Հայր Եւ Որդի Զոհուել Են Նոյն Օրը, Նոյն Տեղում․ «Ես Ամէն Օր Նոյն Հարցն Եմ Տալիս` Ինչի՞ Սենց Եղաւ»


Մարինէ Մարտիրոսեան

Հիւրասենեակում մետաղական ծանր լռութիւն է: Բաց պատուհաններից մեքենաների ազդանշանների ձայները լցւում են ներս: Մենք էլի լռում ենք: Դժուար է խօսելը: Պատին հայր եւ որդի Սաղաթելեանների նկարներն են: Նրանք զոհուել են նոյն տեղում, նոյն օրը:

Նոր Նորքի այս բնակարանում հիմա բնակւում են երկուսով` հարս եւ սկեսուր` Վեներա Սաղաթելեանն ու Նեռա Գրիգորեանը: Վեներան կորցրել է ամուսնուն եւ որդուն, Նեռան` որդուն եւ թոռանը: Ցաւն այս ընտանիքում դէմք ունի:

Մինչդեռ ամէն ինչ այնքան լաւ էր պատերազմից առաջ: Գէորգ Սաղաթելեանը երեք երեխաներից կրտսերն էր: Երկու աղջիկներից յետոյ 10 տարի անց Վեներան ունեցել էր Գէորգին: «Մենք երկար, շատ երկար ենք սպասել Գեւորգին», ասում է նա: Ամուսինը` Աշոտ Սաղաթելեանը, շատ էր ցանկանում որդի ունենալ, եւ չնայած բժիշկների հակացուցումներին, կինը տղայ պարգեւեց նրան:

Որդին ծնուել էր Ռուսաստանում: Երբ երկու տարեկան էր, ընտանիքով տեղափոխուեցին Հայաստան: Գէորգը, ՌԴ քաղաքացիութիւն ունենալով, կարող էր չծառայել, սակայն մայրն ասում է` դա Գէորգի համար չէր: «Ասում էին` Գէորգ, ինչի՞ ես ուզում ծառայել, ասում էր` ինչի՞, ես իմ հայրենիքի համար եմ ծառայում: Երբ լսում էր, որ հիւանդութեան պատճառով բանակից ազատւում են, ասում էր` ինչի՞ են ուրախանում, որ իրենց էրեխէքը հիւանդ են, աւելի լաւ չի՞ գնան ծառայեն, թէկուզ զոհուեն հայրենիքի համար: Էդ խօսքերը չեմ կարողանում մոռանալ», ասում է Վեներա Սաղաթելեանը:

Գէորգը Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջն աւարտելուց յետոյ ընդունուել էր ԵՊՀ (Երեւանի Պետական Համարսարան- Թ․): Մաթեմատիկան ու ֆուտբոլը նրա նախասիրութիւններն էին:

Տատը` Նեռա Գրիգորեանը, ժամանակին մաթեմատիկայի ուսուցչուհի է եղել, եւ Գէորգի թալիսմանն էր: Մէկ այլ մասնագէտի մօտ մէկ տարի մաթեմատիկա պարապելիս թոռը տատին միշտ խնդրում էր պարզապէս իր կողքին նստել, ու այդ դէպքում, ասում էր, ամենադժուար լուծուող խնդիրներն էլ հեշտ են թւում: Բանակ գնալուց առաջ էլ Գէորգը մօրը խնդրել էր պահել բոլոր տետրերը, որոնք իրեն գուցէ պէտք կը գան յետոյ: Տիկին Վեներան լրագրասեղանին է դնում տետրերը, որոնք այսօր նրանց համար մասունքների պէս են:

Երբ ԵՊՀ ընդունուածների ցուցակները կախել էին, Գէորգն արդէն բանակում էր: Զօրակոչուել էր 2020 թ․ յուլիսի 17-ին: Ծնողները մէկ կիսամեակի ուսման վարձը վճարել էին` մտածելով, թէ գուցէ բանակից վերադառնալուց յետոյ վարձը բարձրանար եւ չտարածուէր Գէորգի վրայ: «Յետոյ թղթերը հետ վերցնելիս նոյն ցաւն ապրեցինք: Շատ դժուար էր», նկատում է մայրը:

Գէորգն սկզբից ծառայում էր Կապանում, ապա Որոտանի (Ղուբաթլու) զօրամասում: Երբ պատերազմն սկսուել էր, Ջրականում (Ջաբրայիլ) զօրավարժութիւնների էին: Այդ օրը վաղ առաւօտեան հայրը` Աշոտ Սաղաթելեանը, պատրաստւում էր աշխատանքի գնալ (նա արհեստաւոր էր` վերանորոգման աշխատանքներ էր անում), երբ իմացաւ պատերազմի մասին, այդ մասին յայտնեց կնոջը: «Չիմացանք, թէ ինչ կատարուեց մեզ հետ», նկատում է Վեներա Սաղաթելեանը:

Գէորգը, Ջրականում թէժ մարտերի մէջ լինելով, ընտանիքից թաքցնում էր: Ամէն օր տնեցիներին զանգում էր թէկուզ մէկ րոպէով, ասում էր` լաւ է, ինքը երկու ամսուայ ծառայող է, իրեն ո՞վ պիտի տանի առաջնագիծ: Մինչդեռ հէնց ռազմաճակատից էին զանգերը: Մօտ երկու շաբաթ անց Գէորգենց իջեցրել էին զօրամաս` երկու օր հանգստանալու: Այդ ժամանակ նա հօր հետ խօսելիս ասել էր, որ հոկտեմբերի 15-ին իրենց Ջրական են տանելու:

Հոկտեմբերի 14-ի գիշերը հայրը ճանապարհ էր ընկել որդու մօտ: Կնոջն ու մօրը բարձր տրամադրութեամբ հրաժեշտ էր տուել` ասելով, թէ անպայման հետ է գալու: Կինն ասում է` կարծես, հարսանիքի էր գնում: Յաջորդ օրը Աշոտ Սաղաթելեանն արդէն որդու մօտ էր` նոյն զօրամասում կամաւորագրուել էր եւ զէնք ստացել: Գէորգենց դասակն ուրախացել էր նրա գնալով` ասելով, թէ «Աշոտ ձեաձեան եկել է, իրենց հետ ամէն ինչ լաւ կը լինի»:

Հոկտեմբերի 15-ի երեկոյեան Աշոտ Սաղաթելեանը զանգել էր եղբօրն ու ընկերոջը, իսկ ժամեր անց որդու հետ զոհուել է նոյն տեղում: Դէպքը տեղի է ունեցել Ջրականի եւ Հադրութի միջեւ ընկած տարածքում: ԱԹՍ-ի (անօդաչու թռչող սարք) ռումբի պայթիւնից զոհուել էին 7 հոգի, որոնց թւում` իրար կողքի գտնուող հայր եւ որդի:

Աշոտի եղբայրը` Վարդանը, նշում է, որ երբ հրաման էին տուել Գէորգենց Ջրական տանելու, հրամանատարը չէր ցանկացել, բայց կորպուսի հրամանատարը զանգել էր գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանին` զեկուցելով, որ հրամանը չի կատարում: Վերջինս, ըստ Վարդանի, պատասխանել էր` նստեցրու:

Տիկին Վեներան նկատում է, որ երբ հրամանատարը դիմել էր զինուորներին, թէ ով ինքնակամ կը գնայ առաջնագիծ, մօտ 20 զինուոր է արձագանքել, որոնցից մէկը Գէորգն էր:

Վարդանը եղբօր որդու երկու լուսանկարներն է ցոյց տալիս` մէկում դեռ նոր էր զօրակոչուել, միւսում` պատերազմի ժամանակ: Եւ դա Գէորգի վերջին լուսանկարն է:

-Նայէք, տարբերութիւնը տեսէք,- ասում է հօրեղբայրը:

-Գէորգի քոլեջի դասախօսներից մէկը, այս նկարը տեսնելով, ասել էր․ Գէորգիս պայծառ աչքերն ո՞ւր են,- աւելացնում է տիկին Վեներան:

Հարս եւ սկեսուր դէպքի մասին իմացել են երկու ամիս անց` դեկտեմբերի 17-ին, երբ գտել էին մարմինները:

Տիկին Նեռան ասում է` հոկտեմբերի 15-ին հարազատների հետ խօսելուց յետոյ հանգիստ քնեցին, այնինչ նրանք արդէն չկային:

Երեք օր անց` հոկտեմբերի 18-ին, Աշոտի հեռախօսից զանգ էր եկել նրան, բայց արագ անջատել էին հեռախօսը: Երբ հետ էր զանգել, պատասխանել էին ադրբեջաներէն: Հասկացել էր միայն «օղլի» (տղայ) բառը, ինքնազգացողութիւնը վատացել էր, հեռախօսը ձեռքից ընկել էր: Զանգից յետոյ մտածում էին նաեւ, թէ Աշոտը գերի է ընկել: Բայց տիկին Նեռան ասում է, թէ Աշոտը գերի ընկնող չէր: «Մինչեւ Գէորգի բանակ գնալը Աշոտը նստեցնում էր տղային, խորհուրդներ տալիս, ասում էր` նայի, յանկարծ պատերազմ կը լինի, գերի ընկնելու բան կը լինի, չընկնես, կարողանում ես` խուսափիր, չէ` ինքնասպան եղիր», պատմում է Նեռա Գրիգորեանը:

Անորոշութեան երկու ամիսներին հարս ու սկեսուր նոյն հարցն էին տալիս Վարդանին` լաւ կը լինի՞, կը գտնուե՞ն հայր ու որդի, ինչին Վարդանը միշտ պատասխանում էր` հա, բա ոնց, թէեւ դէպքի յաջորդ օրը նա արդէն գիտէր, թէ ինչ է եղել, տոմս էր գնել ու Ռուսաստանից հասել Հայաստան: Վարդանը Գէորգի հրամանատարներին խնդրել էր, որ եթէ յանկարծ տնեցիները զանգեն, ցանկանան լուր իմանալ, ասեն, թէ տղաները ցրուել են, փախել անտառներով: Այդ ընթացքում նա երկու ամիս շարունակ որոնում էր Աշոտի ու Գէորգի մարմինները: Ասում է` մինչեւ 100 տոկոս չիմանար, չգտնէին մարմինները, չէր ասի եղելութիւնը:

Տիկին Վեներան պատմում է, որ 10 օր յետոյ ինքն արդէն հասկանում էր, թէ ինչ է եղել: Այդ օրերին երազ էր տեսել` ամայի դաշտում երկու մեծ սեւ գերեզմանաքար:

Դեկտեմբերի 17-ին արտերկրից հարազատներն արդէն Երեւանում էին: Երբ բոլորը միասին Վարդանի հետ տուն էին մտել, տիկին Նեռան ու Վեներան հասկացել էին կատարուածը:

-Ես հարցրի Վարդանին` ո՞ր մէկն է, Վարդան,- ասում է տիկին Վեներան` հազիւ լսելի ձայնով,- ասաց` երկուսը:

Ձայնը կտրւում է: Ուժեղ ամպրոպի պէս է դա, եւ մենք լռում ենք: Սենեակում խուլ հեկեկոցի ու լացի ձայն է: Ցաւն այս ընտանիք է մտել, եւ այլեւս դուրս չի գալու:

-Որ հերոս Ալբերտին բերել էին Մասիւի եկեղեցի, Աշոտն ասեց` Վեներա, արի գնանք, մեր երեխան ա, զոհուել ա, ի՞նչ տարբերութիւն: Վեր կացանք, գնացինք` չիմանալով, որ մի քանի օր յետոյ․․․ Մի քանի տեղ գնացինք միասին զոհուած էրեխեքի համար,– նշում է տիկին Վեներան:

Տիկին Նեռան ասում է, թէ մինչեւ հիմա գլխից դուրս չեն գալիս Գէորգի բառերը, երբ պատերազմի ժամանակ խօսելուց ասել էր` «Տատ, ինչ էլ որ լինի, իմացիր, որ քեզ շատ-շատ եմ սիրում»: «Ինչ էլ որ լինի»,- տխուր կրկնում է տատը:

Գէորգի մանկութեան ընկերը սրտի մօտ դաջուածք է արել` «Հայաթն եմ, իջիր»: Դա ընկերների սիրուած խօսքն էր:

-Կա՞յ մի հարց, որ Ձեզ տալիս էք,- դիմում եմ այրիացած որդեկորոյս մօրը:

-Ես ամէն օր նոյն հարցն եմ տալիս` ինչի՞ սենց եղաւ,- պատասխանում է նա ու էլի լռում:

Հգ․

 Գէորգ եւ Աշոտ Սաղաթելեանները յետմահու պարգեւատրուել են Մարտական ծառայութեան մետալով:

Լուսանկարները` Սաղաթելեաններու ընտանեկան արխիւէն, Յակոբ Պօղոսեանի