Հինգ Եղբայր` Հինգն Էլ Հայրենիքի Պաշտպան


Լուսինէ Զաքարեան

Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտօնաթերթի խմբագիր

Յիրաւի, մեր օրերում քիչ են այն ընտանիքները, որոնց բոլոր զաւակները ծառայում են Պաշտպանութեան բանակի շարքերում: Արցախի Հանրապետութեան Մարտունու շրջանի Գիշի գիւղի բնակիչներ Արտիւշայ եւ Մելանիա Աւագիմեանները եզակի ծնողներից են, որոնց հինգ որդիները ծառայում են հայոց բանակում:

«Բաւական չէ միայն իր ազգի զաւակը լինել, պէտք է նաեւ նրա հրաշունչ զինուորը լինել», նժդեհեան այս խօսքերը կարծես հէնց նրանց համար է ասուած:

Որդիներից աւագը` Անդրանիկը, փոխգնդապետի կոչումով ծառայում է Մարտակերտի N միաւորումում, իսկ Արթուրը` կրկին փոխգնդապետի կոչումով, ծառայում է Մարտակերտի N զօրամասում: Միւս որդիները` Արայիկը, Արկադեան եւ Ալեքսանդրը ծառայում են ՊԲ տարբեր զօրամասերում:

Ապրիլեան դիմակայութեան ժամանակ նրանք` 5 եղբայրներով, եղել են առաջնագծում, իսկ Անդրանիկ ու Արայիկ եղբայրները մասնակցել են նաեւ Արցախեան պատերազմին, ասել է թէ` հասցրել են վառօդի հոտը զգալ դեռեւս այդ տարիներից: Նրանք իրենց հօր` արցախեան գոյապայքարի մասնակից Արտիւշայ Աւագիմեանի արժանի զաւակներն են, ով 1992ից գիւղի տղաների հետ մասնակցել է մի շարք մարտերի եւ 2 անգամ վիրաւորուել. առաջին անգամ ոտքից` ստանալով հրազէնային վիրաւորում, իսկ միւս վիրաւորումը` նռնականետից:

Ընտանիքի հայրն անմասն չէր մնացել նաեւ ապրիլեան իրադարձութիւններից, նա, չնայած պատկառելի տարիքին, չէր ցանկանում ետ մնալ որդիներից. ազատամարտիկ հայրն այդ օրերին իր համար անելիք էր գտել: Նրան կրկին հայրենիքն էր կանչում: Արտիւշայ Աւագիմեանը ցաւով է նշում, որ 2016ի Ապրիլին չկարողացաւ մասնակցել մարտական գործողութիւններին, բայց կարողացել է օգտակար լինել ինժեներական աշխատանքներում` 2րդ գծում:

Որդիները ծնողներից սովորել են, որ հայրենասիրութիւնն ամենաառաջնայինն է: Մեր զրոյցի ժամանակ որդիներից Արթուր Աւագիմեանը, ով ծառայում է Մարտակերտի զօրամասում, հպարտութեամբ էր խօսում հօր անցած ուղուց.«փորձել եմ նմանուել հօրս: Նա, լինելով գիւղի կամաւորական ջոկատում, 1992 թուականից մասնակցել է Արցախեան գոյամարտին, եւ իմ հոգում բուն է դրել  մի սկզբունք, որ պէտք է շարունակեմ հօրս սկսած գործըէ:

Մարտակերտում ծառայող Աւագիմեանների աւագ եղբայրը` Անդրանիկը, կրկին խօսեց հօր հայրենասիրութիւնից եւ իրենց դաստիարակութիւնից, որով եւ առաջնորդուել են իրենք, եւ դեռ շարունակում են առաջնորդուել: Արայիկ Աւագիմեանն առանձնակի ակնածանքով է խօսում հօր մասին: Նա ասաց, որ Արցախեան պատերազմի ժամանակ տեսել են ազատամարտիկ հօրն ու իրենց մէջ սերմանուել է այն, որ պէտք է հայրենիքի համար անել ամէն ինչ, որպէսզի իրենց երեխաներն ապրեն ու մեծանան խաղաղ պայմաններում: Իսկ փոքր եղբայրը` Ալեքսանդրը, ով ծառայում է Մարտունու զօրամասերից մէկում, առաջնորդւում է ազատամարտիկ  հօր, զինուորական եղբայրների պատգամներով: Եւ պատահական չէ, որ 5 եղբայրներն էլ նախընտրել են զինուորական լինել, քանզի նրանք սուրբ գործ են կատարում` հայրենիք են պաշտպանում, իսկ օրհասական պահերին, նետւում են առաջնագիծ` պաշտպանելու իրենց փայփայած եւ այդքան թանկ հայրենիքն ու նրա սահմանները:

Ինչպէս տղաներն են ասում` հինգ եղբայրներով ծառայելը հպարտութիւն է: Փոքր եղբայրը` Ալեքսանդրը, հպարտ է, որ նման եղբայրներ ունի, եւ որ զինուորական են, ու իրենց ասում են` Աւագիմեան եղբայրներ: Ալեքսանդրը նոյնպէս լաւ զինուորական է, իր գործի գիտակը, հրետանաւոր է, եւ քաջ գիտակցում է, որ հայրենիքը պէտք է պաշտպանել` ինչ գնով էլ լինի:

Աւագիմեան եղբայրները նուիրուած են իրենց ծառայութեանը, հայրենասէր են, ազնիւ ու պարկեշտ, բարեխիղճ, ունեն բարձր պատասխանատուութիւն:

Աւագիմեան եղբայրներն ուրախանում են մէկը միւսի ծառայողական յաջողութիւններով: Փոխգնդապետ Արթուր Աւագիմեանի խօսքով` հօր դաստիարակութեան շնորհիւ են հասկացել, թէ ինչ է եղբայրութիւնը. «Հայրս միշտ ասել է, որ լինենք միասին, լինենք ամուր: Յիշում եմ` փոքր ժամանակ նա ցախաւելի պատմութիւնն էր պատմում եղբայրներիս, որ ցախաւելի մի փայտն աւելի շուտ է ջարդւում, քան խուրձով ցախաւելը… Եւ մինչ օրս առաջնորդւում ենք այդ կարգախօսով` եղբայրութեան մէջ մէկս միւսին յարգելով, մէկս միւսից խորհուրդներ հարցնելով, մշտապէս համագործակցելով մէկս միւսի հետ` զանգահարելով, հաւաքուելով, խորհրդակցելով կառուցում ենք մեր կեանքը: Ի հարկէ, մեծ եղբօրս աւելի շատ ենք դիմում, քանզի ինքն աւելի կիրթ է, աւելի գրագէտ, սակայն բոլորս էլ միասնական ենք, մէկ բռունցք»: Արթուր Աւագիմեանը նուիրուած զինծառայող է:

Մայրը` Մելանիա Աւագիմեանը, հպարտ է իր զինուորական որդիներով: Նման որդիներով կը հպարտանայ ցանկացած մայր, սակայն տիկին Մելանեան հպարտութեան հետ մէկտեղ, համոզուած է, որ որդիները բարեխղճօրէն են կատարում իրենց պարտականութիւններն առ հայրենիք: Նա հէնց ինքն է յորդորում որդիներին, որ հայրենիքը թանկ է եւ պէտք է այն պաշտպանել: Տիկին Մելանիան հպարտ է նաեւ իր թոռներով, նա ունի 17 թոռ, աւագ թոռը` Մհերը, այս տարի ամրանը կը զօրակոչուի բանակ, իսկ տատիկը վստահ է, որ նա կը լինի լաւագոյն զինուորներից մէկը եւ բարձր կը պահի հօր, հօրեղբայրների ու բոլորի պատիւը: Իսկ թոռներից Գոռը` Արթուր Աւագիմեանի որդին, ով բնակւում է Մարտակերտում, տաղանդաւոր պատանի է: Նա ակտիւօրէն մասնակցում է քաղաքում կազմակերպուող մշակութային եւ կրթական միջոցառումներին, վարում է նաեւ մշակոյթի տան կազմակերպած միջոցառումները: Նա եւս հայրենիքի վաղուայ պաշտպանն է լինելու, որով հպարտանալու են նրա ծնողները, հօրեղբայրները եւ պապիկն ու տատիկը:

Նրանք այն զինուորականներից են, որոնք անձնուիրաբար են ծառայում մեր բանակում, իսկ  նրանք համեստօրէն են կատարում ամենանուիրական ու սուրբ գործը:

Աւագիմեան եղբայրներին բարի ծառայութիւն ենք մաղթում, եւ ասում, որ խաղաղ լինի ձեր ամէն մի մայրամուտը եւ լուսաբացը, քանզի դուք եւ ձեր նմանները թանկ են ազգի եւ բանակի համար: