Երեխաները Անընդհատ Երկնքին Են Նայում՝ Այնտեղ Փնտռելով Ճախրող Արծիւներին Ու Արծիւ Դարձած Հօրը


Նահատակ Արշակ Մելիքեանին կինը՝ Նարինէն, իր երեք երեխաներուն՝ Անահիտին, Արաքսին եւ Տիգրանին հետ

Մարինէ Մարտիրոսեան

Խանութ գնալուց 6-ամեայ Անահիտը սեւ ժապաւէնի վրայ պատահական տեսել էր հօր՝ Արշակի անունը։ Ամրանը տառերը սովորել էր մօր՝ Նարինէի հետ։ Վերջինս ասում է՝ չէր պատկերացնի, որ երեխան կը կարդար հօր անունը։ Արշակի զոհուելուց յետոյ երկու երեխաները՝ Անահիտն ու 5-ամեայ քոյրը՝ Արաքսը, հարազատների տանն էին։ Երեխաները չգիտեն հօր կորստի մասին։ Արշակի մայրը՝ տիկին Օֆէլեան, երեխաներին ասել է, թէ «պապան արծիւ է դարձել, երկնքում է հիմա»։ Երեխաներն անընդհատ երկնքին են նայում՝ այնտեղ փնտռելով ճախրող արծիւներին ու արծիւ դարձած հօրը։

-Երբ Անահիտը խանութից եկաւ տուն, ասաց՝ մամ, փաստօրէն, հիմա էլ արծիւների անուններն են գրւո՞ւմ։ Ես տեսայ պապայի անունն էլ է գրուած, Վիգէնի անունն էլ (Արշակի ընկերն է- հեղ․),- պատմում է Նարինէն, ապա շարունակում,- փոքր աղջկաս՝ Արաքսի երեւակայութիւնը շատ վառ է, ասում է՝ այ, էն արծիւը տեսնո՞ւմ էք, էդ իմ պապան ա։

Ծանր լռութիւն է իջնում նախասրահում, որից ոչ մի կերպ հնարաւոր չէ ազատուել։ Տան մեծերը երեխաների ներկայութեամբ շշուկով են խօսում պատերազմի մասին։ Նրանք միայն գիտեն, որ այլեւս չեն տեսնելու հայրիկին։

Կոտայքի մարզի Պռոշեան գիւղում Արշակ Մելիքեանի տանն ենք։ 33-ամեայ Արշակը Հոկտեմբերի 6-ին է զոհուել։ Աւագ եղբայրը՝ Յարութը, եղբօր դիմանկարն է պատուիրել մի գեղանկարիչ հոգեւորականի մօտ։ Հիւրասենեակի բաց դռնից երեւում է Արշակի նկարը՝ կողքին սպիտակ վարդեր, սեղանին՝ եռագոյնը, ՀՅԴ դրօշը եւ «Նարեկը»։

-Մեր հիւրասենեակը դարձել է պապայի սենեակը։ Էդպէս են ասում երեխաները,- նշում է 27-ամեայ Նարինէ Խաչատրեանը՝ իր գրկում պահելով նոր ծնուած Տիգրանին։ Տիգրանի եւ Արշակի հանդիպումը այդպէս էլ տեղի չունեցաւ։ Երեխան ծնուել է հօր զոհուելուց 17 օր յետոյ։

-Տիգրանին ի՞նչ էք պատմելու տարիներ անց,- հազիւ լսելի ձայնով հարցնում եմ Նարինէին։

-Չգիտեմ, ամէն օր մտածում եմ էդ մասին,- պատասխանում է նա, ապա երկուսով նայում ենք փոքրիկ Տիգրանին։ Նա քնաթաթախ մի քանի անհանգիստ շարժումներ է անում, փոքր-ինչ ձգւում ու դարձեալ աչքերը փակում։ Ժպտում ենք։

Իսկ մեծ Տիգրանը՝ պապը, մեր կողքին լուռ նստած է։ Վիշտը լցուել է աչքերի մէջ՝ հայացքը դարձնելով հեռւում թափառող։

-Երեխաներին պատասխան տալն ամենաբարդն է մեզ համար։ Արաքսն անընդհատ երազում հօրն է տեսնում։ Էն մեծն էլ մէկ-մէկ լացում ա, չի ուզում ասի, ասում ա՝ ինչի՞ ա ամէն օր արտասուք գալիս։ Երեխէն երեւի հուզւում ա իր մէջ, բայց ուզում ա համոզի իրեն, որ արտասուքն ինքն իրեն է գալիս,- պատմում է պապը՝ Տիգրան Մելիքեանը։

Վերջինս ասում է, որ որդին ձեռքի լաւ շնորհք ունէր։ Տունը միասին են կառուցել։ Արշակը շատ արագ էր աշխատում։ Եթէ մարդ կայ, որ մի սենեակը 10-15 օրում կը վերանորոգի, նա մի օրում էր անում։

-Ձեր շուրջն ինչ տեսնում էք, Արշակի ձեռքի գործն է։ Ինքն է ներկի գոյնը ստացել, տեսէք՝ էս պատի ծղօտը, էլի իր մտայղացումն է։ Կանչեց, ասեց՝ արի նայի։ Ես էսպիսի բան չէի տեսել,- նշում է եղբայրը՝ Յարութը։

-Էդ ծղօտը հատ-հատ դրել-կպցրել է պատին,- շարունակում է Նարինէն։

Արշակն ու Նարինէն ծանօթացել են ուսանողական տարիներին։ Արշակը սովորում էր Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայում, Նարինէն՝ Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանում։ Երկուսն էլ ժողվոկալ բաժնում էին ուսանում։ Այդ տարիներին Արշակը նոյնիսկ երգի խմբակ էր բացել, որի անդամներից մէկը Նարինէն էր։ Ուսանողական տարիներին էլ ամուսնացել էին։ Արշակն աւարտել էր նաեւ Ջիւանու աշուղական դպրոցը եւ որոշ ժամանակ «Սասուն» ազգագրական համոյթի անդամ էր։ Յարութը հեռախօսով լուսանկարներն է ցոյց տալիս։ Ասում է՝ համոյթով շրջագայութիւնների էին գնում։ Լեհաստանում, օրինակ, երգի փառատօնին առաջին տեղն էին զբաղեցրել։

Եղբայրներով շատ մտերիմ էին։ Յարութը նկատում է, որ բացի եղբայր լինելուց, լաւ ընկերներ էին։ Մի տանիքի տակ էին ապրում։ Եղբայրն ասում է՝ միշտ միասին են եղել ու կը լինեն յաւերժ։

-Կեանքով լի տղայ էր։ Մեր տունը շաբաթը մի քանի անգամ ընկերներով հաւաքւում էին, կամ որ տանն էլ չլինէր, ներքեւը տեղ կար, էդտեղ էինք հաւաքւում։

-Արշակը երգո՞ւմ էր էդ ժամանակ։

-Հա, ոնց չէ։ Էս վերջին տարիներին ամենաշատը «Կամաւորն» ու «Ղարաբաղն» էր երգում,- սա ասելուց յետոյ Յարութը հեռախօսի մէջ փնտռում է Արշակի կատարումներից։ Տունը լցւում է նրա ձայնով։ Իսկ հիւրասենեակի բաց դռնից մեզ նայում է Արշակը։

«Ղարաբաղ, միշտ կանգուն մնաս, Ղարաբաղ»,- «Ղարաբաղ» երգից են։

-Նոյնիսկ «Ֆէյսբուքում» Արշակի վերջին գրառումն էլի Ղարաբաղի մասին էր։ Սեպտեմբերի 19-ին Ղարաբաղի մասին նոր երգ էր դրել, որի մասին քչերը գիտեն,- հեռախօսի նկարները թերթելով՝ ասում է եղբայրը։

Սեպտեմբերի 27-ին Յարութի ամուսնութեան մէկամեակն է լրացել։ Արշակն իր ձեռքով խորովածի միսը բաստուրմա էր դրել, բայց պատերազմն աւելի շուտ ներս մտաւ տուն։ Յարութն ասում է՝ մինչեւ հիմա այդ մսին ձեռք չեն տուել, յետոյ լռում է։

-Մեր ապրելը ծանրացաւ։ Ոչ երկրի վրայ ենք, ոչ երկնքում,- լռութիւնը խախտում եմ։

-Երկրի վրայ քեզ վատ ես զգում։ Որ լուրջ մտածում ես, քեզ վատ ես զգում, որովհետեւ երկիր չկայ։ Մենք չենք ապրում, գլուխներս կախ օրուայ հաց ենք վաստակում։ Բանական մարդու համար սա ապրել չի, զոհուելը, մեռնելը փառք ա, աւելի լաւ ա,- նշում է Յարութը։

Երկու եղբայրների երեխաները՝ Օֆելին եւ Տիգրանը, մէկ ամսուայ տարբերութեամբ են ծնուել։ Նարինէն ասում է՝ ամուսինը մինչեւ Տիգրանի ծնուելը միշտ ասում էր, որ որդին եղբօր ծննդեան օրն է ծնուելու։ Այդպէս էլ եղաւ։ Տիգրանը ծնուեց Հոկտեմբերի 23-ին՝ Յարութի ծննդեան օրը։

Նարինէն լուռ է։ Սովորաբար մարդիկ ծանր ցաւը լուռ են տանում։ Վերջին անգամ նա ամուսնուն տեսել է Հոկտեմբերի 2-ին։ Պատերազմի առաջին իսկ օրն Արշակը կամաւորագրուել էր, մի քանի օրով ընկերների հետ պատրաստութիւն էր անցել Բիւրականում, ինչից յետոյ միայն նրանց ճակատ էին տարել։

Մարտական ընկերներից մէկը, որ մեզ ուղեկցել էր Արշակենց տուն եւ չցանկացաւ հրապարակել անունը, պատմում էր Արշակի կեանքի վերջին ժամերի մասին։ Միասին մի ջոկատում էին՝ սկզբից 26 հոգով էին, յետոյ երկուսը վիրաւորուել էին, մնացել էին 24 հոգով։ Հոկտեմբերի 6-ի առաւօտեան ժամը 10-11-ի կողմերը Մարտակերտի շրջանի Լիւլասազ բարձունքում մարտեր էին ընթանում մինչեւ 20 մեթր հեռաւորութեան վրայ։ Դրանց մասնակցող ՀՅԴ կամաւորականների մէջ էր նաեւ Արշակը, որը զոհուեց։ Հայկական ուժերին, սակայն, յաջողուեց թշնամուց մաքրել բարձունքը։

Նախասրահում Անահիտն ու Արաքսը անցուդարձ են անում։ Մեր խօսակցութիւններն սկսում են հիւսուել նրանց անելիքների շուրջ։ Անահիտը բերում է տետրերն ու գրքերը։ Այբբենարանն ենք բացում։

-Էս պապաս ա ներկել, էս երկուսը՝ ես,- ցոյց է տալիս 6-ամեայ աղջիկը։

Նարինէն աչքերը լուռ սրբում է։ Սեպտեմբերի 14-ին Անահիտին առաջին անգամ դպրոց էր տարել ամուսինը։ Նարինէն խնդրել էր, որ ինքը տանի, քանի որ Տիգրանի ծնուելուց յետոյ ժամանակ չէր ունենալու, բայց Արշակը պնդել էր, որ ինքն է աղջկան ճանապարհելու դպրոց։ Յարութը հեռախօսով ցոյց է տալիս Արշակի եւ Անահիտի լուսանկարը՝ դպրոցի բակում։

-Էրեխէքը շատ են կարօտում Արշակին։ Անընդհատ երազներ են տեսնում, որ հօրը գրկում են։ Մի քանի օր առաջ Արաքսն ասաց՝ դուռը մի փոքր բաց կը պահէք, որ պապան կարողանայ ներս մտնի,- պատմում են տնեցիները։ Իսկ երեխաները մեր շուրջը վազւզում են։ Անահիտն իրաւաբան է ուզում դառնալ, իսկ քոյրը՝ մանկաբոյժ։

-Արաքս, որ բժշկուհի դառնաս, ի՞նչ ես գրելու քո դրան մօտ,- հարցնում են տնեցիները։

Արաքսը ժպտում է, բայց անմիջապէս չի պատասխանում։

-Արաքս Արշակովնա․ գիտնական,- մեզ հրաժեշտ տալուց առաջ ասում է Արաքսը, որ շատ նման է հօրը։

-Արաքսն ուզում է նաեւ դեղագործ դառնալ։ Ասում է՝ ես էնպիսի դեղ կը սարքեմ, որ արծիւների թեւերին քսեմ ու իրենք մնան մեզ մօտ, չթռնեն,- ասում են հարազատները։

Լուսանկարները՝ Յակոբ Պօղոսեանի

Նահատակ Արշակ Մելիքեանի դիմանկարը

 

Անահիտը

Անահիտը