Երուսաղէմի Հայ Պատրիարքը Դիմել է Պուտինին` Խնդրելով Վերադարձնել Շուշին, Հադրութը


Արտեօմ Չերնամորեան, Երուսաղէմ


Երուսաղէմի Հայ պատրիարք Տէր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը Նոյեմբերի 20-ին պաշտօնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` յայտնելով իր երախտագիտութիւնը զինադադարի կնքման եւ պատերազմը դադարեցնելու կապակցութեամբ: Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպէս նաեւ Հայ առաքելական եկեղեցու դարաւոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, այլ սրբավայրերը, որոնց պահպանութեան հարցն այսօր դարձել է էական խնդիր, քանզի նրանց դէմ արդէն սկսուել է վանդալիզմ:

Երուսաղէմի հայ պատրիարքը միաժամանակ յիշեցնում է, որ Երուսաղէմում Լոյսի տօների ժամանակ արդէն 15 տարի շարունակ ռուսները տեղ են ստանում հայկական մասնաբաժնում` այդպիսով ապահովելով սուրբ կրակի ժամանակին Ռուսաստան տեղափոխելը:

Հայֆայի համայնքը տեղի եւ հիւսիսային քաղաքների հոգեւոր հովիւ տէր Տիրայր քահանայ Յովակիմեանի գլխաւորութեամբ պատերազմի ողջ ընթացքում 16 առանձին ծրագրեր է իրականացրել, բացի համընդհանուր համահայկական եւ համաիսրայէլեան դրամահաւաքներին մասնակցելը: «ազատութեանէ հետ զրոյցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հնարաւոր արձագանքին, քահանան ասաց. «կարծիքը հաշուի կ’առնեն, որովհետեւ Երուսաղէմն այն բացառիկ կենտրոններից մէկն է, որն իր ազդեցութիւնն ունեցել ու ունենում է ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսների վրայ, սակայն պէտք է հաշուի առնենք նաեւ այն համաձայնութիւնը, ինչ որ եղել է Նոյեմբերի 10-ին: Պէտք է հաշուի առնենք նաեւ այն եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրուել է Նոյեմբերի 9-ինէ:

Ռուսաստանը, լինելով քրիստոնեայ, նրա կարծիքով` ինչ-որ քայլեր կը ձեռնարկի այդ ուղղութեամբ: Պատերազմի ժամանակ Իսրայէլի փոքրաթիւ հայկական համայնքն աւելի քան 250 հազար դոլարին համարժէք օգնութիւն ցուցաբերեց, եւ շարունակւում են աշխատանքները հանգանակութիւնների ու տարբեր ծրագրերի միջոցով` Հայաստանին ու Արցախին օգնութիւն տրամադրելու շրջանակներում: Տէր Տիրայրի փոխանցմամբ` անհրաժեշտ պարագաները մշտապէս ձեռք են բերել Հայաստանում. «մենք չենք ունեցել դրամը ծախսի Իսրայէլում, այլ ուզեցել ենք, որ այդ հաւաքուած գումարը Հայաստանում ծախսուի, այսինքն` տրուի հային, եւ այդ օգնութիւնը ծախսուի զինուորին, այսինքն` ծախսել դրամը Հայաստանում, Հայաստանում առեւտուր անել եւ դա հասցնել այնտեղ, որտեղ պէտք է: Մինչեւ պատերազմի աւարտը կատարել ենք 16 փուլից կազմուած օգնութիւնէ:

17-րդ փուլում զինադադարից յետոյ արդէն սկսել են օգնել պատերազմից տուժած արցախցի ընտանիքներին. «մենք որոշեցինք, որ այն գումարը, որ մնացել է, եւ այն գումարը, որ պիտի նորից հաւաքուի, ուղղենք զոհուած հերոսների կարիքաւոր ընտանիքներին կամ պատերազմի պատճառով հաշմանդամութիւն ստացած, նորից կարիքաւոր ընտանիքներին: Առաջին օգնութիւնն արդէն կատարել ենք 17-րդ փուլում 2 ընտանիքի Արցախի, եւ մեզ համար բնաւ կարեւոր չէ, թէ հայը որտեղից է` Արցախից, Հայաստանիցէ:

Մօտ մէկ տասնեակ բողոքի ակցիաներ, ցոյցեր, երթեր ու մոմավառութիւններ կազմակերպուեցին Իսրայէլի տարբեր քաղաքներում հայկական կազմակերպութիւններն ու միութիւնների կողմից, սակայն հրէական մամուլն ու հեռուստատեսութիւնները լուռ էին ու չէին լուսաբանում դրանք: «Հրէական նորութիւններում ցոյց չի տրուել, վստահ եմ, որ մասնաւոր իրենց քաղաքականութիւնն է այդպէս, որպէսզի ցոյց չտան, որ հայերը դժգոհ են եւ այլն, չնայած ամբողջ աշխարհը գիտի, թէ հայերի տրամադրութիւններն ինչ են: Սակայն աշխարհում, ինչպէս նկատում էք, լսում են նրան, ով ուժեղ է, եւ իմ կարծիքն այն է, որ մենք պէտք է այնպէս ուժեղանանք, որպէսզի մեր ձայնը լսելի լինի>, – շեշտում է տէր Տիրայր քահանայ:

Իսրայէլը տարիներ շարունակ տնտեսական ու ռազմական լուրջ համագործակցութիւն ունի Ադրբեջանի հետ, որի պատճառով էլ հայերի ձայնը լսելի չէ այստեղ, համոզուած է Հայֆայի հոգեւոր հովիւը. «Իսրայէլը հաշուի չի առնում մեր ցոյցերի եւ բողոքների ձայնը, որովհետեւ տարիներով գործարքի եւ զէնքի կամ այլ բիզնեսի մէջ է Ադրբեջանի հետ»:

Այստեղ նրա կարծիքով` տասնեակ տարիներ լուրջ բացթողումներ է թոյլ տուել Հայաստանի կառավարութիւնը` Իսրայէլի նման պետութեան հետ լուրջ տնտեսական համագործակցութիւնը բացառելով. «Իմ կարծիքով` եթէ մենք ունենայինք այդ բարձր յարաբերութիւնները, թէ զէնքի գնելու կամ վաճառելու առումով, թէ այլ տնտեսական առումներով, ինձ թւում է, մեր ձայնը լսելի կը լինէր եւ ոչ միայն լսելի կը լինէր, նաեւ դրա պատասխանն էլ կը ստանայինք: Սա է իմ պատասխանը: Մենք կարող ենք նեղուել իրենցից, սակայն կարեւոր կէտ կայ, որը ցաւ է պատճառով մեզ, որ ցեղասպանութիւն ապրած ժողովուրդը ցաւ է պատճառում ցեղասպանութիւն ապրած ժողովրդի սերունդներին»:

Այս փաստն է, որ չի համատեղւում այս ընդհանուր կոնտեքստի մէջ, եւ հայերը չեն կարող հասկանալ, թէ ինչու է բիզնեսը բարձր գնահատւում Իսրայէլում բարոյական ու մարդկային արժէքներից, եզրահանգում է տէր Տիրայրը. «1915թ. ցեղասպանութիւն տեսած ժողովրդի սերունդներն այսօր պատերազմի մէջ են, եւ 1945-ի ցեղասպանութիւն տեսած ժողովրդի սերունդներն օգնում են միւսներին, որպէսզի վնասեն նաեւ այդ ցեղասպանութիւն ապրած ժողովրդի սերունդներին: Սա է, որ ցաւ է պատճառում»:

Համաձայնութեան յայտարարութիւնից յետոյ երկրում մի քանի օր լռութիւն էր տիրում սոցիալական ցանցերում ու հարթակներում, եւ շոկային իրավիճակն յաղթահարելուց յետոյ հոգեւոր հովիւը կրկին միասնութեան եւ հայրենիքին օգնելու ու ուժ տալու կոչերով է հանդէս գալիս. «Ճիշտ է, որ բոլոր համայնքներում, ներառեալ մերը պատերազմի ելքը ծանր ցաւ պատճառեց, եւ ինչ-որ մի տեղ յուսահատական խօսքեր կամ զգացումներ լսեցինք: Սակայն ես բացատրել եմ նրանց, որ մենք իրաւունք չունենք յուսահատուելու: Դրանից յետոյ շարունակուել է, մարդիկ են եղել, որ նորից բերել եւ նորից գումար են տուել, այսինքն` մարդկանց մէջ դեռ յոյսը կայ, հաւատը կայ, եւ միւս կողմից էլ իրենք տեսել են, որ իրենց լուման, իրենց դրամը հասել է տեղ: Այսօր այնպիսի իրավիճակում ենք ապրում, որ վստահութիւնը կարելի է ասել` պակասել է»:

«Ազատութիւն» ռատիօկայան