չէի սպասում։ Այսինքն՝ մի կողմից մեր կանայք գիտեն որ անկախ նրանից, թէ ասեն մի գնայ, թէ չասեն, զորով փորձեն պահել, մեր տղամարդիկ գնալու են, որովհետեւ չեն կարող չգնալ։ Միւս կողմից երբ որ արդէն դու էդ ամէնի արդիւնքում շիրիմներ ես ունենում այստեղ, դու գիտես հաստատ, որ ոչ մի տեղ չես գնալու, որովհետեւ հակառակ դէպքում ինչի համար է հեղուել էդ արիւնը, ինչի համար ենք տուել այդ զոհերը եւ ում ենք թողներու այդ շիրիմները։ Սա է։

 

Կ. Ս. – Իսկ այս փոխադարձ հասկացողութիւնը ըսենք սերունդէ սերունդ կը փոխանցուի։

Ն. Ա.- Իրականում փորձութիւնները աւելի ուժեղացնում են մարդուն, իսկ կոնկրետ Արցախը միշտ էլ գտնուել է այդպիսի իրավիճակներում եւ սա սերունդէ սերունդ, գեների հետ է փոխանցուել։ Տեսէք, օրինակ՝ Արցախում շատ-շատ են ամրոցները, պաշտպանական կառոյցները։ Այսինքն՝ բոլոր ժամանակաշրջաններում այստեղ միշտ կենաց պայքար է եղել, միշտ պաշտպանուել են, միշտ պայքարել են ազատութեան համար։ Եւ ով ասես էստեղով չի անցել՝ արաբները, մոնղոլները, թաթարները, պարսիկները, թուրքերը, ռուսները, բոլորը եկել ու անցել են էստեղով, բայց հայը մնացել է այստեղ։ Եւ դա փոխանցուել է սերնդէ-սերունդ եւ գիտենք, որ մենք ենք էս հողի տէրը։ Իրականում մարդը երբեմն երջանկութիւն է փնտռում օտար ափերում, բայց դու պէտք է փոխես քո միջավայրը, որպէսզի երջանիկ զգաս քեզ։ Այնտեղ, որտեղ ապրում ես, եթէ տեղափոխուեցիր մէկ այլ տեղ, եթէ դու ոչինչ չանես, եւ միջավայրը վաղը փոխուի, դու կարող ես դուն քեզի շատ դժբախտ զգալ։ Այսինք՝ դու պէտք է ներգործութիւն ունենաս քո միջավայրի վրայ, եթէ դու ուզում ես երջանիկ ապրել, իսկ դա կարող ես անել ցանկացած տեղ, իսկ աւելի վստահ դա կ՛անես որտեղ դու ես ծնուել, որտեղ որ քո հայրենիքն է, քո արմատներն են։ Դու անյտեղ շատ աւելի բան կարող ես անել։

 

Կ. Ս. – Հետաքրքիր է իմանալ հաղորդակցութեան արդի ձեւերը ինչպէս կ՛ազդեն այս բոլորի վրայ: երբ կը լսես ազգականդ արտասահման ինչ որ լաւ կեանք ունի, նկարներ կը բեռնէ սոցցանցերուն, կամ ուրիշ մը մեկնած է Ռուսիա եւ յաջող գործ ունի․․․։ Հիմա ճամբան բաց է, առաջ գոց էր։ Հիմա աւելի մտավախութիւն կա՞յ որ մարդիկ աւելի ցանկութիւն ունենան դուրս գալու։

Ն. Ա.- Ես չէ, այդ մտավախութիւնը չունեմ, որովհետեւ իրականում արգելուած պտուղն է միշտ քաղցր լինում։ Այսինքն՝ եթէ ճամբան փակ է, ուրեմն գայթակղութիւնները մեծ են, որ տեսնես ինչ կայ այնտեղ, որ  փակել են, չեն թողնում գնաս։ Իսկ երբ որ բաց է, համեմատելու հնարաւորութիւն ունեն եւ շատ շատերն են գնում ու համոզւում որ իրենց հայրենիքից աւելի լաւ տեղ չկայ։ Դուք դա շատերից կարող էք լսել։ Ես ել եմ տասնեակ երկրներում եղել, այո կ՛ուզենայի հնարաւութիւն ունենալ տարին թեկուզ մէկ անգամ ինչ որ մի տեղ գնալ, աշխարհ տեսնել։ Բայց ապրելու համար ես նախընտրում եմ այստեղ, իմ հայրենիքում, որտեղ իմ արմատներն են, որտեղ իմ ընտանիքն է, իմ ամէն ինչն է, որտեղ ես ինձ աւելի զօրեղ եմ զգում եւ աւելի վստահօրէն են եմ ոտքս դնում հողին։

 

Կ. Ս. – Եւ ընդհանրապէս արցախցիք այդպէ՞ս են մտածում։

Ն. Ա.- Կարծում եմ մեծամասնութիւնը։ Ամենայնդէպս շատ շատերից եմ լսել, որ հնարաւորութիւն ունեցել են գնալ եւ իրականում շատերն էլ կան, որոնք տուն են վաճառել, գնացել են ուրիշ տեղ, բայց յետոյ հետ են եկել, վարձով ապրել, մինչեւ որ աշխատանք են գտել, կարողացել են գումար վաստակել, նորից տուն գնել։ Էդպիսիներն էլ շատ շատ կան։ Եւ ես դրանից չեմ վախենում։ Եթէ գնացող են, գնալու են, սահմանները փակ լինեն կամ ոչ, շատ լաւ է ու բաց է։ Ես կ՛ուզենայի շատերը մեր գիւղերից գնային տեսնէին ու հասկանային, որ իրենք ունեն այդ ամբողջ ներուժը՝ այդ նոյնը կառուցելու իրենց մօտ։ Օրինակ՝ ես երբ գնացել էի Իտալիա՝ Թոսքանայի մարզը, շրջել եմ քաղաքներում, շատ մեծ են նմանութիւնները մեր Շուշիի ճարտարապետութեան, մեր բնակավայրերի ճարտարապետութեան հետ, պարզապէս մենք ամէն օր ապրելով հնութեան մէջ գուցէ աւելի քիչ ենք գնահատում եւ չգիտենք ինչպէս դա արդիականացնել եւ մեր ունեցած հին ժառանգութիւնը ինչպէս ծառայեցնել բարգաւաճման համար։ Ես կ՛ուզենայի այդ փորձառութիւնը գնան, տեսնեն եւ ձեռք բերեն եւ գան այստեղ տեղում կիրառեն։ Ու հիմա շատերն են էդպէս անում։ Եւ անմիջապէս կարող ես ենթադրել, թէ էս մարդը հաստատ դուրս է եկել, տեսել եւ հիմա է փորձում նոյնը էստեղ անել։

 

Կ. Ս. – Մէկ այլ բան. գիշերները երբ կը քալենք փողոցներով, շատ ապահով կը զգանք, հակառակ որ զինուորական իրավիճակ է։

Ն. Ա.- Իրականութիւն է եւ ես դրա համար եմ ասում, երբ որ գնում են ուրիշ տեղ եւ արդէն կարողանում են համեմատել, հասկանում են, որ իրենք ունեն այս առաւելութիւնները որ իրենց երեխան կրնայ հանգիստ դուրս գալ բակում խաղալ եւ իրենց բաձարձակապէս չանհանգստանան, որ կարող է յանկարծ գիշերը մոռանան դուռը չկողպեն եւ ոչինչ չլինի։ Ֆրանսայում մի անգամ, երբ մտել էի մի խանութ, որուն վաճարողուհին ռուս էր, ասեց որ չէք վախենում, որ այդպէս պայուսակով քայլում էք փողոցում, ասեցի, չէ ինչու պիտի վախենամ, ասեց կարող են ձեր ձեռքից խլել, ասեցի ճիշդ ասաց չէի մտածել, որովհետեւ այնտեղ որտեղ ես եմ ապրում, նման բան մտքովս չէր անցնի երբեք։ Իրականում էդպէս է։ Ամէն տեղ ես էդպէս եմ ասում, ինչքան ալ տարօրինակ ու աբսուրդ (անհեթեթ) թուայ, ես ամէնաապահովը ինձ զգում եմ այստեղ՝ Արցախում, որտեղ ոչ պատերազմ ոչ խաղաղութիւն է, որտեղ սահմանին զինուորներ են կանգնած, որտեղ առաջնագծում զոհ ենք ունենում պարբերաբար, բայց այստեղ ժողովուրդը ապրում է լիարժէք կեանքով, հանգիստ եւ կարող է չանհանգստանալ յանցագործութիւնների համար, տարբեր բաների համար։ Ամենայնդէպս մինչեւ այսօր մենք յաջողել ենք պահպանել այդ։ Նոյնը կարող եմ ասել մաքրութեան մասին, օրինակ՝ անընդհատ ասում են ամենամաքուր քաղաքն է, ինչու այսքան մաքուր է։ Եթէ դուք ալ քայլել էք փողոցով, ուր չկան մեծ աղբամաններ, դրանք շատ փոքրիկ են, նոյնիսկ գիշերուայ ժամերին դրանց կողքին աւելորդ աղբ թափած չի լինում, էդպէս է, որ որեւէ ձեւով չի բացատրւում, յատուկ չի ուսուցանւում։ Երեւի պարզապէս մարդիկ այնքան են սիրում իրենց քաղաքը․․․

 

«Ես ամէնաապահովը ինձ զգում եմ այստեղ՝ Արցախում, որտեղ ոչ պատերազմ ոչ խաղաղութիւն է, որտեղ սահմանին զինուորներ են կանգնած, որտեղ առաջնագծում զոհ ենք ունենում, բայց այստեղ ժողովուրդը ապրում է լիարժէք կեանքով»: