Հայաստանի Ռազմական Ուսումնական Հաստատութիւններուն Մէջ Կ՛ուսանի 30 Աղջիկ 


Հայաստանի ռազմական ուսումնական հաստատութիւններուն մէջ մասնագիտութիւններուն առնչուող որեւէ խտրականութիւն չի դրուիր աղջիկներուն եւ տղոց միջեւ:

«Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտում աղջիկները սովորում են բոլոր հինգ մասնագիտութիւններով: Դա նրանց ցանկութիւնն է: Օրինակ՝ ռազմական աւիացիոն համալսարանում 12 մասնագիտութիւններից 7ում ունենք իգական սեռի ներկայացուցիչներ, իսկ ներկայումս ընդհանուր առմամբ շուրջ 30 աղջիկ ուսանողներ ունենք ռազմական ուսումնական հաստատութիւններում: Նրանց թիւը տարէցտարի աւելանում է, եւ հետաքրքիրն այն է, որ չնայած ծնողների դէմ լինելուն՝ մեր աղջիկները շատ դէպքերում պնդում են եւ սովորում: Դեռեւս որեւէ դէպք չի եղել, որ աղջիկները ժամանակի ընթացքում սխալ մասնագիտութիւն ընտրելու պատճառով հրաժարուեն ուսումից, իսկ տղաների հետ նման դէպքեր ունեցել ենք», 14–18 Նոյեմբերին Հայաստանի մէջ տեղի ունեցող ՆԱԹՕի շաբաթուան ծիրին մէջ կազմակերպուած «Կանայք զինուած ուժերում» թեմայով աշխատաժողովին ընթացքին ըսած է պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչը:

Գալինա Կարապետեան, որ դպրոցական տարիներէն արդէն նպատակադրած է ներգրաւուիլ բանակին մէջ, ներկայիս կ՛ուսանի պաշտպանութեան նախարարութեան Արմենակ Խանփերեանցի անուան ռազմական համալսարանին մէջ: Ընտրած է Հակաօդային պաշտպանութեան մասնագիտութիւնը:

«Մասնագիտացումս՝ փոքր եւ միջին հեռաւորութեան զենիթահրթիռային համալիրների շահագործող: Սկզբում իմ ծնողներն էլ էին դէմ, բայց արդէն կողմ են, որ համակարգում եմ: Կոտրել ենք կարծրատիպերը եւ ընդհանուր առմամբ ոչնչով չենք տարբերւում այն տղաներից, ովքեր մեզ հետ սովորում են: Մի գուցէ ռազմագիտութեան դասերը կամ այն, որ հայրիկս համակարգում աշխատող շատ ծանօթներ, ընկերներ ունի, ումից դեռ փոքր ժամանակուանից եմ լսել համակարգի մասին, հետաքրքրուել եմ, իմ մէջ առաջացրել են սէրը դէպի այս ոլորտը», յայտնած է ուսանողը։