Շուտով Թորոնթոյի Մէջ «Դրախտի Դարպասը» (Gate To Heaven) Ֆիլմի Ցուցադրութիւն․ Հարցազրոյց՝ Բեմադրիչ Ջիւան Աւետիսեանի Հետ


«Ես կար­ծում եմ, որ հա­յուն դրախ­տի դար­պա­սը հենց Ար­ցախն է եւ իւ­րա­քան­չիւր հայ մարդ ձգտում է դէ­պի հայ­րե­նիք…». Բե­մադ­րիչ Ջիւան Ա­ւե­տի­սեա­ն

 

Հարզազրոյցը վարեց՝ Տի­րուկ Մար­գա­րեան Կա­րա­պե­տեան


Գանատայի Հայկական Դեսպանատան հովանաւորութեամբ, 15 Հոկտեմբեր 2021-էն սկսեալ, Թորոնթոյի York Cinema-ի մէջ առա­ջին ան­գամ ըլ­լա­լով պի­տի ցու­ցադ­րո­ւի  բե­մադ­րիչ Ջիւան Ա­ւե­տի­սեա­նի «Դրախ­տի Դար­պա­սը» (Gate To Heaven) ֆիլ­մը, որուն մեծ մասը նկարահանուած է Արցախի մէջ, իսկ որոշ մասը՝ Լիթվանիոյ մէջ։

 «Թեւանիկ» ու «Վեր­ջին Բնա­կի­չը» ֆիլ­մե­րու, եւ «Ընդ­հա­տո­ւած  Ման­կու­թիւ­նը» կար­ճա­մեթ­րաժ ֆիլ­մի բե­մադ­րիչ Ա­ւե­տի­սեանի «Դրախ­տի Դար­պա­սը» ֆիլմը վերջերս ցուցադրուեցաւ Եւրոպայի եւ Ամերիկայի զանազան քաղաքներու մէջ: Թորոնթոյի մէջ ֆիլմին ցուցադրութիւնը առիթ է թո­րոն­թո­հա­յու­թեան ծա­նօ­թա­նալու հայ­րե­նի բե­մադ­րի­չին եւ ա­նոր ֆիլ­մով ան­գամ մը եւս հաղորդուելու Ար­ցա­խի իրականութեան:

Ստորեւ մեր հարցազրոյցը Աւետիսեանի հետ.

 

Հարցում- Երկար սպասումէ ետք, «Դրախտի Դարպասը» ֆիլմը պիտի ցուցադրուի Թորոնթոյի մէջ։ Վստահ եմ, որ դուք ալ հանդիսատեսին չափ ոգեւորուած կը սպասէք այդ օրուան։ Արդեօք ներկայ պիտի ըլլա՞ք ֆիլմի փրիմիէրային։

Պատասխան- Այո՛, մինչեւ Covid-ը այլ բան էր ծրագրուած։ Պէտք էր ֆիլմը աւելի վաղ ցուցադրուէր Գանատայում, Ամերիկայում եւ Եւրոպայում, բայց մենք ներկայիս ժամանակի առումով յետ ենք բերում կորցրածը։ Լոս Անճելոսում շատ լաւ կազմակերպուած փրիմիէրա ունեցանք Սեպտեմբեր 21-ին, իսկապէս խանդավառ էր հանդիսատեսը եւ նոյնպէսէ՝ մենք։ Ֆիլմի ցուցադրութիւնները Հոկտեմբերի 1-ից սկսել է Ամերիկայի տարբեր նահանգներում, զուգահեռ Եւրոպայում (Բելգիայում), իսկ ամսի 15-ից պիտի ցուցադրուի ե՛ւ Թորոնթոյի York սինեմայում, եւ թէ Մոնթրէալի Guzzo սինեմաների ցանցում՝ երկու շաբթուան տեւողութեամ։ Թորոնթոյի փրիմիէրային ներկայ պիտի գտնուենք ես ու ֆիլմի producer-ը. մեծ խանդավառութեամբ կը սպասենք մեր հայ հանդիսատեսին։

 

Հ․- Արցախեան Քառօրեայ Պատերազմին մասին պատմող՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմը յատուկ տեղ ունի Ջիւան Աւետիսեանին մօտ։ Արդեօք ինչպիսի՞ն է մասնագէտներուն կարծիքը այս ֆիլմին մասին։

Պ․- Այս ֆիլ­մը ես ըն­դու­նում եմ որ­պէս իմ մէկ մաս­նի­կը: «Ես ֆիլմն եմ, իսկ ֆիլ­մը`ես» ար­տա­յայ­տու­թիւ­նը ու­րիշ բան չէր, քան ան­ցեա­լին ապ­րած դառ­նու­թիւ­նը աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լով յաղ­թա­կան դուրս գա­լու հզօր կամ­քը։ Հենց դրա համար ու­զում եմ, որ ֆիլմի այս ցու­ցադ­րու­թիւ­նը կա­յա­նայ լեփ-լե­ցուն դահ­լիճ­նե­րով, ո­րով­հե­տեւ շատ դժուարին ճա­նա­պարհ­նե­րով ենք ան­ցել այս ֆիլ­մը ստեղ­ծե­լուց ու շատ կա­րե­ւոր է, որ հան­դի­սա­տե­սը գտնի ֆիլ­մին ու ֆիլ­մը՝ հան­դի­սա­տե­սին: «Դրախ­տի Դար­պա­սը» ներկայացուել է տար­բեր փա­ռա­տօն­նե­րի, եւ օտար մասնագէտների կողմէ դրա­կան արդիւնքի է հասել եւ բարձր գնա­հա­տա­կան է ստա­ցել եւ սի­րո­ւել: Ֆիլ­մի ո­րա­կը, պատ­մու­թիւ­նը եւ կա­տա­րո­ղա­կան աշ­խա­տան­քը ինձ յու­սադ­րում է, որ մենք բարձր գնա­հա­տա­կան­ներ կը ստա­նանք այսօր եւ ա­պա­գա­յում։ Գիտեմ, այսօր հիասթափուել ու կոտրուել ենք, սակայն գնանք ֆիլմը նայենք եւ մեծ յաղթանակ տանենք այդ ճանապարհով։ Ինչպէս գիտէք, իմ բոլոր ծրագրերը կոչուած են Արցախի եւ հայկական սինեմայի զարգացմանն ու մեր ձայնը լսելի դարձնելու համայն աշխարհին։

 

Հ․- Ի՞նչին մէջ կը կայանայ զանազան դժուարութիւններ յաղթահարած այս ֆիլմին խորհուրդն ու արժէքը, մանաւանդ երբ այսօր՝ 44 օրեայ պատեազմէն ետք մենք կորսնցուցած ենք Շուշին։

Պ․- Այս ֆիլմին խորհուրդը իսկապէս շատ մեծ է, եւ հիմա շատ աւելի իմաստալից ու կարեւոր է այն՝ ապագայի եւ վաղուայ համար։ Դժո­ւա­րու­թիւն­ներ ու խոչընդոտներն են ե­ղել նմա­նա­տիպ ֆիլ­մի ստեղծ­ման ճա­նա­պար­հին: Հիմ­նա­կա­նը ֆինանսական դժո­ւա­րու­թիւնն է, բայց նաեւ կան քա­ղա­քա­կան հար­ցեր․ չես կա­րող ներգ­րա­ւել մարդ­կանց` Ար­ցա­խի մա­սին պատ­մող ֆիլ­մում: Շատ դժո­ւա­րու­թեամբ ստեղ­ծել ենք մեր կազ­մը, ե­րե­ւե­լի դե­րա­սա­նա­կան կազմ ու­նենք, ո­րոնք հա­մա­ձայ­նո­ւել են խա­ղալ ֆիլ­մում եւ ազ­նիւ լի­նել պատ­մու­թեան ա­ռաջ: Նկարահանման ժամանակ, թշնամին ամէն գնով փորձել է մեզ խանգարել, որպէսզի չէզոքացնի մարդկանց աշխատանքը, ասելով որ սա դրախտի դարպասը չի ձեզ համար այլ դժոխքի դարպաս, եւ փաստացիօրէն այդ ամէնը վերածեցին դժոխքի։ Այսօր ես խոր ցաւով եմ դիտում այս ֆիլմը եւ ապրում եմ այդ ամէնը, քան համավարակից առաջ եթէ ես ցուցադրէի այս ֆիլմը։ Այո՛, այսօր կորցրել ենք Շուշին եւ Դրախտի Դարպասը, բայց ինձ համար Արցախը հայութեան Երուսաղէմն է եւ նրա համար էլ մինչ օրս մարտերը շարունակւում են։ Կորցրել ենք, բայց դա սոսկ ժամանակաւոր եմ համարում, որովհետեւ գալու է մի պահ, երբ մենք պիտի վերագտնենք ու շտկենք մեզ ու ճիշդ ճանապարհով քայլենք եւ պիտի գիտակցենք, թէ ո՞վ ենք մենք եւ ի՞նչ ենք ուզում այս մոլորակից. հենց այդ ժամանակ յետ կը բերենք հայրենիքից կորցրած շատ մասեր, դրախտի դարպասն ու հե՛նց մեր Շուշին։

 

Հ․- Եկէք խօսինք «Դրախտի Դարպասը» ֆիլմի նիւթին մասին: Ինչպիսի՞ զգացումներ կ՛ունենայ ձեր ֆիլմը դիտող հանդիսատէսը։

Պ․- Մեր ֆիլմի հերոսը փնտռում է իր դրախ­տի դար­պա­սը, դուք ալ այս ֆիլմը դիտելուց ֆիլ­մի հե­րո­սին նման սկսում էք կանգ առ­նել, ետ դառ­նալ մի պահ ու սկսել նո­րից։ Փոր­ձում էք գտնել ձեր ար­մատ­ները` ինքներդ ձեզ, որ­պէս­զի կա­յա­նաք, ամ­բող­ջա­նաք եւ ու­ժե­ղա­նաք ու այս­պի­սով ձգտում էք հաս­նել դրախ­տի դար­պա­սին: Ես կար­ծում եմ, որ հա­յուն դրախ­տի դար­պա­սը հենց Ար­ցախն է եւ իւ­րա­քան­չիւր հայ մարդ ձգտում է դէ­պի հայ­րե­նիք: Ֆիլմը դիտելուց յետոյ, երբ հանդիսատեսը դուրս գայ՝ մտածելու առիթ է ունենալու, թէ ինչու դասեր չքաղեցինք քառօրեայից եւ ինչո՞ւ ընկանք 44 օրեայ պատերազմի երախը, այսինքն` կրակի ու դժոխքի երախը։ Պէտք է հանդիսատեսը մտածի տուն վերադարձի, անցեալը գտնելու եւ այդպիսով կապի գաղափարի շուրջ մէկ ամբողջութիւն զգայ արմատների հետ եւ այս բոլոր մտածումները տանի նրան դէպի Արցախ ու Հայաստան։

 

Հ․- Այս ֆիլմին նկարահանումները ընդհանրապէս տեղի ունեցած են Արցախի մէջ եւ հիմա այդ վայրերէն շատեր կը գտնուին թշնամիին տիրապետութեան տակ։ Ինչպիսի՞ն են այս առընչութեամբ ձեր զգացումներն ու մտածումները։

Պ․- Այո՛, կորցրել ենք ֆիլմի մէջ նկարահանուած շատ տարածքներ, բայց դա յաւերժ չէ։ Ի հարկ է տխուր ու ցաւալի է տեսնել Շուշին, Ղազանչեցոցը, տեսնել այն նկարահանման վայրերը որտեղ դուն կեանք, հոգի եւ սէր ես տուել ու զգացել ես՝ ու հիմա դա մերը չի, բայց ես փորձում եմ այդ գաղափարը երբեք չամրացնել իմ մէջ եւ հաւատում եմ որ յաջորդ ֆիլմով եւս այդ վայրերում պիտի նկարահանեմ։ Մենք՝ հայերս, պէտք է փորձենք քայլ առաջ, քայլ առաջ ու քայլ առաջ շարժուել եւ մեր բռնագրաւեալ հողը, մեր տունը, մեր հայրենիքը ետ բերել։ Մենք բոլորս ունենք տարբեր երազանք, տարբեր նպատակներ… մեզ` հայերիս պակասում է ունենալ մէ՛կ նպատակ ու երազանք, եթէ մենք բոլորս վաղը արթնանանք եւ ունենանք այդ միասնական մէ՛կ երազանքը՝ մեզ յաղթել չի լինի։ Այսօր ես աշխատում եմ նկարահանելու՝ «Վերածնուածը» ֆիլմը, որ  44-օրեայ պատերազմի մասին է։ Ես ամէն օր պայքարում եմ, ո՛չ միայն ես, այլ հայերս պարտութեան գաղափարը մեր մէջից հանելու ենք, որովհետեւ այն ժամանակաւոր է, ժամանակաւոր։ Մենք շատ գործ ունենք անելու, որպէսզի կարեւորենք թէ՛ այս պարտութիւնը եւ թէ՛ վաղուան մեր անելիքն ու ձեռք բերումը։ Այս մէկը ոչ միայն ապագայ սերունդների դասեր քաղելու կամ գիտակցելու խնդիր է, այլ բոլորիս գործն ու առաքելութիւնն է։

 

Հ․- Այս դժուարին պայմաններուն մէջ անգամ նոր ֆիլմերու աւետիսը կու տաք մեզի. Դուք, որպէս Գիւմ­րիի երկ­րա­շար­ժէն, ա­պա` Ար­ցա­խեան պա­տե­րազ­մէն ան­ցած եւ յաղթական դուրս եկած հայ արուեստագէտ, արարելու ձեր կամքն ու ոգին ո՞ւրկէ եւ ի՞նչպէս կը գտնէք։

Պ․- Շնորհակալութիւն խօսքերի համար, բայց ասեմ, որ ես մենակ չեմ կարող ստեղծագործել եւ արարել այս ամէնը։ Իմ շուրջը կան արուեստի ոլորտում ստեղծագործող երեւելի մարդիկ, որոնք մեզ աջակցում են կինոյի արուեստի մէջ եւ մարդիկ, որոնք կարող են իրենց ֆինանսական աջակցութիւնը ունենալ, որպէսզի այս ֆիլմը եւ այլ ֆիլմեր ստեղծուին։ Ի վերջոյ այս ֆիլմը մէկ հոգու աշխատանք չի` մեծ թիմ, մեծ նուիրում եւ մեծ ներդրում պահանջող աշխատանք է։ Ընդհանարպէս կ’ասեմ՝ «Եկէք, միասին յաջողենք», որովհետեւ գիտեմ, որ մեր միասնական ոյժի պակասը բերեց մեզ այս օրին։

Երանի՜, երանի չունենայինք 44-օրեայ այդ պատերազմը ու չունենայինք այդ անդարմանելի վիշտը։ Իսկապէս շատ դժուարանում եմ խօսել հիմա, երբ շատ բաներ են փոխուել մեր կեանքում, բայց եւ այնպէս փորձում ենք աւելի ակտիւ աշխատել ու քառապատիկ աշխատանք տանել իմ թիմի հետ միասին՝ թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ արտերկրում։ Մենք ամէն օր պէտք է աշխատենք մեր մէջքը շտկելու համար։ Ես կռիւ ունեմ եւ իմ կռիւը մղում եմ առաջ, ես ժամանակ չեմ ունեցել ընկճուելու։ Այո՛, խորապէս հասկանում եմ ցաւը եւ փորձում եմ ֆիլմերի միջոցով այդ ամէնը ի յայտ բերել։ Ներկայիս աշխատում եմ նաեւ «Սեւ ցուցակ» ֆիլմի վրայ. Տիանա Աբգարի մասին պատմող ֆիլմաշարը եւ Հայկ ու Բէլի մասին ֆիլմը դեռ եւս կոնցեպտի զարգացման մեջ են։ Աշխատում ենք նաեւ 44-օրեայ պատերազմին մասնակցութիւն ունեցած բժիշկների մասին պատմող նախագծի վրայ։ Հայկական կինոյի զարգացումը, Արցախեան հարցի կարեւորումը եւ առաջ քաշումը ողջ աշխարհով մէկ միասնական աշխատանքի արդիւնք է, եւ դա հնարաւոր կը լինի միայմ մէկ ձեւով` երբ որ միանան մեզի շատ երեւելի մարդիկ եւ աջակցեն մեզ։

 

Հ․- Հայկական Կինոյի զարգացման ու Արցախեան հարցի կարեւորման մասին խօսեցաք եւ ձեւով մը անոնք իրարու կապեցիք։ Ո՞ր մակարդակի վրայ կը գտնուի այսօր հայկական ֆիլմարուեստը եւ մենք ինչպէ՞ս կրնանք անոր միջոցով մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին։

Պ․- Հայ կինոն տասը տարի ետք պէտք է իր ուրոյն տեղը ունենայ, բայց ես մենակ չեմ կարող այդ մէկը անել․ նուիրեալ անձերի ու հանդիսատեսին հետ միասին կարող ենք առաջ տանիլ հայ կինոն ու նոր ֆիլմեր ստեղծել եւ մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին։ Կարող ենք քայլ առ քայլ զարգացնել մեր հայկական կինոն, ինչպէս նաեւ արուեստը իր բոլոր ուղղութիւններով։ Սովետական Միութեան ժամանակ հայկական կինոն շատ ասելիք ունէր, սակայն հիմա էլ կան մարդիկ, որոնք կամաց-կամաց յետ են բերում այդ ամէնը։ Ի հարկ է ես մենակ չեմ, ով որ իր արուեստով ձայնը լսելի է դարձնում աշխարհին։ ֆիլմերի միջոցաւ մեր գաղափարների, մտքերի, իրաւունքների եւ պահանջի մասին խօսելը շատ կարեւոր է։ Այո՛, շատ բան ենք կորցրել, երբ տէր էինք յաղթանակների եւ ձեռք էինք բերում իրաւունքներ։ Հիմա դժբախտաբար մատնուեցինք պարտութեան եւ այդ պարտութիւնը պէտք է գիտակցուի, մարսուի եւ հասկանանք թէ ինչո՞ւ մեզ հետ կատարուեց այս ամէնը։ Հիմա մենք պէտք է հասկանանք, որ մեն մենակ ենք` ես եմ, դուք էք, եւ միւսն է ու միւսը. եւ եթէ միանանք մենք մենակ չենք լինի, որովհետեւ 3 միլիոն ենք եւ մենք մեզանից ոյժ ենք ներկայացնում, պատերազմից յետոյ մէկ վայրկեան անգամ վատնելը մեղք է համարւում, սա եմ ես հասկացել եւ ցաւով եմ ընկալել։

 

«Դրախտի Դարպասը» ֆիլմի դիտումներուն հասոյթը ամբողջովին պիտի յատկացուի Ջիւան Աւետիսեանի յաջորդ ծրագիր՝  «Վերածնուածը» ֆիլմի նկարահանման։