Ուրիշ Ի՞նչ Տեղեր Կարելի Է Տեսնել Հայաստանում․ Թռչկանի Ջրվէժ


Արմինէ Թորիկեան


Հայաստանը իր բնութեան գրկում ունի թաքնուած, գեղեցիկ վայրեր: Թռչկանի ջրվէժը Հայաստանի բնութեան ամենագեղեցիկ հրաշալիքներից մէկն է: Նա գտնւում է Շիրակ եւ Լոռու մարզերի սահմանին, արդիւնքն է Չիչխան գետի որը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հիւսիս արեւելեան լանջերից, եւ ունի շուրջ 24մ բարձրութիւն:

Երկու ձեւ կարելի է վայելել ջրվէժը՝ մէկը այն որ մեքենայով  գնաք մինչեւ գետի ափը ու այնտեղից ոտքով անցնէք գետը ու հասնէք ջրվէժին, երկրորդը այն, որ քայլէք շուրջ 2 ժամ ու վայելէք նաեւ շրջակայ բնութիւնը:

Եթէ ձեզ համար հաճելի է քայլել բնութեան գրկում ապա վարորդից խնդրէք, որ նախքան ջրվէժ, սարից բխող յայտնի աղիւրի մօտ իջեցնի ձեզ: Աղբիւրից մինչեւ ջրվէժ շուրջ 2 ժամ քայլագնացութիւն է: Ճանապարհից մոլորուելու մտահոգութիւն պէտք չէ ունենալ, քանի որ արահետը շատ պարզ ու յստակ է եւ բացի ջրվէժ ուրիշ տեղ հասնելու հաւանականութիւն չկայ:

Հողոտ արահետը անցնում է հսկայական բլուրների ու սարերի միջով: Բնութեան երանգը հիանալի է, մի տեղ ծառաշատ բլուր է  ու անմիջապէս յետոյ դեղնագոյն հասկերով լանջն է գրաւում ուշադրութիւնը: Մի բլուրի վրայ իրարից հեռու աճել են բարակ ու նորատունկ ծառեր, իսկ միւս սարալանջը ծածկող խիտ կանաչ ծառերը: Բնութեան զանազան կանաչ ու դեղին երանգներից երկինքը առաւել կապոյտ է երեւում:

Ամենահիանալին լռութիւնն է: Առօրեայում չենք էլ նկատում, որ մեր լսողութիւնը օրուայ մէջ դադար չի ունենում: Մեր զանազան զգայարանները կարող ենք չօգտուել ու հանգստանալ իսկ մեր լսողութեան համակարգը անընդհատ ձայների յարձակումների տակ է: Թռչկանի ջրվէժի ճանապարհին  կատարեալ լռութիւն է ու այդ ժամանակ զգում ենք,  թէ մեր լսողութիւնը ինչպէս է ախտահանւում առօրեայ ձայներից:

Ջրվէժին մօտենալը զգում ենք, երբ հեռուից լսում ենք ջրի թափուելու խուլ ձայնը ու քիչ յետոյ վերից տեսնում ենք այն: Ձեզ ուղեկցող մեքենան կը տեսնէք գետի ափին կանգնած, մեքենաները դրանից աւելի առաջ չեն կարող գնալ:

Ջրվէժին հասնելու համար պիտի քայլելով անցնել գետը: Հանեցէք ձեր կօշիկներն ու գուլպաները ու քայլելով անցէք գետը: Քանի որ մեր փափկասուն ոտքերը սովոր չեն ջրի մուռի ու սուր քարերի վրայ բոբիկ քայլելու, ես կ՛առաջարկէի, որ ձեզ հետ ունենաք մի զոյգ հին կօշիկներ որ գետը անցնելուց օգտուէք, դա ձեր ոտքերը կը պաշտպանի սուր քարերից ու չէք սայթաքի ջրի մուռով ծածկուած քարերի վրայ: Ջրվէժից առաջացած գետի հոսանքը ուժեղ չէ  ու նաեւ խորքը մինչեւ ձեր ծունկերը կը հասնի: Բայց ունեցէք ուսապարկ որպէսզի ձեր կօշիկները տեղադրէք մէջը: Աւելի ապահով է, որ ձեր ձեռքերը լինեն ազատ քան պայուսակով բեռնուած:

Հիանալի զգացողութիւն է, երբ դիմացից նայում ենք 24մ բրձրութիւն ունեցող ջրվէժին: Ջրվէժը թափւում է հսկայական ժայռակտորների վրայ ու մաքուր ջրի կաթիլներով ողողում իր շուրջ բոլորը: Ուրեմն հանրաւոր չէ չթռջուել եթէ մօտենալու էք ջրվէժին:

Չիչխան գետը հարուստ է եղել Կարմրախայտ ձուկով: Ձուադրման շրջանում ձկները լողում են գետի հակառակ հոսանքին: Ասում են, թէ մի օր գիւղացիները ականատես են եղել, թէ ինչպէս Կարմրախայտ ձկները գետի հոսանքի հակառակ լողալով հասնում են ջրվէժին ու թռչում մօտ 24մ բարձրութիւն ունեցող ջրվէժի վրայով: Այդտեղից էլ ջրվէժը անուանում են Թռչկան:

Ջրվէժի հետեւում կայ փոքրիկ քարայր: Սքանչելի տեսարան է, երբ կանգնած էք քարայրում եւ այնտեղից նայում էք բաձրութիւնից թափուող ջուրին եւ զգում ջրի զօրութիւնը: Կարելի է ունենալ լողազգեստ կամ աւելորդ շապիկ, քանի որ ջրվէժի հետեւը անցնելուց լրիւօրէն թռջուելու էք:

Հաճելի է, եթէ խմբով էք մասնակցում քայլագնացութեան, կարելի է կապուել քայլագնացութեան թուրերին Facebookով կամ google անելով գտնել խմբեր:

Ամբողջ օրը կարելի է անցկացնել այդ հիանալի բնութեան գրկում ու վայելել թէ՛ ջրվէժը, եւ թէ՛ շրջակայ բնութիւնը: Ձեր յաջորդ այցին մի փախցրէք այս գեղեցիկ տեսարժան վայրը: